ԿարևորՀասարակություն

Մարտունի համայնքից նորակոչիկների առաջին խումբը մեկնեց բանակ

2021 թվականի դեկտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել 2021-2022 թվականների ձմեռային առաջին զորակոչը:

Այն մեկնարկել է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային կառույցից: Զորակոչի արարողությանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որը բարեմաղթանքի խոսքեր է հղել նորակոչիկներին:

«Սիրելի նորակոչիկներ, շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի զինվորի բարձր կոչմանն արժանանալու համար: Վստահ եմ, որ դուք դաստիարակվել եք հայրենասիրական ոգով և պատվով կկատարեք ձեր առջև դրված պարտականությունները: Միաժամանակ վստահ եմ, որ այս նույն կազմով կհանդիպենք նաև երկու տարի անց, երբ ծառայությունն ավարտած կլինեք և հայրենիքին մատուցած ծառայության համար կպարգևատրվեք: Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ եմ մաղթում ձեզ»,- նշել է Կարեն Սարգսյանը:

Այնուհետև Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է նորակոչիկների օրհնության կարգ՝ գնդերեց արժանապատիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանի ձեռամբ: Արարողությունից հետո նորակոչիկներին բաժանվել են փոքրիկ կտակարաններ: Նորակոչիկների ծնողներն ու հարազատները հպարտությամբ և բարձր տրամադրությամբ են բանակ ճանապարհել իրենց զավակներին:

«Այսօր մեր համար առանձնակի օր է, քանի որ մեր զավակներին ճանապարհում ենք Հայոց բանակ: Թող մեր երկրի սահմաններում խաղաղություն տիրի, և նրանք պատվով ծառայեն ու վերադառնան իրենց հայրենի օջախներ»,- նշել են նորակոչիկների ծնողները: Գեղարքունիքի մարզում 2021-2022 թվականների ձմեռային հերթական զորակոչը կանցկացվի դեկտեմբերի 22-ին:

Կարդացեք նաև

Back to top button