ԿարևորՏնտեսական

Տնտեսական միանիշ, գների երկնիշ աճ․ վարկերի տոկոսադրույքը կբարձրանա՞

Կենտրոնական բանկի խորհուրդը 0․5 տոկոսով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Մեկ տարվա ընթացքում արդեն 6-րդ անգամ է գլխավոր դրամատունը  փոփոխում  առեւտրային բանկերին տրվող շրջանառու միջոցների տոկոսադրույքը։ Որպես կանոն՝  Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոփոխում է գնաճի կառավարման նպատակադրմամբ։ Իսկ գնաճը համաշխարհային տնտեսության մեջ չի նահանջում եւ շղթայաբար հասնում է Հայաստան։  

Հաշվի առնելով համավարակի նոր ընթացքը՝ փորձագետները դեռ անորոշ սպասելիքներ ունեն եկող տարվա համար։ Իսկ այս տարին, ըստ Կենտրոնական բանկի կանխատեսման, կփակենք 4․2 տոկոս տնտեսական աճով եւ երկնիշին մոտեցող գնաճով։  

Հայաստանում առաջիկայում կբարձրանա՞ն վարկերի տոկոսադրույքները, թե՞ ոչ։ Թանկացումները նոր թափ կհավաքե՞ն, թե կլինեն կառավարելիի ու կանխատեսվածի շրջանակում։ Սպառողներին անհանգստացնող այս հարցերն, ըստ էության, Կենտրոնական բանկի  քաղաքականությամբ են կարգավորվում։ Իսկ գլխավոր դրամատունն ընթացիկ տարում արդեն վեցերորդ անգամ է փոխում վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այս անգամ ոչ թե 0․25 , այլ 0․5 տոկոսային կետով՝ սահմանելով 7․75 տոկոս։ Առեւտրային բանկերին տրվող շրջանառու միջոցների տոկոսադրույքը ԿԲ-ն փոփոխում է՝ փորձելով կառավարել գնաճային նոր ռիսկերը։ Հերթական վերանայումն այն համատեքստում է, որ Հայաստանի տնտեսության վրա արտաքին շուկաներից գնաճային ճնշումներ են սպասվում։

Տնտեսական զարգացումներն էլ դանդաղում են։  ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի պարզաբանմամբ՝

«ԿԲ խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռ պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված գնաճի ռիսկերը հիմնականում բարձր են միջնաժամկետ ուղենիշից։ Դրանց դրսևորման պարագայում ԿԲ-ն պատրաստ է համարժեք արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը»։

Տնտեսագետ Տաթևիկ Առուստամյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պարզաբանում է՝   վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսադրույքն է, որով ԿԲ-ն վարկեր է տրամադրում առևտրային բանկերին։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական վերանայումը տնտեսագետի համար մտահոգվելու հիմք չէ․ առաջիկա  կես տարում վարկերի տոկոսադրույքի բարձրացում չի սպասվում՝ կարծում է։

«Հայաստանում  վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոխանցման մեխանիզմը միանգամից տեղի չի ունենում։  Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը տնտեսության վրա ժամանակային լագով է արտահայտվում»։  

Մինչ առաջիկա ամիսներին վարկերի տոկոսադրույքների էական բարձրացում չի կանխատեսվում, մյուս կողմից մասնագետները նկատում են, որ մարդիկ ավելի քիչ են սկսել բանկերին դիմել որոշակի վարկատեսակների մասով, բացի  շինարարական ու հիփոթեքային վարկերից։ Դրանք, ընդհակառակը, աճ են գրանցել․ հիփոթեքային վարկերն ավելացել են 22, շինարարության ոլորտին տրվող վարկերը՝ 20.8%-ով: Տնտեսության մյուս ճյուղերին՝ արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, առևտրի ոլորտին տրամադրված, ինչպես նաև  սպառողական վարկերը նվազել են։  Սպառողական վարկերը, որոնք, ըստ էության,  ամենամեծ տեսակարար կշիռն ունեն վարկային ընդհանուր պորտֆելում (ընդհանուր վարկային պորտֆելի մոտ 24%-ը), տարեսկզբի համեմատ կրճատվել են 10, արդյունաբերական վարկերը՝ 18 %–ով։  Բանկերի միության գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանն արձանագրում է։

«Վարկային ներդրումների մասով ունենք որոշակի նվազում՝ 2021թվականի առաջին ինն ամսում 6․7 տոկոսով կամ 279 մլրդ դրամի չափով։ Սա մի քանի գործոնով է պայմանավորված։ Ոլորտային որոշակի վերադասավորումներ են, որոնք  քովիդի ու պատերազմի  հետևանք կարող են լինել»։

Ընդհանրապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը ԿԲ արձագանքն է ընթացիկ տնտեսական զարգացումներին։ Այս պահին գլխավոր դրամատունը փորձում է չեզոքացնել գնաճային  ռիսկերը՝ նկատում է «Ռադիոլուր»–ի զրուցակիցը՝ տնտեսագետ Տաթևիկ Առուստամյանը։

«Նոյեմբերի օպերատիվ տվյալներով ՝12–ամսյա գնաճը 9․6 տոկոս է, սա նպատակային թիրախը գերազանցում է։ Գնաճն ավելացել է  նաև նախորդ ամսվա նկատմամբ։ Թանկացումները հիմնականում պարենային շուկայում են՝ մրգի ու բանջարեղենի ապրանքային խմբում, համապատասխանաբար՝  4.8% և 16.4%»։

Մեկ տարում Հայաստանում բանջարեղենը թանկացել է 63․5 տոկոսով։ 2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 11.35%: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ակնկալում է, որ հաջորդ գյուղատնտեսական տարին ավելի բարենպաստ կլինի, ու բանջարեղենի շուկայում արձանագրված ավելի քան 65 տոկոս գնաճն արդեն  հաջորդ տարի չի  լինի։

Գնաճն ամբողջ աշխարհում է՝ Հայաստանի հիմնական առեւտրային գործընկեր երկրներում։ Հիմնական պատճառը ոչ բարենպաստ տարին ու համավարակն են։ Հաշվի առնելով քովիդի նոր՝ «օմիկրոն» շտամի տարածումը՝ փորձագետները դեռ չեն շտապում հաջորդ տարվա համար  տնտեսական կանխատեսումներ անել։ Ընդ որում՝ տնտեսական անորոշությունների ֆոնին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հորդորում է շտապել պատվաստվել։ Ո՞րն է կապը։ Համավարակն ուղիղ ազդում է տնտեսության, ըստ այդմ նաեւ գնաճի վրա։

«Հորդորում եմ, որպեսզի պատվաստման գործընթացը հնարավորինս արագ տեղի ունենա։ Բոլոր գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ անգամ եթե տնտեսական վիճակը կոնկրետ երկրում բարենպաստ չէ, սակայն պատվաստման բարձր ցուցանիշ կա, դա բարենպաստ է ազդում աշխատաշուկայի ու մարդկանց հոգեբանության վրա»։

Իսկ համավարակը դեռ չի նահանջում, ուստի գլխավոր դրամատան՝  2021–ի տնտեսական կանխատեսումներն ավելի համեստ են՝ Հայաստանում  տարին 4․2 տնտեսական աճով ու 8.4 տոկոս գնաճով կփակվի։

Back to top button