ԿարևորՀասարակություն

Մատչելի միջավայրի երաշխիքը հաշմանդամություն ունեցող անձանց ներկայությունն է այդ միջավայրում

«Դեպի ներառական Հայաստան» ծրագրի մեկնարկն ազդարարվել է այսօր՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագիրը կփորձի բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի պայմանները։ Նախատեսվում  հզոր կոալիցիա ձևավորել, որը համակարգված կերպով կհետևի ներառական օրենսդրությանը, կմշտադիտարկի օրենքների արդյունավետ կիրարկումը և կօգտագործի մարդու իրավունքների միջազգային  մեխանիզմները ՝ կառավարությանը հիշեցնելով տարբեր կոնվենցիաներով  ստանձնած պարտավորությունները:

Չնայած տարիներ ի վեր իրականացվող  բարեփոխումներին ՝ հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են մնալ հասարակության խոցելի խումբը։ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվելիք  «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի նպատակը  գործուն քայլերով հաշմանդամություն ունեցող անձանց օգնելն է,  նրանց  զբաղվածության, կրթական, սոցիալական ներգարվվածությունը ապահովելը։ Ծրագրի թիրախային խումբը միայն  հաշմանդամություն ունեցողները չեն, նաև նրանց ընտանիքի անդամներն են, նրանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները, սոցիալական աշխատողները, իրավաբանները, կրթական և առողջապահական ոլորտի մասնագետները։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասման.

«Այս ընտանիքները ներառականության օրինակ են մեզ համար, ցայտուն օրինակ, թե ինչպես պետք է հասարակությունը փոխգործակցի։ Հայաստանի խորհրդարանն այս տարի հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենք ընդունեց։ Դա երկար սպասված բարեփոխում էր, որով հնարավոր կլինի փոփոխել հաշմանդամություն ունեցող մոտ 200 հազար մարդկանց կյանքը՝  պաշտպանելով նրանց խտրականությունից, հնարավորություն տալով ստեղծել ներառական հասարակություն։

Սիլյա Կասմանը վստահ է՝ ծրագիրը կբարելավի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները Հայաստանում, իսկ կառավարությանը կստիպի լիարժեք կատարել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայով ստանձնած պարտականությունները։ Իսկ ոլորտում խնդիրները բազմաթիվ են։ Դրանք մշտապես եղել են և կլինեն։  Նույնիսկ զարգացած երկրներն ամբողջությամբ չեն կարողանում  լուծել՝ շեշտում է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի հաղորդակցության հանձնաժողովի համակարգող Սիփան Ասատրյանը՝ առաջարկելով խնդիրներին ոչ թե մասնավոր, այլ համակարգային լուծումներ գտնել։

«Եթե համեմատական տանեմ 10 տարի առաջվա և այսօրվա  միջև, իմ հաշմանդամությանը զոհ գնացած, իմ քաղաքացիական մահվանը համակերպված մի անձնավորություն էի, որը չգիտեր՝ ինչպիսի ապագա է սպասվում իրեն, որովհետև դա էր բխում իմ հաշմանդամությունից։ Նմանատիպ ծրագրեն են, որ մեզ՝ հաշմանդամություն ունեցող անձանց  զորեղացմանը պետք է նպաստեն, որպեսզի մենք կարողանանք դառնալ որոշումներ կայացնող մեր ընտանիքներում, մեր համայնքներում, մեր հասարակության մեջ՝ մեր միջավայրում»։

Սիփան Ասատրյանը չգիտի, թե ծրագիրը  որքանով կլուծի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, բայց որ կբարձրացնի այդ մարդկանց իրազեկություն ու նրանց ավելի ակտիվ կդարձնի, համոզված է։ «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանն ավելի լավատես է։ Վստահ է՝ մի քանի տարի հետո տեսանելի դրական արդյունքներ կունենանք։

«Բացի կոալիցիայի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումից՝ նաև ենթադրվում է, որ մենք ունենալու ենք հզոր համայնքահեն շարժումներ, որոնց գործողությունները կուղղվեն կրթությանը, հաշմանդամություն ունեցող անձանց վերարտադրողական առողջությանը, մատչելիությանը, ներառական սպորտաձևերին։ Տարբեր ոլորտային գործողություներ են ակնկալվում ծրագրի ավարտին, և ես վստահ եմ, որ մեր թիմը անելու է ամեն ինչ, որովհետև մեզ համար սա անչափ կարևոր է»։

Հաշմանդամություն ունեցող  անձանց ներառումը հասարակական կյանքի տարբեր բնագավառներ դանդաղում է մի շարք պատճառներով։ Ամենամեծ խնդիրն այն է, որ սովորաբար մարդիկ մտածում են, թե պայմանները պետք է բարելավվեն, հետո իրականացվի ներառումը։ Սա սխալ մոտեցում է՝ կարծում է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը։  Ցանկացած միջավայրի մատչելիության երաշխիքը հաշմանդամություն ունեցող անձանց ներկայությունն է։ Ոչ թե պետք է սպասել միջավայրի հարմարեցմանը, այլ պետք է պարտադրել այդ հարմարեցումը հենց այդ փուլում։

«Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է հայտնվեն դպրոցներում, մանկապարտեզներում, բուհերում, և հընթացս տեղի ունենա ներառմանը, մատչելիությանը միտված գործողությունները։ Նույնիսկ երբ հաշմանդամություն ունեցող անձինք հայտնվում են այդ միջավայրում, ներառականությանն ուղղված գործողությունները դանդաղում են, կամ չեն սկսվում»։

Մուշեղ Հովսեփյանը լիահույս է, որ այս ծրագիրը կօգնի հաշմանդամություն ունեցող անձանց տեր կանգնել սեփական իրավուքներին՝ ավելի լսելի դարձնելով իրենց ձայնը, ավելի տեսանելի դարձնելով այն,  ինչն անտեսանելի է այսօր։

Կարդացեք նաև

Back to top button