
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է հաջորդ տարվա փետրվարի մեկից էլեկտարէներգիայի միջին սակագինն ավելացնել 4.7 դրամով։ Սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել ու պարզել են, որ գործող սակագինը պահպանելը ֆինանսական ճեղքվածք կառաջացնի։ 2021-ի էներգետիկ դժվարությունները գինը համակարգի համար շուրջ 24 մլրդ դրամ է։ Հանձնաժողովը սակագնի տարբերակված բարձրացում է առաջարկում ՝ նախատեսելով, օրինակ, սոցիալապես բաժանորդների համար սակագինն անփոփող թողնել, իսկ բնակիչ բաժանորդների կեսից ավելի համար հոսանքի գինը թանկացնել 1․5 դրամով։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է էներգետիկ համակարգում առկա իրավիճակն ու եկել եզրակացության, որ գործող սակագները պահպանելու դեպքում 2022–ին համակարգի ֆինանսական ճեղքվածքը կկազմի 23.8 մլրդ դրամ ։ Դրան հանգեցրել են մի շարք առանցքային գործոններ՝ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը և մանրամասնում՝ ընթացիկ տարվա ընթացքում ՀԷՑ–ն ավելի շատ հոսանք գնել է ոչ թե ատոմակայանից, այլ՝ ՋԷԿ–երից։ Ատոմակայանը 2021-ին նախորդ տարվա համեմատ 37 տոկոսով պակաս հոսանք է արտադրել։
«Գործոններից մեկը էլեկտրաէներգիայի սպառման կառուցվածքն է։ Ամեն տարի այն էապես փոխվում է, էական ազդեցություն է թողնում։ Եթե գործող սակագները չփոխենք, ապա 23․8 մլրդ դրամ ֆինանսական ճեղքվածք կառաջանար։ Սպառողի վրա այնքանով կանդրադառնար, որ նորմալ , հուսալի էլեկտրամատակարարում հնարավոր չէր լինի ապահովել»։
2021թվականի ընթացքում ՀԱԷԿ–ը սովորականից ավելի երկար չաշխատեց։ Իսկ ատոմակայանն ամենաէժան հոսանք արտադրողն է մեր երկրում։ Բացի դրանից՝ իր աշխատանքը դադարեցրեց նաև Հրազդանի ՋԷԿ–ի հինգերորդ բլոկը։ Արցախից էլ ակնկալվող 330 մլն հոսանքը չհասավ Հայաստան չհասավ։ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը արձանագրում է՝ էներգետիկ համակարգի համար տարին բարդ էր, բայց ոչ ճգնաժամային։
«Պետք է Արցախից ստանայինք 330 մլն կվտ, մոտ 410 մգՎտ պակասել է ատոմակայանից, չկա նաև Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը։ Վերջին 20 տարիներին նման պայմաններ չեմ հիշում»։
Դեռ 2018 հունիսին ՀԾԿՀ–ը ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար ՌԴ-ից վերցված 270 միլիոն դոլար վարի մարումը ներառեց էլեկտրաէներգիայի սակագնի մեջ։ Սա նույնպես ունեցավ իր ազդեցությունը։ Արդյունքում՝ էներեգտիկ համակարգում հնարավոր խնդիրներից խուսափելու համար Հանձնաժողովն առաջարկում է սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4.7 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն): Հանձնաժողովում, սակայն, սակագների տարբերակված մոտեցում են առաջարկում։ Օրինակ՝ սոցիալապես անապահովների կամ բնակիչ-բաժանորդների 11%-ի համար առաջարկվում է սակագինը թողնել անփոփոխ։ Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյան
«Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագներն ավելացնել 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Ցերեկային սակագինը 44․98 դրամից կդառնա 46․48 դրամ։ Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագներն առաջարկվում է ավելացնել 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Ցերեկային սակագինը 44․98 դրամ, 48․40, գիշերայինը՝ 10 դրամ էժան։ Մնացած սպառողների համար սակագներն ավելացնել 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Ցերեկայինը՝ 47․98 դրամ, Նոր գինը՝ 53,48 դրամ, գիշերայինը՝ 10 դրամով էժան»։
Էներգետիկ փորձագետ Ստեփան Պապիկյանը կարծում է, որ նման իրավիճակներից խուսափելու համար պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել վերականգնվող էներգետիկան զարգացնելու ուղղությամբ, ապա՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել էներգախնայողության խնդիրներին։ Մասնագետի դիտարկմամբ՝ էներգետիկայի շուկայի ազատականացումը կփոխի իրավիճակը
«Տվյալ անձնավորությունը էլեկտրաէներգիա վաճառելիս ինքը կորոշի, թե ում է այն վաճառելու։ Ավելի ճկուն է կարողանում կազմակերպել էլեկտրաէներգիայի վաճառքը»։
Հայաստանում ներքին շուկայի սպառման համար տարեկան արտադրվում է 6․4 մլրդ կիլովատ ժամ հոսանք։ ՀՀ կառավարությունը նպատակ ունի մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ հասցնել 10%-ի, ինչը նշանակում է, որ կունենանք 1.2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրանք արևային կայաններից։




