
Արմավիրի մարզի նորակոչիկները բանակ՝ ծառայության են մեկնել Էջմիածնի զինկոմիսարիատից: Տրամադրությունը՝ բարձր, ոգին՝ մարտական. տղաները գիտեն, որ հայրենիքը պետք է պաշտպանեն սիրով, նվիրումով, զենքով։
Էջմիածնի նախկին զինկոմիսարիատի բակը մարդաշատ է: Մարզի տարբեր բնակավայրերից այստեղ եկած նորակոչիկների հարազատներն սպասում են տղաներին, փակ դռներից այն կողմ՝ նրանք բժշկական վերջին հետազոտությունն են անցնում: ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Գագիկ Խաչատրյանը տեղեկացնում է՝ բանակ են զորակոչվում ծառայությանը պիտանի և առողջ պատանիները։ Նորակոչիկներից մեկը խնդիր ուներ.

«Տվյալ պատանու մոտ մաշկային ցան կար: Նա պետք է ևս մեկ անգամ լրացուցիչ հետազոտվի: Եթե նորակոչիկները հիվանդ են, ջերմություն ունեն, ապա չենք ուղարկում բանակ. լրացուցիչ հետազոտում ենք և պիտանի լինելու դեպքում՝ զորակոչում: Հաշվառման ընթացում նորակոչիկների մոտ տարբեր հիվանդություններ են հայտնաբերվել՝ սրտային, մաշկային, հոգեկան։ Լինում են այնպիսի հիվանդություններ, որոնք վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն ունեն, բուժվելուց հետո՝ դարձյալ մեկնում են ծառայության»:

Փոխգնդապետի խոսքով՝ բանակից առաջ տղաների հետ նաև հոգեբանական զրույցներ են վարում, գոտեպնդում են, ոգևորում և բարձր գիտակցությամբ ուղարկում հայրենիքը պաշտպանելու: Ամենամեծ ջերմություն տվողները ծնողներն են: Առատաշենից Հովհաննես Հովհաննիսյանի համար հայրենիքի պաշտպանի ամենավառ կերպարը հայրն է, բարձր տրամադրությամբ է ծառայության գնում.

«Տրամադրնությունս ընտիր է. ամեն ինչով պատրաստ եմ ծառայության»։
«Հոր պես պատրաստ է. ես երեք կռիվների եմ մասնակցել և մինչև հիմա էլ պատրաստ եմ պաշտպանելու հայրենիքս: Ես նրան այդ դաստիարակությունն եմ տվել՝ հայրենասեր»:
Արազափ գյուղից Անդրուշ Գրիգորյանն էլ է շարք կանգնել, քաղաքացիական հագուստը շուտով փոխարինելու է զինվորական համազգեստով։ Ասում է՝ պատերազմը փոխեց մարդկանց, բայց մի բան մնացել է անփոփոխ՝ հայրենիքի պաշտպանությունը բոլորի պարտքն է.

«Մեր պարտքը պետք է կատարենք հայրենիքի նկատմամբ: Մեր ծնողների, քույրերի ու եղբայրների համար ենք գնում: Մեր հողն է, պիտի պաշտպանենք ու հայրենիքին պարտքը տանք: Մեր եղբայրների կիսատ թողած գործը մենք հաստատ կավարտենք»:
Նորակոչիկներին բանակ ճանապարհելու էր եկել Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը: Խաղաղ ծառայություն՝ տղաներին, ու անսահման շնորհակալություն՝ նրանց ծնողներին. հավաքվածներին բարեմաղթանքներ հղեց նաև մարզպետը.
«Սիրելի՛ նորակոչիկներ, երկիրն այսօր ունի ամուր, հպարտ, քաջարի, հայրենանվեր զինվորի կարիք: Մաղթում եմ, որ ձեր ծառայությունն անցնի խաղաղ պայմաններում: Բանակի տարիները թող նպաստեն ձեր զինվորական գիտելիքների և հմտությունների կերտմանը: Շնորհակալություն եմ ձեր ծնողներին՝ որդիներին հայրենասիրական ոգով դաստիարակելու և զինվորական ծառայությանը պատրաստելու համար»:
Որդիներին ճանապարհող մայրերի շուրթերին մեկ բառ է՝ խաղաղություն։ Էջմիածնից Մելինեն առաջնեկին՝ Հովհաննես Դալլաքյանին է ճանապարհում: Մի քիչ հուզված է, բայց վստահ՝ տղան պետք է ծառայի.

«Որդիս պետք է ծառայի պատվով, հայրենիքը պաշտպանի, ու ինքը գիտակցում է՝ ուր է գնում, ինչու է գնում։ Ամենակարևորը՝ հայրենիքը պետք է պաշտպանի: Խաղաղ երկնքի տակ թող ծառայի, միայն թե պատերազմ չլինի»:
Ռաշիդին բանակ ճանապարհում են մայրը՝ Զիտան, հարազատները։ Ցանկությունը նույնն է.
«Ամեն դեպքում երկրին խաղաղություն եմ ցանկանում»։
«Անփորձանք ծառայություն եմ մաղթում։ Որ խաղաղություն լինի, լավ կլինի»։
«Միայն խաղաղություն թող լինի, ուրիշ ոչ մի բան պետք չէ»:
Որդիներին ճանապարհող մայրերը թող լինեն հպարտ ու միշտ ժպտան. դա ոգևորելու է սահմանին կանգնած տղաներին. ծնողներին դիմեց Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը.

«Ես գիտեմ, թե ինչ սրտով եք ձեր որդիներին բանակ ճանապարհում: Ուզում եմ, որ ձեր մայրական ոգին ուժ տա ձեր զավակներին, թող ձեր աչքերը չարցունքոտվեն, իսկ երկու տարի հետո ուրախության արցունքներով դիմավորեք ձեր որդիներին:Մեր նորակոչւիկներին ցանկանում եմ անամպ երկինք, խաղաղ ծառայություն: Աստված բորորի հետ ու պահապան մեր ազգին»:
Նորակոչիկները ոգեշնչված են. տեր են ու պաշտպան հայրենիքին։ Զորակոչի ավտոբուսները հավաքակայան ուղևորվեցին ծափահարությունների ներքո։




