
ՀՀ գլխավոր դատախազությունն իր ԶԼՄ մշտադիտարկման միջոցով վեր է հանել և ուսումնասիրության առարկա դարձրել այսօր մամուլում առկա՝ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,-գրել է Աբրահամյանը:
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նախօրեին «ՍիվիլՆեթի» հետ զրույցում հայտարարել է, թե «պատերազմից մեկ տարի անց բանակում որևիցե բարեփոխում չի ընթանում, բանակի ուղեղը լճացած է»:
Բաբայանը վստահ է՝ գործող ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբով հնարավոր չէ որևէ բարեփոխում իրականացնել:




