
44–օրյա պատերազմում զոհված կապիտան Արթուր Խաչատրյանը հետմահու, ՀՀ նախագահի որոշմամբ՝ արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։ Մայրը՝ Հասմիկ Մելքոնյանը, ասում է՝ կուզեր, որ այս մեդալն էլ, նախորդների նման, Արթուրը անձամբ ստանար։ Նորագավիթի կենտրոնական փողոցում տեղադրված խաչքարն ու ցայտաղբյուրն այսուհետ կհիշեցեն Արթուրի մասին։ Արթուրը դեկտեմբերի 19 –ին կդառնար 32 տարեկան։
«Մենք այսօր առավոտյան ժամը 10–ին աղջիկներիս հետ գնացել էինք Եռաբլուր։ Նախընտրեցի մենակ գնամ։ Շնորհավորեմ։ Միլենաս՝ փոքրս, 3 տարեկան է, դուրս գալուց ասաց․ «Պապ ջան, ես քեզ շատ եմ կարոտել»։

Զրուցակիցս հերոս կապիտան Արթուր Խաչատրյանի կինն է։ Արթուրը կդառնար 32 տարեկան։ Այսուհետ Արթուրի կինն ու երեխաները հոր ծննդյան օրը սկսելու են «Եռաբլուր» այցելելով։ Կինն ասում է՝ իր ծննդյան օրը Արթուրը երբեք տանը չէր լինում, միշտ զորամասում էր։ Իսկ եթե գալիս էր, ապա շատ ուշ։ Մայրն էլ պատմում է, որ Արթուրը ավելի շատ սիրում էր աղջիկների ծնունդը նշել։
«Ծննդյան օրը կամ դիրքերում էր, կամ զորամասում։ Կնոջ,աղջիկների ծնունդը կարող էր մեծ շուքով տոնել, իրենը՝ ոչ․․․»։

Նորագավիթի կենտրոնական փողոցում խաչքարի վրայից սպիտակ սավանը իջեցնում է հերոսի եղբայրը։ Նա զինվորական է: Արմենն ասում է՝ եղբոր մահից հետո շատերն են խորհուրդ տալիս սահման չգնալ, զինվորական ծառայությունը թողնել:
«Որքան էլ ասեն՝ մեկ է, ես զինվորական եմ մնալու ու եղբորս կիսատ թողած գործը ավարտին հասցնեմ»։
Արթուրը ծառայում էր Հայաստանում, բայց պատերազմի առաջին օրը մեկնեց Արցախ։Արմենն եղբորը վերջին անգամ տեսավ Գետամեջ գյուղում։

«Իրար ձեռք սեղմեցինք՝ հույսով որ հաղթնակի լուրը միասին ենք տոնելու»։
Կինը՝ Ռուզաննան, հիշում է՝ օր առաջ ուզում էր հասնել եղբորը։ Հրամանատարն անգամ ասել էր, որ Արթուրը միայն կազմակերպի զենքի տեղափոխումը։ Բայց նա այդքանը բավարար չէր համարել, կամավորագրվել էր։ Անունը 5 անգամ ցուցակից ջնջել են, հետո իմացել էր ու նորից գրել տվել։
«Ես բալիկներիս հետ իրեն ճանապարհել եմ, շատ ուրախ։ Երբ դուրս եկավ տնից, երեխանեը եկան փաթաթվեցին վզով, ուզեցի դա նկարել, հետո ասացի՝ ի՞նչ եմ անում, հեսա կվերադառնա։ Ամուսնուս եղբայրը այդ ժամանակ Ջաբրայիլում էր։ Արթուրը ամեն ինչ արեց, որ ժամ առաջ հասնի եղբորը։ Ասում էր այնտեղ 18 տարեկաններ են, ու ճիշտ չի այստեղ մնալ»։

Արթուրը գերազանցությամբ ավարտել էր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետը, բայց երբեք իր մասնագիտությամբ չաշխատեց։ Ծնողներից գաղտնի՝ ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ու գնաց բանակ։ 7 տարի ծառայեց Մարտակերտում։ Քառօրյա պատերազմից առաջ Արթուրն ամուսնացավ, ու Ռուզաննայի հետ ապրում էին Մարտակերտում։
« Ամուսնացանք ու գնացինք Մարտակերտ։ Ապրիլյան պատերազմը երբ սկսեց, հղի էի։ Զանգեց ինձ, ասաց՝ ոնց ուզում ես, դուրս արի, ես չեմ կարող զորամասից գալ։ Ահավոր կրակում էին, ասացի՝ չեմ դուրս գալիս, ասաց՝ չէ, գնա, գոնե երեխուս բան չլինի։ Ինքը Արցախը շատ էր սիրում»։

Ապրիլյան պատերազմից հետո ծառայությունը շարունակեց Երևանում։ 2020 թ–ին Արցախը նորից կանչեց։ Առաջին օրվանից թիկունք-առաջնագիծ կապն էր ապահովում՝ ռազմամթերք, սնունդ, հագուստ էր հասցնում։ Արթուրի մորը՝ տիկին Հասմիկին, մարտական ընկերներն են պատմել, որ այդ օրը թշնամին շատ ինտեսիվ կրակել է, սպասել են մի քիչ հանդարտվի, որ հացով բեռնված մեքենան տղերքին հասնի։ Արթուրը, սակայն, չի սպասում կրակի դադարելուն, ու ընկերոջ հետ հացը տանում են տղերքին։ Վերադառնալու ճանապարհին թշնամու ԱԹՍ–ն հարվածում է Արթուրին ու ընկերոջը։
«Նա հայրենիքը մեզանից գերադասեց։ Հայրենիքը նրա համար անփոխարինելի էր։ Թուռնիկներս գիտեն թե իրենց պապան երկնքում, շատ հեռվում, աշխատում է։ Հպարտ եմ, բայց չէի ուզի որ զավակս զոհվեր, որ ես հերոսի մայր լինեի։ Ինքը միշտ իմ հերոսն է եղել, բոլոր համազգեստավոր տղաները հերոս են»։ Արթուր Խաչատրյանը հետմահու, ՀՀ նախագահի որոշմամբ՝ արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։ Մայրը՝ Հասմիկ Մելքոնյանը, ասում է՝ կուզեր մյուս մեդալների նման, այս մեկն էլ Արթուրն ստանար՝ անձամբ։




