
Մայրաքաղաքի շուրջ 15 ավտոբուսային գծերի վարորդներ այսօր առավոտյան դուրս չէին եկել աշխատանքի։ Նրանք հավաքվել էին Ջրվեժի ավտոկայանում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում;
Կեսօրին վարորդների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը։ Հանդիպումից հետո վարորդները դադարեցրել են գործադուլն ու վերադարձել աշխատանքի։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ՖԲ գրառմամբ հաստատել է այս տեղեկությունը, նաև հայտնել, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:
Մայրաքաղաքում այսօր վաղ առավոտից կանգառները մարդաշատ էին։ Մարդիկ դժգոհում էին տրանսպորտային միջոցների բացակայությունից՝ չիմանալով պատճառը։ Ավտոբուսների պակասի հետևանքով բարձրացել էին տաքսիների գները ։
«Արդեն 15 րոպե է սպասում եմ տրանսպորտ չկա։ Խայտառակ վիճակ է, շատերը չեն էլ կանգնում, նույնիսկ հասարակական տրանսպորտը, տաքսին չեմ ասում դեռ։ Այսօր ահավոր վատ է տրանսպորտի վիճակը»։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ հանրային տրանսպորտի մի շարք երթուղիների վարորդներ գործադուլ են հայտարարել։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը վարորդների բողոքը անընդունելի սաբոտաժ էր որակել, տեղեկացրել, որ նրանց պահանջը աշխատանքային պայմանների բարելավումն է, աշխատավարձերի բարձրացումը։
Հակոբ Կարապետյանը, մասնավորապես, նշել էր․
«Ներկայում քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։
Մեր տեղեկությունների համաձայն՝ որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ եւ ուղեվարձերից «սև» եկամուտ։
Գործադուլ հայտարարած վարորդների համար այս աշխատավարձը բավարար չէ 24–ժամյա աշխատանքի համար։ Բացի դրանից՝ նրանց մի մասը աշխատավարձի այլ թվեր էր ներկայացնում։
«Հիմա ստանում եմ 120 հազար, եթե բախտ ա վիճակվում, թողնում են 22 օր աշխատես, 120 հազար ստանում ես, օրական էլ 7000-8000 դրամ դնում եմ գրպանս, գնում եմ տուն։ Հիմա ուզում եմ գոնե 350.000 դրամ աշխատավարձ»։
Հակոբ Կարապետյանի գրառման համաձայն՝ քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում և շարունակելու է հետևողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու և օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ։
«Միևնույն ժամանակ, մենք շարունակաբար բարելավում ենք և բարելավելու ենք վարորդների աշխատանքային պայմանները»։
Ուշագրավ է, որ քաղաքապետարանը հենց երեկ էր հայտարարել քաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակի դուրս բերման մասին։ 63 ավտոբուս 4 երթուղիներով 3 դեկտեմբերի 12-ից սկսել է աշխատանքը։ Այսօր բողոքի դուրս եկած վարորդների շարքերում նաև նոր ավտոբուսների վարորդներն են։ Նրանք դժգոհում են դրանց սպասարկման ծախսերից։
«Դուրս եկանք ու հետո ասում են լուսարձակներն արժի 800.հազար դրամ, դիմապակին արժի 1.200000 դրամ։ Վարորդն այդքան գումար չունի»։
Բացի տրանսպորտային միջոցների ապահովագրությունից՝ վարորդները պահանջում են նաև իրենց առողջության ապահովագրություն և ոչ միայն․ գազալցման խնդիրն, ըստ նրանց, ևս կարգավորման կարիք ունի։ Դրա համար հասնում են Նորքի զանգված, որտեղ գործում է մրցույթը շահած ընկերությունը։
«Աշխատանքս վերջացնելուց հետո պարտադիր չէ, որ գնամ Նորքում գազ լցնեմ։ Այստեղ հիվանդանոցի մոտ էլ կա, Բանգլադեշում էլ կա, ամեն տեղ էլ կա։ Պետք է այնպես լինի, որ բոլոր տեղերում էլ կարողանանք լցնել»։
Կեսօրից հետո վարորդների հետ հանդիպեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը։ Քննարկումը բուռն էր, նույնիսկ՝ աղմկոտ։ Պաշտոնյան լրագրողներին մանրամասներ չներկայացրեց՝ հորդորելով դրանց տեղեկանալ քաղաքապետարանի լրատվության վարչությունից։
«Ես առաջարկում եմ դիմեք մեր լրատվական։ Մեր լրատվականի հետ աշխատեք։ Խնդիրում եմ սպասեք, աշխատում ենք»։
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո վարորդները դադարեցրեցին գործադուլն ու հայտարարեցին, որ վերադառնում են աշխատանքի։ Ավելի ուշ կառույցի լրատվական վարչությունը հաստատեց այդ տեղեկությունը։
Ֆեյսբուքյան գրառմամբ Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:
Իսկ վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավումը, ըստ քաղաքապետարանի մամուլի ծառայության, շարունակելու է մնալ կառույցի օրակարգում, քաղաքային իշխանությունը շարունակելու է արդեն սկսած քայլերն այդ ուղղությամբ:




