ԿարևորՔաղաքական

«Միջանցքի» հարցը` «ֆեյք» թեմա, Արցախի հարցը` դեռ չլուծված. միջազգային հանրությունը հակադարձում է Ալիեւին

Հետպատերազմյան շրջանում շատ է խոսվում ղարաբաղյան հակամարտության իբրև թե լուծված լինելու մասին, բայց Ղարաբաղի կարգավիճակը չի կարող լուծվել պատերազմական եղանակով։ Այս հայտարարությունն արել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության և լուծումների մասին խոսել է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ԱՄՆ-ում նա հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մասնավորապես, նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպումը եղել է արդյունավետ: Քննարկվել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգը:

Հակառակ հանգամանքին, որ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի նախագահը պարբերաբար հայտարարում է, թե լուծված է համարում ղարաբաղյան հակամարտությունը, և կարգավիճակի քննարկմանը վերադարձ չի կարող լինել, միջազգային հանրությունից և ԵԱՀԿ ՄԽ միջնորդներից եկող ազդակներն ու հայտարարությունները բոլորովին այլ բան են հուշում։

Դեռ դեկտեմբերի սկզբին ԵՄ անվտանգության քաղաքականության և արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին՝ ուղղված խաղաղության հաստատմանը։ Միջազգային «խաղացողները» ակնկալում են, որ կարգավիճակի հարցը կլուծվի հենց այդ ձևաչափում և շարունակում են կոչ անել ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը։

2016 թվականին այդ կառույցում ամերիկացի համանախագահի պաշտոնից հրաժարական տված Ջեյմս Ուորլիքն այսօր հայտարարում է․ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնային է, այն պատերազմով չի կարելի փակված համարել, և առանց կարգավորման անհնար է խոսել ամուր կայունության մասին»: «Ամերիկայի ձայն»–ին տված հարցազրույցում ամերիկացի դիվանագետն ասել է․

«Ղարաբաղյան խնդրում առավել կարևոր հարցը հենց կարգավիճակն է, և կարծում եմ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները շարունակում են այս հարցի կարգավորման ուղղությամբ կարևոր դեր խաղալ: Գիտեմ, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել բազմաթիվ հարցեր, սակայն հավատացած եմ, որ համանախագահողները, ԵԱՀԿ-ն և Միացյալ Նահանգները պետք է ակտիվանան եւ առաջ մղեն այս համընդհանուր խնդրի կարգավորումը մեկընդմիշտ: Միայն այս դեպքում մենք տարածաշրջանում կայունության կհասնենք»։

Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին առնչվող հարցում Հայաստանի իշխանությունները եւս կարևոր են համարում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի երկարաժամկետ լուծման ուղիների շուրջ քննարկումներ սկսելու հանգամանքը` իր հերթին նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ինչ սկզբունքով կարող են շարունակվել աշխատանքները նշված ձևաչափում՝ դեռ հստակ չէ։ Կարգավորման հիմքում դրված սկզբունքներից երկուսը՝ տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման իրավունքը 25 տարի իրար հակասեցին, բայց, Արմեն Գրիգորյանի համոզմամբ, հնարավոր է գտնել լուծում, եթե կա քաղաքական կամք:

«Այդ քաղաքական կամքը մենք ունենք և ակնկալում ենք, որ Ադրբեջանում ևս այդպիսի կամք կլինի, որպեսզի գտնվի երկարատև լուծում: Պատերազմից հետո շատ էր խոսվում, որ խնդիրը լուծված է, բայց արձանագրված է և՛ մեր, և՛ միջազգային հանրության կողմից, որ խնդիրը լուծված չէ: Մենք պիտի աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ»։

Տարածաշրջանում կայունությունն Ադրբեջանը պայմանավորում է Հայաստանի տարածքով այսպես կոչված «միջանցք» ստանալու ագրեսիվ հավակնություններով։ Մինչդեռ Հայաստանը, շահագրգիռ միջազգային կառույցները և հանրությունը բազմիցս արձագանքել են այս հայտարարություններին` հիշեցնում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

««Ֆեյք» քննարկում է։ Հայաստանը երբեք չի քննարկել «միջանցի» վերաբերյալ որևէ հարց։ Բրյուսելում որոշ չափով ևս մեկ անգամ հաստատվեց, որ նման թեմա չկա, դա «ֆեյք» թեմա է, որը բանակցությունների սեղանին չկա, բայց բանակցությունների սեղանից դուրս դա կա, և դա ազդում է բանակցային գործընթացի վրա»։

ՄԽ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքն առաջնային է համարում նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ուղիղ կապի ապահովումը, որը խաթարվել էր պատերազմից առաջ։ Մեկնաբանելով Փաշինյան-Ալիև հանդիպումները՝ Ուորլիքն ընդգծել է՝ կարեւոր է, որ կողմերը դեմ առ դեմ հանդիպեն, իսկ թե ինչ ձեւաչափով՝ երկրորդական հարց է:

Ամերիկացի դիվանագետն ասում է, որ գիտեն, թե ինչպես են ընթանում այդ հանդիպումները: Դրանք եզակի դեպքերում են միայն բեկումնային լինում: Իսկ հանդիպումները շարունակում են կազմակերպվել այն հույսով, որ առաջնորդների միջև ուղղակի երկխոսություն տեղի ունենա, որ նրանք ուղղակի միմյանց հետ անհամաձայնությունները քննարկեն, միմյանց հետ ուղիղ խոսեն: Միջազգային հանրության անունից Ուորլիքն ասում է, որ չեն ցանկանում մի իրավիճակ տեսնել, երբ միակ «կապը» զինված բախումներն են։

Կարդացեք նաև

Back to top button