ԿարևորՀասարակություն

Բրյուսելում վերահաստատվել է երկաթուղու կառուցման որոշումը. Հայաստանը կկապվի Իրանի և Ռուսաստանի հետ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում վերահաստատվել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբաթ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը, կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ հիշեցնել, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող Հայաստան-Ռուսատան- Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որտեղ համանախագահում են երեք երկրների փոխվարչապետերը: Այս պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և Բյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը, ըստ էության, այս ամենն արձանագրվեց », — նշել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո: Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ադրբեջանը կապ կստանա Նախիջևանի ինքնավար հանրապեւթյան հետ:

Վարչապետի խոսքով՝ երկաթուղին ավելի մեծ մասշտաբներ կստանա, եթե հաջողվի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման արդյունքում հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը:

«Սա մի կարևոր պայմանավորվածություն է, հույս ունեմ, որ ճշգրիտ ձևով կիրագործենք, որը էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, իհարկե, նաև քաղաքական և անվտանգային միջավայրը»,- նշել է նա:

Կարդացեք նաև

Back to top button