ԿարևորՀասարակություն

Անահիտ Ավանեսյանը Մոսկվայում մասնակցել է Ռուս-հայկական առողջապահական համաժողովին

Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում` Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնում, մասնակցել է ռուս-հայկական առողջապահական ամենամյա` 6-րդ  համաժողովին։

Օրակարգում  երկկողմ գործակցության առաջընթացի ապահովմանն ուղղված, այդ թվում` COVID-19 համավարակի, բժշկական կրթության և մանկական օնկոլոգիայի ոլորտներին վերաբերող հարցեր էին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հանդիպում են  ունեցել`առկա համագործակցության քայլերի ընթացքը քննարկելու և փոխգործակցության նոր ուղիներ նախանշելու նպատակով:

Հայկական պատվիրակությունն այցելել է նաև  Բլոխինի անվան ուռուցքաբանության կենտրոնում տեղակայված  մասնաշենքեր, շրջել մանկական բաժանմունքում։

Ռուս-հայկական համաժողովի ընթացքում  համագործակցության երկու հուշագիր է ստորագրվել` ՌԴ Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ինչպես նաև Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև։

«Առողջապահության ոլորտում փոխօգնության և համագործակցության երկու երկրների ձգտումը չի կարող չուրախացնել։ Առանձնակի պետք է նշել  ռուս գործընկերների աջակցությունը Հայաստանի  առողջապահությանը հետպատերազմական շրջանում, ինչպես նաև համաճարակային լարված իրավիճակում»,-նշել է Անահիտ Ավանեսյանը։

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ևս ընդգծել է երկու երկրների արդյունավետ գործակցությունը և անդրադարձել համավարակի դեմ պայքարի ռուսական փորձին։

«Հաշվի առնելով այն վերափոխումները, որոնք սպասվում են այս ոլորտում` բժշկական օգնության համակարգի զարգացման առումով սպասում ենք ոչ թե քայլի, այլ իսկական թռիչքի», -նշել է Միխայիլ Մուրաշկոն։

Մոսկվա կատարած այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է նաև ռուսաստանաբնակ հայազգի անվանի բուժաշխատողների, առողջապահության ոլորտի գործիչների հետ, քննարկել Ռուսաստանում բնակվող ու գործող մարդկային, մասնագիտական հսկայական ներուժը Հայաստանի առողջապահության համակարգի զարգացման գործում ներդնելու հնարավորությունները։

Հանդիպմանը ռուսաստանաբնակ հայ բժշկական հասարակությանն են ներկայացվել ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով ուղենշված առողջապահությանը վերաբերող առաջնահերթությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել  ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր` ոլորտի առաջնահերթություն-մարտահրավերներին առավել հստակ և համապարփակ լուծումներ տալու նպատակով։

Back to top button