
Արմավիրի Արևաշատ, Գայ և Զարթոնք համայնքներում կառավարության և համայնքների 50 տոկոս ֆինանսավորմամբ կառուցվում են նոր մանկապարտեզներ: Շինաշխատանքների հիմնական մասն ավարտված է: Արևաշատ և Զարթոնք համայնքների մանկապարտեզները վաղուց չեն շահագործվում, երեխաները մանկապարտեզ են հաճախում հարևան համայնքներում։
Արևաշատ համայնքում գիտեն, թե օրական քանի թռիչք ու վայրէջք է կատարվում «Զվարթնոց» օդանավակայանում․ թռիչքուղին գյուղի հարևանությամբ է։
Օդանավակայանի աղմուկը գյուղացիներին նեղություն է պատճառում, դա կարող էր փոխհատուցվել մի նախաձեռնությամբ, որն այդպես էլ գլուխ չեկավ։ Արևաշատում, ավելի քան 30 տարի, մանկապարտեզ չկա: Խնդիրը պիտի լուծեր «Զվարթնոց» օդանավակայանը։ Աշխատանքները սկսվեցին ու ավարտվեցին ընդամենը մանկապերտեզի հին շենքը քանդելով։

Հիմա խնդիրը փորձում է լուծել․ կառավարությունը՝ համայնքի 50 տոկոս համաֆինանսավորմամբ Արևաշատ գյուղում նոր մանկապարտեզ է կառուցում: «Վիլլաշին» ընկերության տնօրեն Արթուր Սարոյանը հավաստիացնում է, որ 2 ամսից մանկապարտեզը կշահագործվի.
«500քմ տարածք է զբաղեցնում, արդեն աշխատանքներն ավարտվում են, մնացել է ներքին հարդարումը՝ ներկել, հատակը տեղադրել: Ընդհանուր աշխատանքների ավարտի համար 1 ամիս է մեզ պետք, բայց կախված է չորացումից»:

Արևաշատում կա մինչև 6 տարեկան շուրջ 110 երեխա: Համայքապետարանի աշխատակազմի քարտուղար Արփենիկ Վարդանյանն ասում է՝ նրանց մի մասը հաճախում է հարևան համայնքների նախակրթական հաստատություններ.
«Հիմնականում գնում են Պտղունք, Մուսալեռ և Փարաքար համայնքների մանկապարտեզներ: Մեր մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար, բայց կտեղավորենք 80-ին»։
Ծրագրի արժեքը 114 մլն դրամ է: Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շինհրապարակում նկատում է, որ բակի բարեկարգման աշխատանքները դուրս են մնացել ծրագրից: Արևաշատ համայնքի նախկին ղեկավար Սուսաննա Գևորգյանի խոսքով՝ համայնքի ֆինանսավորումը չի բավարարել, իսկ անցած տարի սուբվենցիայով մանկապարտեզի հարևանությամբ խաղահրապարակ են կառուցել.
«Երբ շինարարական աշխատանքներն ավարտվեն, հնարավոր է՝ մենք արդեն գումար ունենանք: Գումար չենք ունեցել, շատ դժվարությամբ ենք այս գումարը հավաքել, տնտեսել, որովհետև մեր գյուղացիների երազանքն է եղել մանկապարտեզ ունենալը»:

Մանկապարտեզի կահավորումը նույնպես խնդիր է: Սուսաննա Գևորգյանի հույսը բարերարներն ու աջակիցներն են: Համայնքների խոշորացմամբ Արևաշատ գյուղը միավորվել է Փարաքար համայնքին, և հնարավոր է՝ բյուջեների միավորմամբ լուծվի գույքի ձեռք բերման խնդիրը:
Գայ համայնքում կառուցվում է մեծ, 4 մասնաշենքով մանկապարտեզ՝ 250 երեխայի համար: Շինարարությունը դեռ ընթացքի մեջ է: Գաջի ու ցեմենտի աշխատանքներին օրերցօր ցրտող եղանակը չի՞ խանգարում. «Ռադիոլուր»-ը զրուցել է շինարարների հետ.
«Չէ՛, բոլորովին, գաջը կչորանա, չի ճաքճքվի, իսկ եթե ձյուն գա, լուսամուտները կփակենք, կաշխատենք, չի խանգարում: Հատակը հիմա ցեմենտում ենք, որպեսզի չսառչի ու շուտ չորանա, խառնուրդին հատուկ հեղուկ ենք խառնել»:
Գայում մանկապարտեզը կառուցում է «Նավասարդ շինարար» ընկերությունը: Տնօրեն Արման Դավթյանն ասում է՝ համայնքի ու կառավարության հավասար ֆինանսական ներդրմամբ՝ մանկապարտեզի շինարարությունն սկսել են դեռ պատերազմի ընթացքում, կավարտեն 7 ամսից․

«Ծրագրի պայմանագրային արժեքը 316 մլն դրամ է: 250 տեղանոց մանկապարտեզ է կառուցվում, արդեն ներսի գործերն ենք անում, պատուհանները շուտով կդնենք և հանգիստ ներսում կաշխատենք: Նախատեսվում է շահագործել հաջորդ տարվա հունիսի կեսերին, ժամանակին կհասցնենք»:
Զարթոնքի երկհարկանի մանկապարտեզի տեղում կառուցվում է մեկհարկանի նոր տիպային մանկապարտեզ՝ 3 խմբով։ Այդ նախագծով մանկապարտեզ է եղել Արցախում, Խոջալուում։ Համյանքի նախկին ղեկավար Սամվել Աղաջանյանն է ցանկացել, որ շինությունը նույն նախագծով լինի։ Ծրագրի պայմանագրային արժեքը 168 մլն դրամ է, կեսը դարձյալ համայնքի ներդրումն է։
«Տարեկան ունենում ենք 22-25 ծնունդ, մի ավագ խումբ ունեք՝ դպրոցում է, նախակրթարանում: Եթե անհրաժեշտություն լինի, կարող ենք 4 խումբ անել, հարևան գյուղերից էլ երեխաներ կարող ենք ընդունել»։

Զարթոնքի մանկապարտեզում այս ծրագրով նույնպես բակային տարածքի բարեկարգում նախատեսված չէ՝ ֆինանսական միջոցներն են սուղ: Համայնքը դեռ ամբողջությամբ չի կատարել իր մասնաբաժնի վճարումը: Մարզպետը որոշակի բացթողումներ է նկատել նաև Զարթոնքում։
«Շինարարական ընթացքի հետ կապված կան որոշ ոչ էական թերություններ, որոնք ժամանակի ընթացքում պետք է շտկվեն: Անձնական հսկողություն եմ իրականացնելու, դա լինելու է շարունակաբար, ոչ մեկ կամ երկու անգամ: Ժամկետների խախտում չի լինելու, առաջին իսկ խախտումները ունենալու են իրենց հետևանքները»:
Զարթոնքի մանկապարտեզի բակային տարածքները կբարեկարգվեն հաջորդ տարվա համայնքային բյուջեով, իսկ Գայ համայնքում տնտեսված միջոցներով գույք կգնեն:




