
ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ընտանիքը նախաձեռնել է նկարչի ծննդյան 80-ամյակի առիթով բացել հոբելյանական ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
2021-ի նոյեմբերի 16-ին ժամը 13:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի /1941-2020թթ/ հոբելյանական ցուցահանդեսը: Ներկայացված կլինեն նկարչի բոլոր ժամանակների ստեղծագործությունները՝ ժանրային բազմազանությամբ ու հարուստ ներկապնակով:

Հոբելյանական ցուցահանդեսին առաջին անգամ ընդգրկուն կներկայացվեն Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդած գրքերը: Նկարիչը 250-ից ավելի գրքի ձևավորման հեղինակ է: Վ. Աբրահամյանն իր ուրույն տեղն ունի հայ և արտասահմանյան գրականության /այդ թվում`թարգմանություններ/ գրքի ձևավորման գործում: Կցուցադրվի նրա ձևավորված գրքերի մի մասը և դրանց էսքիզները:
Երկու օր՝ նոյեմբերի 18-ին և 20-ին նկարչի ուսանողները բացառիկ հնարավորություն կունենան ցուցասրահում նկարելու իրենց վարպետի մոլբերտի վրա, վարպետի վրձիններով:
Նկարչի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում /ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, ՉինաստանՌուսաստան/:
Վլադիմիր Աբրահամյանը մեծ վաստակ ունի նաև որպես մանկավարժ: Նա երկար տարիներ դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, Աբովյանի պետական քոլեջում: Նրա ուսանողներից շատերն այսօր համարձակ քայլեր են կատարում կերպարվեստի ոլորտում:




