ԿարևորՀասարակություն

Տոներին ընդառաջ հայ-վրացական սահմանային անցակետերը սկսել են գործել շուրջօրյա ռեժիմով

Այս տարի Վրաստանում հարևան երկրներից առավել մեծ հոսք սպասում են մասնավորապես Հայաստանից․ տոներին ընդառաջ Հայաստանի հետ սահմանային անցակետերը՝ Բագրատաշեն-Սադախլոն և Բավրա-Նինոծմինդան սկսում են գործել ամեն օր՝ շուրջօրյա ռեժիմով։

Սա կարևոր խթան է Վրաստանի տուրիզմի վերականգնման համար։ Ասում է Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների միության նախագահ Շալվա Ալավերդաշվիլին՝ նկատելով, որ  Հայաստանի քաղաքացիներն արդեն սկսել են Ամանորը Վրաստանում անցկացնելու համար նախատեսված փաթեթների ամրագրումները, թեև, ըստ նրա, դա անհամեմատելի է մինչև համավարակը եղած տվյալների հետ․

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս տարի հայ զբոսաշրջիկների թիվը Վրաստան կտրուկ նվազել է 2019-ի համեմատ։ Ալավերդաշվիլին հիմնական պատճառը համարում է կորոնավիրուսային սահմանափակումները․

«Ամանորն ավանդաբար հայերը նախընտրել են անցկացնել Թբիլիսիում։ Անցյալ տարի տուրիզմ Վրաստանում ուղղակի գոյություն չունեցավ։ Հիմա դեռևս համավարակի տարի է, մայիսից վերականգնվում է ոլորտը։ Արդեն կան ամրագրումներ նաև Հայաստանից, սակայն սա ընդամենը կաթիլ է ծովում․․․»։   

Այս պահին հարևանների հետ ցամաքային սահմանները դեռևս խիստ սահմանափակումներով են աշխատում, իսկ Հայաստանի հետ սահմանային երկու անցակետեր մի շարք կանոնակարգերով սկսել են գործել շուրջօրյա։ Սահմանները վերաբացելուց և անցյալ տարվա պատերազմից հետո առաջին անգամ է Վրաստանը Ամանորին հյուրընկալում է հարևաններին։

Ալավերդաշվիլիի խոսքով, Վրաստանում կոնֆլիկտներ չեն լինում, այլ խնդիրների լուծման ուղիներ են փնտրվում․ «Թբիլիսիում  մինչև պատերազմն էլ , կարծում եմ հիմա ևս նստելու ենք նույն սեղանի շուրջ։ Տարածվող լուրերը ռուսական քարոզչամեքենայինն է, թե վրացիները սկսել են կռվել ադրբեջանցիների կամ հայերի հետ։ Դա ապատեղեկատվություն է, մենք Կովկասն ենք, որտեղ Վրաստանը միշտ փորձելու է լինել կամուրջ հակասություն ունեցողների միջև»։

Նոր տարին նշելու համար այս տարի որ երկրներին են նախապատվություն տալիս Հայաստանի քաղաքացիները։

 «Ռադիոլուրի» հետ զրույցում ոլորտի հայաստանյան մասնագետներից, տուր օպերատոր Աննա Ղևոնդյանը շեշում է, նման դեկտեմբեր չի եղել մինչև համավարակը։ Արտագնա տուրիզմը ճգնաժամային վիճակում է, պատճառներն ըստ նրա, մի քանիսն են՝ հետպատերազմյան սթրես, քովիդի առկայություն, ինչպես նաև այս տարի ամանորյա ոչ աշխատանքային օրերի թվի կրճատումը․  

«Հայաստանի սահմաններում են հիմնականում նախընտրում հանգստանալ։ Շատ քիչ հարցումներ ունենք Եգիպտոսի ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Թիֆլիսին, թեև ունենք առաջարկների լայն տարբերակներ, բայց կարելի է ասել գրեթե չեն օգտվում»։ 

Ի դեպ Հայաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան թույլատրվում է PCR թեստի բացասական պատասխանով, պատվաստվածները ազատվում են լրացուցիչ թեստ հանձնելուց։ Երկրի ողջ տարածքում բազմաթիվ հաստատություններ մուտքը միայն «կանաչ անձնագրով» է։

Այսպես ասած «կանաչ կարգավիճակ» ունի այն անձը, ով երկու անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, համավարակի ընթացքում վարակվել է կորոնավիրուսով կամ վերջին 72 ժամվա ընթացքում PCR և 24 ժամվա ընթացքում արագ թեսթի բացասական պատասխան ունի։

Կարդացեք նաև

Back to top button