
Նոյեմբերի 3-ին Արմավիր քաղաքում հանդիսավորությամբ տեղի է ունեցելնոր խաղահրապարակի բացման արարողություն։ Խաղահրապարակի կառուցման ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ գործընկեր կազմակերպություններ «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության, Հայկական կարմիր խաչի ընկերության և Արմավիրի համայնքապետարանի համագործակցությամբ։
Ծրագրի նպատակը՝ առողջ ապրելակերպի և սպորտի խթանումն է զուգահեռ Արցախից տեղահանված երեխաների համայնքային կյանքի ներգրավվածության։
Խաղահրապարակի բացման պատիվը տրվել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանին և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին։
Տոնական միջոցառմանը ներկա են եղել քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, «Առաքելություն Հայաստան», Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունների, Հայկական կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ, Արցախից տեղահանված բնակիչներ և այլ հյուրեր։
Իր ողջույնի խոսքում քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ նման ծրագրերը յուրատեսակ խթան են ինչպես առողջ ապրելակերպի մասսայականացման այնպես էլ Արցախից տեղահանված և քաղաքում բնակություն հաստատած ընտանիքների մերձեցման համար։
Տոնական միջոցառումը եզրափակվել է Արվեստի դպրոցի սաների երաժշտական և պարային կատարումներով։




