
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Արմավիրի մարզի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման 4-րդ ծրագրով այս տարի պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 1 միլիարդ 261 մլն 448 հազար դրամ: Հիմնական միջոցներն ուղղվել են կրթօջախների վերանորոգման, գազիֆիկացման, բազմաբնակարան շենքերի տանիքների, խմելու, ոռոգման ցանցի հիմնանորոգման և այլ խնդիրների լուծման նպատակով։
Մարզերի համաչափ զարգացման նպատակով 3 տարվա ընթացքում Արմավիրի մարզին հատկացվել է շուրջ 5,5 միլիարդ դրամ, որի 80 տոկոսից ավելին ներդրվել է դպրոցաշինության մեջ: Արմավիրի մարզում հրատապ կամ առաջնահերթության կարգով լուծում պահանջող խնդիրներն ըստ ոլորտների դասակարգվել են և դրանից ելնելով փուլ առ փուլ` իրականացվել: 3 տարվա ընթացքում մարզում արդեն 4 ծրագիր է իրականացվել, իսկ տրամադրված գումարի մեծ մասը ներդրվել է դպրոցաշինության մեջ: Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ կարինե Դանիելյանը նշեց, որ այս տարի 17 դպրոց և մեկ մանկապարտեզ է ընդգրկվել 4 ծրագրում։
Դպրոցներում հիմնական ուշադրությունն ուղղված է տանիքների ու պատուհանների վրա, որից հետո շարունակվում են ներքի հարդարման կամ հիմնանորոգման աշխատանքները: Դա պայմանավորված է հատկացված դրամական միջոցներով: Քաղաքաշինության վարչության պետը տեղեկացրեց, որ կրթօջախների հիմնանորոգման գործընթացը շարունակական է և ավարտական տեսքի բերելու համար կառույցներում վերանորոգման աշխատանքներն ընդգրկվում են նաև հաջորդ ծրագրերում։
Չորրոդ ծրագրով Մրգաստան համայնքի միջնակարգ դպրոցում կաթսայատուն և լոկալ ջեռուցման համակարգ է կառուցվում, Դողս համայնքի դպրոցն է գազիֆիկացվել, գազատարներ են կառուցվում Փարաքար, Բերքաշատ և Ջանֆիդա գյուղերում: Լոկալ ջեռուցման համակարգ ունեցող դպրոցներում առանահերթ փոխվել են պատուհանները, որպեսզի ձմռանը ծախսերը նվազեն: Բացի դպրոցներից Արմավիր, Էջմիածին և Մեծամոր քաղաքներում փոխվել են բազմաբնակարան շենքերի տանիքները։
Առաջնահերթ խնդիրների լուծման 4-րդ ծրագրով միջոցներ են տրամադրվել Հայթաղ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի, Ալաշկերտի խմելու ջրի խորքային հորի, Լեռնագոգի ոռոգման համակարգի վերանորոգման համար, թարմացվել է մշակութային կառույցների գույքը, մարվել են նաև համայնքների սոցվճարների և աշխատավարձերի ժամկետանց կրեդիտորական պարտքերը:




