ԿարևորՄշակույթ

Քաղաքական երանգներով «Մաուգլի»-ն՝ Գյումրու դրամատիկականի բեմում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում դարձյալ առաջնախաղ է։ Բեմականացրել են Քիպլինգի «Մաուգլին»։ Ներկայացումը լինելու է ամենամասշտաբայինը՝ մասշտաբայինների շարքում։ Դրանում ընդգրկված է 60 դերասան։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝ «Մաուգլի»-ն 0-ից 100 տարեկանների համար է։ Դեկտեմբերի 10-ի և 11-ի առաջնախաղի տոմսերն արդեն վաճառված են։ 

Երեխաների սիրելի «Մաուգլի»-ն Գյումրիի դրամատիկականի բեմում մի քիչ տարբեր է՝ քաղաքական ենթատեքստով։

«Քիպլինգն իմ փոփոխություններից չէր նեղվի»,-ասում է թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը․ «Ուզեինք, թե չուզեինք՝ պետք է լիներ քաղաքական թեմա, բայց փորձել ենք առաջին հերթին լինել ազնիվ։ Երբեմն ասում են՝ մշակույթի մարդիկ չունեն դիրքորոշում, ես հակադարձում եմ, ունեն և՛ դիրքորոշում, և՛ դիմագիծ, և՛ իրենց ասելիքն են առաջարկում»։  

«Մաուգլի» ներկայացման մեջ զբաղված են 60-ից ավելի դերասաններ։ Լյուդվիգ Հարությունյանը կարծում է, որ սա լինելու է վերջին 20 տարվա ամենամասշտաբային ներկայացումը։

Հատված ներկայացումից

Բալու-Եթե չպահեք օրենքները, դուք կնմանվեք մարդկանց։

Մաուգլի- Իսկ մարդիկ, ի՞նչ է, օրենքներ չունե՞ն։

Բագիրա –Ունե՛ն, բայց նրանց օրենքներն այլևս ներդաշնակ չեն բնության հետ։

Բալու-Այո՛, նրանք խելացի են, հնարամիտ, բայց, ցավոք, հեռացել են բնությունից, և դա կլինի նրանց կործանման պատճառը։

«Հաճախ հարցնում են՝ ինչի՞ մասին է։ Իհարկե, մարդու ու բնության ներդաշնակության մասին է, բայց կա նաև մեկ այլ կարևոր խնդիր։ Ներկայացվում են մարդկային արատները՝ դավաճանությունը, վատատեսությունը, սիրո պակասը, անհանդուրժողականությունը։ Սրանք առաջ են գալիս այն ժամանակ, երբ մարդը հեռանում է ինքն իերնից։ Յուրաքանչյուր մարդ, հասարակության շերտ, պաշտոնավոր, ոչ պաշտոնավոր ինքն իրեն կգտնի ջունգլիներում»,-ասում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն՝ Լյուդվիգ Հարությունյանը։

Բեմի ձևավորումը, անընդհատ փոփոխվող դեկորացիան, հանդերձանքը, լույսերի ու հնչյունների խաղը հանդիսատեսին տեղափոխում են հեքիաթ, որտեղ խնդիրները շատ իրական են, մեզ շատ ծանոթ։ Ներկայացման վերջաբանը Քիփլինգի ստեղծագործության հետ ոչ մի աղերս չունի։ Լյուդվիգ Հարությունյանը վերջին մեկ ամսում է փոփոխել։ 44 օրյա պատերազմում եղբոր կորստի վիշտն ու գերեվարված եղբայրների սպասումը ռեժիսորին հոռետես չի դարձրել։ Ասում է՝ պետք է լինենք լավատես ու միասնական և սխալներից դասեր քաղենք․

«Ես հավատում եմ, վստահ եմ, որ իրենք հետ են գալու։ Մեր տղաները զոհվել են, որ մենք շարունակենք ապրել։ Երբ ջունգլիները պառակտվում են, ներքին պառակտումից օգտվում է արտաքին թշնամին։ Մենք պետք է փորձենք ինչքան հնարավոր է՝ հզոր լինել, որ դրանից չօգտվի արտաքին թշնամին, տվյալ դեպքում՝ շեկ շները։ Կարծում եմ՝ հանդիսատեսը կհասկանա՝ ինչի մասին է խոսքը»։

Ներկայացման վերջին դրվագում ջունգլիներում միասնությամբ հաղթում են շեկ շներին։ Մաուգլիի կերպարը մարմնավորել են 3 դերասաններ՝ մանկություն, պատանեկություն և հասունություն։ Արսեն Միքայելյանի Մաուգլին պայքարում է գայլերի ազատ ցեղի համար։ Վերջին փորձի ընթացքում դերասանը մարմնական վնասվածք էր ստացել, այտոսկրից արյուն էր հոսում, սակայն նա ինքնամոռաց դերն էր կերտում։ Դեկտեմբերի 10-ին և 11-ին «Մաուգլի»-ի առաջնախան է, բոլոր տոմսերը վաճառված են։

Կարդացեք նաև

Back to top button