Հանրային սննդի վայրերում քաղաքացիներից կպահանջվի ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիր․ նախագիծ
Կորոնավիրուսի կանխարգելմանը նպաստող միջոցառումների շրջանակներում հունվարի 1-ին նախատեսվում են նոր սահմանափակումներ։
Նոր տարվանից արդեն հանրային սննդի վայրերում և մշակութային միջոցառումների այցելելիս քաղաքացիները կներկայացնեն ՊՇՌ բացասական թեսթի կամ պատվաստված լինելու մասին հաստատող հավաստագրեր, այսօր հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա հավելել է, որ հարցի վերաբերյալ նախագիծն արդեն պատրաստ է։
«Հունվարի 1-ից նաև հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ բացասական թեստի արդյունքում կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացրած լինելու դեպքում։
Սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց մենք նժարի վրա ենք դնում հանրային առողջապահական հարցերը և կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ»,-ասել է նախարարը։
Պատվաստումները խթանող քաղաքականությունը, ըստ Ավանեսյանի, շարունակվում է։