
Մինչև տարեվերջ այցելուներին կներկայացվեն ռմբակործված Շուշիից դուրս բերված ու վերականգնված 2 տասնյակից ավելի փրկված և վերականգնված իրեր։ Դրանք վերականգնվել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Վերականգման ու ամրակայման լաբորատորիայում։
Շուշիից փրկված կարասները «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Վերականգման ու ամրակայման լաբորատորիայում նոր կյանք են ստանում։ Դրանք մինչև տարեվերջ կներկայացվեն այցելուներին։ Փրկված իրերը Սուրեն Մանուկյանն է վերականգնում․
«Այս կարասը Շուշիից է բերվել, փրկված կարաս է։ Հիմա պատրաստվում ենք փրկված իրերի ցուցահանդես բացել մեզ մոտ։ Իրերն այնքան էլ լավ վիճակում չեն, մաքրում ենք, վնասված տեղերը ամրացնում , հետագայում նորից կոնսերվացնում։ Մոտ 27-28 կտոր է։ Այնպես ենք անելու, իրենց իսկական տեսքին գան»։

50 , 60, նույնիսկ 90 կտորի բաժանված կարասները վերականգնելու համար ոչ միայն ժամանակ, այլ նաև նյարդեր են պետք։
«Պետք է համբերատար փորձեք հավաքվել՝ ամեն մեկն իր տեղը դնելով։ Սա, օրինակ, 50 կտորներից ենք հավաքում։ Չկա այնպիսի կտոր, որն իր տեղում չդնենք։ Այն դեռ կիսատ է։ Մաքրում ենք, դնում ենք ոչ քիմական համարվող կիտրոնային աղի լուծույթի մեջ։ Կախված վնասված աստիճանից՝ թողնում ենք մեկ կամ մի քանի օր։ Հետո մաքրում ենք խոզանակներով» ։

Համբերատարություն ու սեր․ ահա ինչ է պետք այս աշխատանքի համար․լաբորատորիայի ղեկավար Մանվել Ղալաչյանը խոստովանում է ՝ դժվար է և ՛ խեցեղենի, և ՛ մետաղների հետ աշխատելը։
«Ռեստավրացիան արարելու նման է։ Ընդհանրապես, կապ չունի՝ կերամիկա, որմնանկար, մետաղ, կեղտոտ, փոշոտ իրերից ստանում ես մի իր, որը թանգարանում նայում ու հաճույք են ստանում։ Արարելու նման մի բան է»։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, հնագետ Միքայել Բադալյանը լաբորատորիայիում կարևորում է բարվոք աշխատանքային պայմանները։ Ասում է․ «Այս լաբորատորիան անգամ մանրադիտակ չի ունեցել։ Այժմ մենք երեք մանրադիտակ ունենք։ Նաև վերականգնողների աշխատանքը հեշտացնող տարբեր գործիքներով ենք հագեցել»։
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի Վերականգման ու ամրակայման լաբորատորիան առաջիկայում նաև թանկարժեք միկրոսկոպ կունենա, իսկ վերանորոգումից հետո՝ նաև առանձին լսարան։ Լաբորատորիան կդառնա հարթակ ոլորտի մասնագետների ու կրթական տարբեր հաստատությունների համար։






