
Ուդիական համայնքի կրոնական առաջնորդ Ռոբերտ Մոբիլին հաճախ է հայտարարում, թե Հադրութի խաչքարերն ու խաչքարաձև զարդաքանդակները հայկական չեն։ Տարբեր գրառումներով ու հոդվածներով նա տարածում է ադրբեջանական քարոզչամեքենայի թեզը, թե խաչքարերը աղվանական են։ Խաչքարագետ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանի խոսքով՝ Մոբիլիի թեզը հակագիտական է․
«Համաշխարհային գիտական գրականության մեջ խաչքարը հենց այդպես էլ օգտագործվում է՝ հայկական անվանմամբ՝ խաչքար։ Այն բացառապես հայկական մշակութային արժեք է։ Վերջին 40-50 տարում Ադրբեջանը փորձում է առաջ քաշել այս թեզը, թարգմանել են խաչքարը ուղղակի՝ խաչդաշ։ Շփոթել հայկական խաչքարը, խաչը աղվանական կամ ուդիական խաչքարի հետ՝ անհնար է, որովհետև ուդիական կամ աղվանական խաչքարեր ուղղակի գոյություն չունեն։ Դա ընդամենը Ադրբեջանի չակերտավոր գիտնականների առաջ քաշած թեզն է, թե ուդիները քրիստոնյաներ են և կարող էին նման խաչքարեր ստեղծել, բայց դա բացարձակապես հակագիտական թեզ է»,-ասում է Արգամ Այվազյանը։

Հայկական խաչքարերի հայկականությունը ժխտող հոդվածներ Ադրբեջանը հրապարակում է դեռ խորհրդային տարիներից։ Այսօր էլ, հետևողական քարոզչության շնորհիվ, այդ երկիրը կարողացել է ընտրվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի պահապանների կոմիտեի անդամ։ Հայաստանի հակընդդեմ քայլերը գիտական հարթակներում, Այվազյանի կարծիքով, բավարար չեն․

«Հակահայկական, հակագիտական աշխատանքներ են գրում Ադրբեջանում և հազարավոր օրինակներով ու բազմաթիվ լեզուներով սփռում են աշխարհով մեկ։ Իսկ Հայաստանում, լավագույն դեպքում, տպագրվում է 500 օրինակ՝ հայերեն, և Հայաստանից, Երևանից էլ դուրս չի գալիս»,-նշում է Այվազյանը։
Արդարադատության միջազգային դատարանում հաջողություն գրանցել Հայաստանին հաջողվել է․ հայց էր ներկայացվել Ադրբեջանի դեմ՝ Արցախում մշակութային արժեքների ավերման, կեղծման փաստերով։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան․

«Դատարանը շատ հստակորեն արձանագրեց և պարտավորցրեց Ադրբեջանին ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ հետևելու ռասսայական խտրականության մասին կոնվեցիայից բխող կետերին։ Այս պարտավորությունը պարտադիր նշանակություն ունի և Ադրբեջանի համար միջազգային իրավական պարտականություններ է առաջացնում»,-ասում է Եղիշե Կիրակոսյանը։

Համաձայն վերոհիշյալ կոնվենցիայի՝ Ադրբեջանը պարտավորվում է դադարեցնել մշակութային վանդալիզմը։ Դատարանի այս որոշումը փոխանցվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, որտեղ էլ պիտի հետևեն, վերահսկեն Ադրբեջանի հետագա քայլերը։




