ԿարևորՀասարակություն

Տնտեսական հարցեր՝ քաղաքական աստառով․«Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի փաստաթուղթը շուտով կստորագրվի

Նոր փաստաթուղթ՝ Հայաստանի եւ Իրանի հետ․ առաջիկայում ստորագրվելիք այս փաստաթղթի մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարը խոսում է Հնդկաստանի դեսպանի հետ պաշտոնական հանդիպումից հետո։

«Մենք իրանական կողմի հետ երեկ ենք քննարկել այս հարցը, և կարող եմ ասել, որ այս համաձայնագրի առումով իրադարձությունները բավականին արագ են զարգանում, և հուսամ` մոտ ապագայում արդեն կունենանք ստորագրված համաձայնագիր այդ ծրագրի շուրջ»,– նշել է Արարատ Միրզոյանը։

Իրանի հետ ամրագրվող «Պարսից ծոց-Սև ծով» նախաձեռնության վերաբերյալ համաձայնագիրը տարածաշրջանային լուրջ նշանակություն կունենա՝ բխելով նաեւ Հնդկաստանի շահերից։ Վերջինս Ռուսաստանի և Իրանի հետ  «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» համաձայնագրի հիմնադիր երկրներից է։ Փաստաթուղթն անդամ-պետությունների միջև ճանապարհային հաղորդակցության եւ փոխադրումների զարգացման նոր հեռանկարներ է խոստանում։  

Հայաստանը միջանցքի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրին միացել է 2006թ.: Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարներն արձանագրում են՝ երկու երկրների միջև ծովային կամ ցամաքային անմիջական կապի բացակայությունը խոչընդոտում է առևտրային փոխհարաբերություններին։ Այժմ կան նոր հնարավորություններ։

RA Minister of Foreign Affairs Ararat Mirzoyan and Minister of External Affairs of India Subrahmanyam Jaishankar gave a joint press conference

Անդրադառնալով Հնդկաստանի կողմից 10 տարով վարձակալված Չաբահար նավահանգստին՝ հնդիկ պաշտոնյան խոսել է դրա մրցակցային առավելության մասին։ Չաբահարն ապրանքների տրանզիտի առումով Միջին Ասիայի երկրների համար Ասիայից Եվրոպա հասնելու կարևոր ռшզմավարական կետ է։ Սա Իրանի ամենամեծ եւ տարածաշրջանի ամենաառաջնային նավահանգիստն է, ունի տարեկան մոտ 8,5 մլն տոննա ապրանքների բեռնման ու բեռնաթափման ներուժ: Հնարավորություն է տալիս օվկիանոսային նավերին հարյուր հազար տոննա բեռով մտնել նավահանգիստ: Չաբահար նավահանգիստը շահագործվում է Հնդկաստանի ֆինանսական ներդրումով, և Իրանի ու Հնդկաստանի միջև եղած պայմանագրով այն 10 տարով վարձակալել եւ շահագործում է Հնդկաստանը, ինչը հնարավոր է դարձնում ապրանքներ տեղափոխել Հնդկաստանից Իրանով դեպի Աֆղանստան ու Միջին Ասիայի երկրներ՝ շրջանցելով Պակիստանը: Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար․

«Մենք զարգացրել ենք նավահանգիստ Իրանում, և դա կնպաստի Իրանից սկիզբ առնող Հյուսիս-Հարավի միջանցքի գործարկմանը։ Այն նոր ցամաքային առևտրային ուղիներ կստեղծի, որոնք ավելի արդյունավետ են, քան առկա ծովային ուղիները։ Ես նշեցի Իրանում գտնվող Չաբահարի նավահանգիստը, քանի որ այն զարգացնում է Հնդկաստանը։ Մեզ համար մի կողմից դեպի Կովկաս է ճանապարհ բացվում, մյուս կողմից՝ դեպի Կենտրոնական Ասիա։ Սա նախաձեռնության մաս է, որի շուրջ աշխատում ենք Ռուսաստանի հետ»։

