
«Սա առաջին գիրքն է, որ ես հրատարակում եմ, բայց չեմ կարդացել մինչև վերջ». լույս է տեսել ռազմագերիների հիշողություններն ամփոփող գիրքը։
«Sadistic Pleasures: Silent Crimes of Azerbaijan» հայ ռազմագերիների հիշողություններն ամփոփող գրքում զետեղված է 14 վավերագրություն։ Դրանք 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանում գերության մեջ հայտնված մեր հայրենակիցների պատմություններն են։ Գրքի հեղինակ Աշխեն Առաքելյանը Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանի ուսանող է։ Խոստովանել է, որ հեշտ չէր այս գիրքը կազմելը, հեշտ չէ նաև այն կարդալը։
Աշխենի համագյուղացին՝ Նարեկը, գերության մեջ հայտնվեց մինչև պատերազմը։ Ամբողջ գյուղն ու հատկապես Աշխենը կորցրեցին իրենց հանգիստը։ Հետո սկսվեց պատերազմը։ Նոր գերիների, զոհվածների մասին էին լսում ամեն օր։ Բայց անգամ այդ ժամանակ Աշխենի գլխից Նարեկը դուրս չէր գալիս։ Ընկերներ էին, հարազատներ։ Պատերազմից հետո՝ դեկտեմբերին, Նարեկը և ևս 44 մեր հայրենակիցներ վերադարձան։ Խոսելով Նարեկի հետ, լսելով նրա հետ կատարվածը՝ Աշխենը հասկացավ, որ այդ պատմությունները պետք է գրի առնվեն։
«Նա սկսեց պատմել իր հետ տեղի ունեցածը, և ես չէի կարող անտարբեր անցնել այդ ամենի կողքով։ Հասկացա, որ գուցե տարիներ հետո այդ պատմությունները մնան համացանցում, չխոսվի այլևս դրա մասին։ Պետք էր այդ բոլոր պատմությունները համախմբել ու գրքի տեսքով պահպանել պատմության համար»։
Աշխեն Առաքելյանը Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանի ուսանող է, արձակուրդին վերադարձավ Հայաստան և որոշեց հանդիպել մյուս գերիների հետ ևս, լսել նաև նրանց։ Հստակ որոշեց՝ գիրքը պետք է հրատարակվի անգլերենով և հասանելի լինի միջազգային հանրությանը։ Ասում է՝ «Մենք՝ հայերս, գիտենք՝ ովքեր են թուրքերը, թող աշխարհն էլ իմանա»։

«Ես գիտեի, որ իմ կյանքում նոր առաքելություն է ծնվում, ու դա մարդու իրավունքների համար պայքարն է։ Անգլերենը հենց այնպես ընտրված չէ։ Միջազգային հանրության համար է ընտրված։ Գիրքը կարող են ընթերցել տարբեր երկրներում, և իմ նպատակն էլ հենց դա է։ Մտքիս մեջ ունեմ առանձին պատմություններ կամ կերպարներ, որոնց հետ գրեթե միշտ խոսում եմ ու ցավում եմ, որ հենց իրեք են հայտնվել այդ իրավիճակում։ Չկա գերության մեջ հայտնված հայրենակից, որն անցած չլինի այդ ամենի միջով։ Բոլորը սարսափելի ստորացումների են ենթարկվել»։
Գիրքը կազմված է 14 վավերագրությունից, դրանք Ադրբեջանում գերության մեջ հայտնված մեր հայրենակիցների պատմություններն են։ Հեշտ գործ չէր գիրքը գրելը, հեշտ չէ նաև այն կարդալը։
«Առաջին հաղորդագրությունը, որ ես հետ էի ստացել. «Մենք կարդացել ենք, ժամանակ տուր մեզ երկու օր, թող մեր էմոցիաները անցնեն, հետո ավելի օբյեկտիվ կարծիք կազմենք գրքի մասին»։ Նաև ստացել եմ պատասխան, որտեղ պատմում էին, թե ոնց են լացել գիրքը կարդալիս։ Ես իրականությունը տեսնում եմ այնպիսին, ինչպիսին կա։ Այն դաժան է, հեշտ չէ, քեզ ստիպում է ատելություն ապրել, վերարժևորել կյանքը ու նաև կորցնել կյանքի իմաստը, անդադար էմոցիաների ու մտածմունքների հետ ես կռիվ տալիս»։
Գիրքը հրատարակել «Գևորգ Վիրաց» հրատարակչությունը՝ Վրաստանից։ Հեղինակը կարծում է, թե ինքն է գտել հրատարակչին, իրականում, ճիշտ հակառակն է եղել։ Հրատարակչության ղեկավար Գեորգի Հարությունովը գրքի ընտրությունը պատահականություն չի համարում։
«Ես սովորաբար հրատարակում եմ այն գրքերը, որոնք մարդիկ չեն ուզում հրատարակել։ Սա առաջին գիրքն է, որ ես հրատարակում եմ, բայց չեմ կարդացել մինչև վերջ։ Ոչ թե, որ կարդալ չգիտեմ, այլ որովհետև չեմ կարող, ես ընդհատում էի ամեն պահի։ Այո, տղամարդ լինելով հանդերձ՝ լաց էի լինում։ Այդ գիրքը կարդալուց քո մաշկի վրա ես զգում՝ ինչ է դա»։
Ծանր բովանդակությամբ հանդերձ՝ գիրքն առաքելություն, ասելիք ունի, ու տպագրվել է՝ այդ ասելիքը լսելի դարձնելու համար։
«Խմբագիրը բրիտանացի է։ Ասում է՝ ես կատարսիս եմ ապրել այս գիրքը խմբագրելուց։ Տեսնում է, թե ինչպես է երիտասարդ երեխան հայտնվում գերության մեջ, ու դատարկ տեղը իրեն ստորացնում են։ Որովհետև դրսում Ժնևյան կոնվենցիա կա, իսկ մեզ մոտ չկա։ Ու ինքը զգում է, որ այս ազգն, իրոք, ասելիք ունի, որը նաև իրենք պետք է լսեն։
Գիրքը տպագրվել է 140 օրինակով, լեզուն՝ անգլերեն։ Հեղինակն ու հրատարակիչը նախատեսում են գիրքը տպագրել նաև ռուսերեն և գերմաներեն։




