ԿարևորՀասարակություն

Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը նվերներ է հանձնել Գավառի մանկատան սաներին

Հայաստանում ԱՄԷ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ եղել է Գավառի մանկատանը: 

Գավառի մանկատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Խանդանյանը եւ փոխտնօրեն Նիկոլայ Նալբանդյանը հյուրերին ծանոթացրել են մանկատան սաների կեցության, կրթության ու ժամանցի պայմաններին:

Դեսպանության ժամանակավոր հավատարմատարը , նախարարը եւ մարզպետը եղեն են մանկատան կարի, գորգագործական, թատերական եւ համակարչային խմբակներում, ճաշարանում, ննջասենյակներում ու դասասենյակներում, զրուցել մանկատան սաների եւ դաստիարակների հետ: Մանկատան ղեկավարների ներկայացմամբ՝ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ Գավառի մանկատանը խնամվում են 56 սան, որոնցից 44-ը դպրոցահասակներ են, մի մասն էլ բուհերի ուսանողներ են:

Գորգագործության ու կարի խմբակների սաների աշխատանքներն իրացվում են տարբեր առիթներով կազմակերպվող տոնավաճառներում, իսկ խմբակների սաները հիանալի են տիրապետում գորգագորությանն ու կարուձեւին, համագործակցում մասնագիտացված ընկերություններին:

«Մանկատան չափահաս դարձած սաների համար գործում են բնակարաններ ձեռք բերելու, բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստանալու տարբեր ծրագրեր, արվում է հնարավորը, որպեսզի նրանք գտնեն իրենց տեղը կյանքում »,-հավաստիացրել է մանկատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
Շրջայցի ավարտին մանկատան սաներին եւ դաստիարակներին ողջունել են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը եւ Հայաստանում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին:

«Ուզում եմ հավատացնել ձեզ, որ դուք գտնվում եք մեր ուշադրության ներքո: Մենք բոլորս ունենք պարտավորություն, միշտ պատրաստ ենք՝ այցելելու եւ լսելու ձեզ, համատեղ քննարկելու ի հայտ եկած խնդիրները եւ առաջարկությունները, անելու հնարավորը, որպեսզի ավելի հետաքրքիր ու բովանդակալից անցնի ձեր կյանքն այստեղ »,-նշել է նախարարը:

«Ես շատ ուրախ եմ ջերմ ընդունելության համար: Ամեն ինչ պարզապես տպավորիչ է: Նկատելի է այն հոգածությունը, որ պետական մարմինները եւ տնօրինությունը ցուցաբերում են մանկատան սաների հանդեպ: Ինչ խոսք, նման բարձրակարգ խնամքի, կրթության ու դաստիարակության պայմաններում այստեղից դուրս են գալիս ապագայի ձեւավորված մասնագետներն ու հասարակության համար միանգամայն պիտանի մարդիկ: Արաբական Միացյալ Էմիրություններն այսօր լայն աջակցություն է ցուցաբերում տարբեր երկրների խնամքի հաստատություններին, այդ թվում՝ Գավառի մանկատանը,մարդասիրական ձեռնարկները դարձնելով ռազմավարական հիմնական ուղղություն ու նպատակ: Այս անգամ տարեմուտից առաջ մեր նվերները ձմեռային հագուստներիտեսքով են, սակայն մենք շարունակելու ենք մեր հետագա առաքելությունը այլ կարգի օժանդակությունների տեսքով՝ համագործակցությունը պահպանելով նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ»,-նշել է Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին :

Այցի ավարտին պատվավոր հյուրերին գրական-երաժշտական կատարումներով ողջունել ենԳավառի մանկատան թատերական խմբակի սաները:


 

Կարդացեք նաև

Back to top button