
Պաշտոնական Երևանն ու Անկարան հայտարարում են՝ պատրաստ են հատուկ ներկայացուցիչներ նշանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երխոսության համար։
Հայկական կողմից տեղեկությունը հաստատել է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը։ Վահան Հունանյանը նշել է, որ Հայաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, ինչն արձանագրված է նաև Հայաստանի կառավարության ծրագրում։ Երևանն այս առումով դրական է գնահատում Թուրքիայի արտգործնախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ էր նման հայտարարություն արել։ Նաև նշել էր, որ առաջիկայում կգործարկվեն Երևան-Ստամբուլ չարթերային թռիչնքները։
Այսպիսով՝ առաջին քայլն անում է Թուրքիան, այն դեպքում, երբ 1993–ին, կրկին իր որոշմամբ, միակողմանի փակել էր Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանը: Միջազգային հանրության ճնշման տակ օդային սահմանը վերաբացվեց 1995-ին: Ցամաքային սահմանի վերաբացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում են Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները` Արցախյան հակամարտության և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ:
Հայ–թուրքական երկխոսության հերթական փորձից առաջ կողմերը նախապատրաստական աշխատանք են տարել։ Ո՞ւմ միջոցով է կապն ապահովվել և ի՞նչ ձևաչափով՝ ուղիղ շփումնե՞ր, Vaibe՞r, WatsA՞pp, թե՞ այլ տարբերակ։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը չի հստակեցնում, բայց հաստատում է․ «Սա գործընթաց է, որը սկսվել է ինչ–որ պահի, եղել է ընթացքում և ինչ–որ պահի Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարություն է տարածել, որը մեր ԱԳՆ–ն հաստատել է»։
Գործընթացի մասին հայտնի դարձավ շուրջ մեկ ամիս առաջ։ Նոյեմբերի 25–ին ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատեց՝ Հայաստանը դիմել է Մոսկվային Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդելու խնդրանքով: Մոսկվան խոստացավ աջակցել։
Հայաստանի կառավարության ծրագրում ամրագրված է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը։ Հարաբերություններ հաստատելու նախկին փորձերը և հենց այժմ այդ գործընթացը սկսելու մասին Թուրքիայի հայտարարությունը հաշվի առնելով՝ պաշտոնյաները պարզաբանում են հարցը, թե արդյոք հերթական փորձն ունենալու է կոնկրետ «գին» Հայաստանի համար։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ էդուարդ Աղաջանյանը խորհուրդ է տալիս դավադրություններ չփնտրել, պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ հերքում է «միջանցքի» թեման։
Էդուարդ Աղաջանյան ․ «Խոսքը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ սկիզբ դնելու մասին է։ Սա որևէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային և պետական շահերից»։
Անդրանիկ Քոչարյան․ «Չկա «թուրքական միջանցք»։ Ամեն օր այդ միջանցքի հետ կապված դուք ստանում եք հավաստիացումներ, որ միջանցքի քննարկվող թեմա գոյություն չունի։ Ուզում եք հազար անգամ ասեք»։
Թե ով կլինի հայ-թուրքական երկխոսության համար հայկական կողմից նշանակված ներկայացուցիչը, Անդրանիկ Քոչարյանն առայժմ չի բացահայտում։
Փորձագիտական գնահատականների համաձայն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից շահեր ունեն երկու կողմերն էլ։ Այս գնահատականն ընդունելի չէ դաշնակցական, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համար։
«Շատ ակնհայտ է, չէ՞, որ Թուրքիան, Ադրբեջանն այսօր թուլացած Հայաստանից ցանկանում են պոկել ամեն ինչ։ Եթե խոսքն առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին է, մենք բազմիցս ենք ասել, որ այդ դեպքում՝ այո։ Բայց ո՞ւմ հետ բարիդրացիություն, մի պետության, մի իշխանության, որն ուզում է ոչնչացնի՞ քեզ։ Դրա հետ ի՞նչ բարիդրացիություն»։
Սա այն հարցն է, որը 2009–ին Դաշնակցությանը ստիպեց առժամանակ լքել իշխանական կոալիցիան և պայքար սկսել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ։
Անկախ Հայաստանի պատմության էջերը հուշում են՝ իրականում Հայաստանի բոլոր ղեկավարներն իրենց պաշտոնավարման ժամանակ հարաբերությունների կարգավորման հարցով թուրք գործընկերների հետ առնվազն մի քանի շփում ունեցել են։ Որևէ բացառություն չի եղել։
