
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խմելու ջրի որակին և ջրամատակարարման կենտրոնացված համակարգերին ներկայացվող հիգիենիկ պահանջների պահպանումը պարզելու նպատակով հուլիս-սեպտեմբեր ամիսներին իրականացրել է լայնածավալ ստուգումներ։ Ստուգվել են հանրապետության ամբողջ տարածքում ընկերության կողմից շահագործվող օրական կարգավորող ջրավազանները և ջրամատակարարման աղբյուրները։Արձանագրվել են մի շարք թերություններ։ Դրանք հիմնականում վերաբերում են սանիտարական պահպանման առաջին գոտիների ոչ լիարժեք սահմանազատմանը, պահպանությանը, կոյուղու և կեղտաջրերի մաքրման կայանների բացակայությանը, մնացորդային քլորի որոշման հաճախակիության խախտմանը։
Հայաստանում խմելու ջուրն անվտանգ է` հավաստիացնում է ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը։ Իրենց հետազոտություններն են դա փաստում։ Ծանր մետաղներ ծորակի ջրում չեն հայտնաբերվել։
«Հետազոտությունները, որոնք իրականացրել ենք Երևանում և ամբողջ հանրապետությունում, ցույց են տվել, որ ՀՀ-ում ամենաշատը սպառվող սննդամթերքը համարվում է ծորակի ջուրը։ Ինչու եմ հատուկ շեշտում ծորակի ջուրը, որովհետև բոլորիս ընտանիքներում այն անփոխարինելի կենսական տարր է, առանց որի մենք մեր օրը չենք կարողանում պատկերացնել»։
Փոխարենը խմելու ջրի վերաբերյալ տարբեր ահազանգեր է ստանում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Զանգում են ինչպես մարզերից, այնպես էլ Երևանից։ Հաշվի առնելով ոլորտի ռիսկայնությունը՝ տեսչական մարմինն իր 2021 թ-ի տարեկան ծրագրում առաջին անգամ ներառել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը։ Խմելու ջրի որակին և ջրամատակարարման կենտրոնացված համակարգերին ներկայացվող հիգիենիկ պահանջների պահպանումը պարզելու նպատակով ստուգվել են հանրապետության ամբողջ տարածքում ընկերության կողմից շահագործվող օրական կարգավորող ջրավազանները և ջրամատակարարման աղբյուրները։ Ստուգումներն արձանագրել են թերություններ։
\Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյան. «Սանիտարական նորմով պահանջվում է, որպեսզի սանիտարական պահպանման առաջին գոտիները լինեն պարսպապատ և սահմանազատված։ Սանիտարական պահպանման առաջին գետիները դրանք ջրառի կետերն են, որտեղից ջուրը վերցվում է։ Որոշ տեղերում էլ սանիտարական պահպանման առաջին գոտիների պահպանություն չի իրականացվում։ Դա իրականացվում է ոչ թե «Վեոլիա ջրի», այլ ոստիկանության կողմից»։
Վերջինը թեև ոստիկանության խնդիրն է, «Վեոլիա ջրի» թերացումներն էլ քիչ չեն։ Առաջին գոտում գտնվող ոչ բոլոր շենքերն ունեն կոյուղի և կեղտաջրերի մաքրման կայաններ։ Երբեմն խախտված է մնացորդային քլորի որոշման հաճախակիությունը։
«Քանի որ քլորի քանակի որոշումը պետք է յուրաքանչյուր ժամը մեկ որոշվի, երբեմն որոշ տեղերում որոշվում էր երկու ժամը մեկ անգամ։ Ամեն դեպքում՝ բնակիչները անհանգստանալու կարիք չունեն, որովհետև մեր լաբորատոր հետազոտությունների արդյուքները ցույց են տվել, որ բնակչությունը օգտագործում է խմելու ջրի սանիտարական նորմերին համապատասխան ջուր։ Ստուգման ընթացքը տևել է մոտ երկու ամիս»։
Թե հիմնականում որ մարզերում է տեսչականը խախտումներ հայտնաբերել, պատասխանատուն դժվարացավ պատասխանել։ Խնդիրները համատարած են, ասաց։ «Վեոլիա ջուր» ընկերությունից «Ռադիոլուրին» խոստացան թերացումների վերաբերյալ պարզաբանում տալ ավելի ուշ։





