ԿարևորՏնտեսական

Անկանխիկ գործարքների ավելացումը՝ «ԱրՔա»–ի խափանումների պատճառ

Անկանխիկ գործարքների ծավալների մեծացումն ավելացնում է «ԱրՔա» համակարգի խնդիրները։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում համակարգը խափանվել է մի քանի անգամ։ Այսօրվա խափանման վերաբերյալ ARCA–ից  պարզաբանել են ՝ խափանումը կապված էր համակարգի զարգացման շրջանակներում նոր տեսակի ծառայությունների գործարկման և պլանային թարմացումների հետ։ Ուշագրավ է, որ հերթական խափանումն արձանագրվում է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի՝   նոր դրույթների  ուժի մեջ մտնելուց ընդամենը մի քանի օր առաջ։  Իսկ այն, որ 2021 թ. առաջին կիսամյակում անկանխիկ գործարքները գրեթե կրկնապատկվել են, փաստում է վիճակագրությունը:

Արդեն մի քանի օր սոցիալական հարթակներում օգտատերերը դժգոհում են ARCA –ի գլոբալ խափանումից, ինչի հետևանքով չեն աշխատում այդ համակարգի  քարտերը, բանկոմատները և հեռախոսային հավելվածները։ ARCA–ից  պարզաբանում են՝ խափանումը կապված էր համակարգի զարգացման շրջանակներում նոր տեսակի ծառայություններ գործարկելու նպատակով պլանային թարմացումների և ծագած անկանխատեսելի հանգամանքների հետ։ Ընկերությունը վստահեցնում է՝ գիտակցում են անկանխիկ վճարումների և հեռավար ծառայությունների օրեցօր ավելացող քանակի և տեսականու պայմաններում այսօրինակ միջադեպերի բացասական ազդեցությունը և հայցում են  համակարգից օգտվող քաղաքացիների ներողամտությունը ։ Վերջին  շրջանում վճարային համակարգում հաճախակի  դարձած խափանումները պայմանավորված են գործարքների թվի աճով՝ փաստում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը․

«Պրոբլեմները երկու աղբյուր ունեին՝ առաջինը արտածին էր, որը կանխատեսելը բավականին բարդ է, երկրորդը պայմանավորված էր թրաֆիկի կտրուկ ավելացմամբ։ Հարցը քննարկվում է, ելնելով այն եզրից, որ թրաֆիկն անընդհատ կարող է ավելանալ, քանի որ անկանխիկի ենք գնում։ Քննարկում ենք՝ ինչ կարող ենք անել»։

Վիճակագրությունը փաստում է՝  Հայաստանում տարեցտարի անկանխիկ գործարքների ծավալը կայուն տեմպերով  աճում  է։ 2018 թ. շուրջ 3 մլն գործարք է իրականացվել արտասահմանյան քարտերով, շուրջ 2 մլն գործարք՝ դրսում՝ հայաստանյան քարտերով եւ շուրջ 33 մլն էլ՝ հայաստանյան քարտերով Հայաստանում ։ 2021 թ. առաջին կիսամյակում անկանխիկ գործարքների քանակը  գրեթե կրկնապատկվել է. արդեն շուրջ 33 մլն գործարք է կատարվել, իսկ առցանց շուրջ 300 մլրդ դրամի քարտային գործարք է իրականացվել:   

Տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է՝ «Արմենիան քարտ» ընկերության համահիմնադիրները, ըստ էության, հայաստանյան առևտրային բանկերն են։ Խնդիրները պայմանավորված են  հենց գործարքների ծավալների ավելացմամբ ։ Սա անվտանգային խնդիր չէ, բայց անհարմարություններ առաջացնում է՝ ասում է տնտեսագետը

«Երբ  մարդիկ առօրյայում սովորում են անկանխիկ գործարքներ կատարելուն, և համակարգում խնդիրներ են առաջանում, սա արդեն անհարմարություն է ստեղծում նրանց համար։ Գումար չեն կարողանում կանխիկացնել, ուստի ստիպված են բանկերում ժամերով հերթ կանգնել՝ գումարի կանխիկացման համար»։

Եղիշե Սողոմոնյանը նկատում է՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ Հայաստանում քարտային համակարգը առավել անվտանգ է, կան ծրագրային ապահովման բոլոր պահանջները։

«ՀՀ ԿԲ–ն կայացած կառույց է, ուստի իր կողմից բանկերի նկատմամբ առաջ քաշվող պահանջները անվտանգության երաշխիքների մեծացման է բերում։ ՄԻջազգային համագործակցության շրջանակներում ԿԲ–ն փորձում է արձագանքի հնարավոր ռիսկերին, նոր պահանջներ է դնում բանկերի նկատմամբ, որպեսզի նման խնդիրների առաջ չկանգնեն»։

Զրուցակիցս ընդգծում է՝  անկանխիկի ավելացումը դրական ազդեցություն կունենա հատկապես ստվերի կրճատման վրա։  Հիշեցնում է՝  ՀՀ բանկերը մասնաճյուղեր ունեն նաեւ մարզերում, ՀՀ 17 բանկերից 16-ը մատուցում են նաև հեռավար ծառայություններ։ Իսկ 903 գյուղերից 406-ը, որոնք ունեն 1000-ից ավելի բնակչություն, հիմնականում ունեն վճարային տերմինալներ։ 

Մինչև 2024 թվականը նախատեսվում է հիմնական գործարքները՝  առողջապահական ու կրթական ծախսերը, նոտարական ու փաստաբանական ծառայությունների մատուցումը, աշխատավարձերի վճարումները կատարել միայն անկանխիկ։ Հաշվի առնելով վերջին ամիսներին «ԱրՔա» համակարգում առաջացող խնդիրները՝ փորձագետները համակարգի պատասխանատուներին հորդորում են հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել՝ նոր, համակարգային խնդիրներից խուսափելու համար։

Back to top button