Տարածաշրջանում տրանզիտային նոր քարտեզի գծագրումը կարեւորվում է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» համաձայնագրի հիմնադիր երկրների համար նաեւ քաղաքական առումով։ Հնդկաստանի արտգործնախարարը եւս տնտեսական հարցերի կողքին խոսում է դրանց քաղաքական կողմի մասին՝ շեշտելով Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Հնդկաստանի դիրքորոշումը։

Հնդկաստանը կողմնակից է ԼՂ հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում՝ նշում է Ջայշանկարը։ Միրզոյանն իր հերթին է անցնում քաղաքական օրակարգին․ խոսելով Հնդկաստանի և Պակիստանի միջև առկա Ջամմուի և Քաշմիրի խնդրի մասին՝ վերահաստատում է Հայաստանի դիրքորոշումը Հնդկաստանին սատարելու առումով։

RA Minister of Foreign Affairs Ararat Mirzoyan and Minister of External Affairs of India Subrahmanyam Jaishankar gave a joint press conference

Հայ-հնդկական հարաբերություններում նոր շեշտադրումները հատկապես տարածաշրջանային ճանապարհային նոր լուծումներ ենթադրող համաձայնագրի առումով աննախադեպ է Հայաստանի համար՝ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի գնահատումն է։ Նրա ձեւակերպմամբ՝ այս հավակնոտ ծրագրերը կարող են բարձրացնել տարածաշրջանում Հայաստանի սուբյեկտայնությունը․

«Անվտանգային որոշակի դիվիդենտներ մենք կքաղենք, և դա, բնականաբար, սուբյեկտայնության ավելացման կբերի, դա ամիջականորեն շոշափում է Հայաստանի թե տնտեսական, թե քաղաքական շահերը։ Սրան խոչընդոտում են այն պետությունները, որոնք ցանկություն չունեն, որ մեր սուբյեկտայնությունը բարձրանա և անվտանգության մակարդակն ամրապնդվիխոսքը Թուրքիայի և Ադրբեջանի մասին է»։

Հնդկաստանի ակտիվացումը տարածաշրջանում հաճախ դիտարկվում է Թուրքիայի ջանքերով Պակիստանի ակտիվացմանը հակազդելու նպատակադրմամբ։ Քաղաքագիտական շրջանակում, սակայն, չեն շտապում տարածաշրջանում Հայաստանի մասնակցությամբ Ռուսաստան–Իրան–Հնդկաստան հնարավոր դաշինքը դիտարկել որպես հակակշիռ Թուրքիա–Պակիստան–Ադրբեջան եռյակին։ Թե ինչո՞ւ՝ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն է մանրամասնում։

«Չեմ հավատում, որ հնարավոր է Ռուսաստան-Իրան-Հնդկաստան դաշինք, քանի որ, այնուամենայնիվ, Ռուսաստանին և Թուրքիային շատ թելեր են դեռևս կապում։ Նման դաշինքը թե քաղաքական, թե տնտեսական  առումով այս պահին հնարավոր չեմ համարում»։

Ճանապարհային նոր նախագծի հետ ամեն դեպքում լուրջ հույսեր են կապվում։ Եթե Հայաստանը  հաջողի ավարտին հասցնել իր տարածքով անցնող Հյուսիս-Հարավ նախագիծը, կկարողանա Մերձավոր Արևելքի՝ Պարսից ծոցի երկրների համար տարանցիկ ճանապարհ դառնալ դեպի Սև ծով: Ինչ վերաբերում է տարածաշրջանով անցնելիք նոր միջանցքին, ապա Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծով նախատեսվում է կառուցել տրանսպորտային միջանցք, որը կսկսվի Պարսից ծոցից, Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով կհասնի Սև ծով, որտեղից արդեն նավերով բեռները կտեղափոխվեն Բուլղարիա և Հունաստան:

Կարդացեք նաև

Back to top button