ԿարևորՀասարակություն

Քանի՞ շուն ու կատու է ապրում երևանյան տներում․ քաղաքապետարանը նրանց կհաշվի, կգրանցի, կչիպավորի

Մարդահամար ընտանի կենդանիների, բայց առայժմ միայն շների ու կատուների համար։ Քաղաքապետարանը փոփոխել է ընտանի կենդանիների պահման կանոնները և որոշել, որ նոյեմբերի 1-ից տնային կենդանիները կհաշվառվեն։ Կենդանիներին վերաբերող ամբողջ ինֆորմացիան կներբեռնվի էլեկտրոնային տվյալների միասնական շտեմարանում։

Դա թույլ կտա իմանալ, թե մայրաքաղաքում ով տանը քանի շուն կամ կատու է պահում, կամ, առհասարակ, տնային պայմաններում պահվող քանի շուն ու կատու կա Երևանում։ Քաղաքապետարանը այդ թիվը՝ նույնիսկ մոտավոր, երբեք չի ունեցել։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանն ասում է՝ փոփոխությունների հիմնական նպատակներից մեկը հենց թվային տվյալներ ունենալն ու դաշտը վերահսկելի դարձնելն է։

«Մենք գիտենք, որ թափառող կենդանիների խնդիրը և նրանց թվաքանակի ավելացման առաջին աղբյուրը տնային կենդանիներին են։ Մարդիկ տանը կենդանուն պահում են, հետո ինչ–որ պատճառով որոշում են հրաժարվել և բաց են թողնում նրան»,-ասում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը։

Հաշվառման միջոցով կենդանին կնույնականացվի տիրոջ տվյալների հետ, և հնարավոր կլինի պարզել՝ թե փողոցում հայտնված կենդանու տերն ով է։

«Կենդանիները շարժուն էակներ են և կարող են փախնել տիրոջից։ Այս դեպքում հնարավոր կլինի կառավարել այս դեպքերը և շանը վերադարձնել տիրոջը, կամ պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, որոնք որոշել են հրաժարվել իրենց կենդանուց»,-մանրամասնում է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյան

«Այլ կերպ ասած՝ մարդիկ տանը ընտանի կենդանի պահելու թույլտվություն են ստանում»,-ասում է Գևորգ Նազարյանն ու մանրամասնում՝ հաշվառման համար քաղաքացին նախ պետք է կենդանուն տանի հետազոտության, տեղական ինքնակառավարման մարմին ներկայացնի անասնաբուժական անձնագիրը, ինչից հետո շանը միկրոչիպ կտրվի»։

«Հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ ոչ բոլորն ու ոչ միշտ են իրենց ընտանի կենդանիներին տանում անասնաբուժական հետազոտությունների, քանի որ դա երբեք պարտադիր պայման չի եղել, ինչը նաև հանրային առողջությանը սպառնացող վտանգ է։ Կան հիվանդություններ, որ ոչ մասնագետը չի կարող կենդանու վարքից իմանալ՝ կենդանին խնդիր ունի՞, թե՞ ոչ»,-ասում է Գևորգ Նազարյանը։

«Սա շատ կարևոր քայլ է նաև հանրային առողջությունն ապահովելու համար»,-ասում է «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նարե Արամյանը։ Այս փոփոխության համար նրանք երկար են պայքարել։ Զարմանում է, որ նախագիծն ընդդիմախոսներ ունի․

«Միանշանակ է, որ քաղաքացիները պետք է իմանան և հանգիստ լինեն, որ քաղաքում ապրող ցանկացած ընտանի կենդանի հաշվառված, գրանցված է և կենդանաբուժական միջամտության է ենթարկվում տարին գոնե մեկ անգամ։ Սա նշանակում է, որ մենք հնարավորություն ենք ստեղծում քաղաքացիների համար անվտանգ կենդանիներ պահելու և լինելու այնքան պատասխանատու, որ եթե դուք չեք կարողանալու պահել այդ կենդանուն, չհրաժարվեք կամ հրաժարվելու դեպքում պատասխանատվության ենթարկվեք»։

Թափառող կենդանիների հիմնահարցը լուծելու ճանապարհի առաջին քայլը մասսայական ամլացումն է, հաջորդը՝ ընտանի կենդանիների հաշվառումը։ Հարցին՝ ինչո՞ւ են որոշել հենց շներին ու կատուներին հաշվել, Նարե Արամյանը բացատրում է՝ սրանք այն կենդանիներն են, որոնք կարող են հիվանդանալ և տարածել մարդկային կյանքի համար վտանգավոր կատաղություն հիվանդությունը։

«Մեզ պետք չէ գրանցել ու հաշվառել, օրինակ, ակվարիումային ձկներին, քանի որ նրանք կատաղություն հիվանդությամբ չեն հիվանդանում ու չեն տարածում։ Մենք չունենք թափառող կովեր կամ ճնճղուկներ։ Ուստի առաջնային են այն կենդանիները, որոնք կարող են վտանգավոր լինել հանրային առողջության համար՝ իսկ դրանք շներն ու կատուներն են»,-ասում է կենդանապաշտպան Նարե Արամյանը։

Փոփոխություններն ու նոր պահանջները ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 1-ից, բայց քաղաքապետարանում վստահեցնում են՝ քաղաքացիներին կտրվի ողջամիտ ժամկետ՝ կենդանիներին հաշվառելու համար։ Դրանից հետո կենդանիների պահման կանոնները խախտողները վարչական պատասխանատվության կենթարկվեն։ Իսկ հաշվառման գործընթացն անվճար է։

Կարդացեք նաև

Back to top button