
Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային համագործակցության բոլոր հնարավորություններով, պարզապես խնդիրը նրբությունների մեջ է՝ խոսելով «3+3» ձևաչափի մասին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«3+3 ձևաչափի մասին Հայաստանն օրեր առաջ դիրքորոշում հայտնել է: Այն հետևյալն է՝ կառավարության ծրագրում տարածաշրջանային համագործակցությունն ընդգծված է որպես կարևոր դրույթ: 3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներում»,- նշել է վարչապետը:
Նա մասնավորապես նշել է տարածաշրջանի կոմունիկացիաների բացման, ԼՂ խնդրի կարգավորման հարցերը. «Եթե այդ ֆորմատը բերելու է նոր օրակարգ, փոխադարձ ընդունելի օրակարգ, ասենք, օրինակ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն, ապա մենք կարող ենք հետաքրքրված լինել։ Եթե կա համաձայնեցված ձևաչափ, ապա այդ ձևաչափերի օրակարգերը մյուս ֆորմատներում չպետք է քննարկվեն։ Կարող է պարզվել 3+3-ը միակ առաջարկը չէ, որ մեզ հետաքրքում է։ Այս դիրքորոշումը մենք արտահայտել ենք ու արտահայտում ենք»