1990-ականներին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անգամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր՝ առանց քաղաքական որևէ զիջման և առանց նախապայմանների պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
1992–ի հունիսի 14-ին Ռիո դե Ժանեյրոյում՝ բնապահպանական համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանի և Թուրքիայի վարչապետ Դեմիրելի հանդիպումը: Շուրջ 2 շաբաթ հետո նրանք նորից հանդիպել են Ստամբուլում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության եզրափակիչ հռչակագրի ստորագրմանը, իսկ օգոստոսի 23-ին Երևան է ժամանել թուրքական բարձրաստիճան պատվիրակությունը, և բարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունենում Հայաստանի ղեկավարների հետ:
1995 թվականի հոկտեմբերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՄԱԿ-ի 50–ամյակին նվիրված հոբելյանական հավաքի ընթացքում կրկին հանդիպել է Թուրքիայի նախագահ դարձած Սուլեյման Դեմիրելի հետ:
1998–ից ՝ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Հայաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են երկու անգամ։ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո Թուրքիայի պետնախարար Մեհմետ Ալի Իրտեմչելիկի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան ու մասնակցել խորհրդարանում գնդակահարված գործիչների հուղարկավորության արարողությանը:
Իսկ մեկ ամիս անց Ռոբերտ Քոչարյանն է մեկնել Ստամբուլ՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին և հանդիպել է Թուրքիայի նախագահ Դեմիրելին:
Դրանից հետո կապը շարունակվել է նամակագրությամբ։ 2005–ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Քոչարյանին՝ առաջարկելով պատմաբանների հանձնաժողով ստեղծել` «ուսումնասիրելու 1915 թվականի իրադարձությունները»: Իսկ Քոչարյանն առաջարկել է ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը կկարողանար քննարկել ցանկացած և բոլոր չլուծված խնդիրները երկու պետությունների միջև՝ նպատակ ունենալով լուծել դրանք և փոխըմբռնման հասնել:
Սերժ Սարգսյանը Հայաստանի առաջին նախագահն է, որը շնորհավորական ուղերձ է ստացել Թուրքիայի նախագահից ընտրվելու կապակցությամբ։ 2008–ի ապրիլի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը պաշտոնական նամակով հայկական տեղեկացրել է՝ Թուրքիան ցանկանում է կարգավորել հայ–թուրքական հարաբերությունները: Նամակագրությունը սահուն թևակոխել է հաջորդ՝ «Ֆուտբոլային դիվանագիտության» փուլ։
2008 թ. սեպտեմբերի 6․ Երևանի ժամանակով 16.40–ին Թուրքիայի նախագահի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայնում։ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրել էր Հայաստան՝ դիտելու աշխարհի առաջնության Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների ընտրական հանդիպումը:
Նախապայմաններ չկային, բայց հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր զինանշանը փոխել էր․ մարզիկների համազգեստին այն առանց Արարատ լեռան պատկերի էր։
2009–ի հունվարին կողմերը հայտարարեցին, որ շատ մոտ են հարաբերությունները կարգավորելուն։ Հունվարի 29-ին Դավոսում Սերժ Սարգսյանի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև 20 րոպե տևողությամբ հանդիպում կայացավ, մի քանի ամիս անց Ցյուրիխում ստորագրվեցին հայ–թուրքական արձանագրությունները, որոնց վավերացումը հետագայում ձգձգեց Թուրքիան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող նախապայմաններ առաջ քաշելով:
2015 թվականին Սարգսյանը կանչեց արձանագրություններն Ազգային ժողովից, իսկ 2018–ի հրաժարականից մի քանի ամիս առաջ դադարեցրեց դրանց կնքման ընթացակարգը:
Հարաբերությունների կարգավորման նոր՝ հետհեղափոխական փորձին անդրադարձել է անգամ ամերիկյան Bloomberg գործակալությունը։ Գրել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի անսպասելի առաջարկը համահունչ է Հռոմում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված կոչին՝ բացելու սահմանները դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ:
Աղբյուրի խոսքով՝ Թուրքիան հուսով է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կօգնեն Անկարային բարելավել Վաշինգտոնի հետ հարաբերությունները, որոնք լարվել են ռուսական ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով:




