ԿարևորՀասարակություն

Պահպանություն՝ երկխոսության միջոցով․ Արցախի մշակութային ժառանգությունը վտանգված է

Երևանում մեկնարկել է «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցում են գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախսատանից, նաև եվրոպական երկրներից:

Գիտաժողովի թեմաների շարքում առանցքային են Արցախի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ զեկույցները։ Եռօրյա գիտաժողովի լիագումար նիստին հաջորդող աշխատանքները կազմակերպվելու են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Մասնակիցների առաջարկների ու զեկույցների հիման վրա պատրաստվելու է հռչակագիր, որը կստորագրվի գիտաժողովի ավարտին:

Ինչպես պատերազմական իրավիճակում, այնպես էլ խաղաղ պայմաններում Ադրբեջանը շարունակում է պատմամշակութային հուշարձանների ակնհայտ ոչնչացումը՝  ահազանգում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը։ Արցախում պատմամշակութային հուշարձանների վտանգված լինելու մասին են վկայում ահազանգերը և ոչ միայն։

«Ժառանգությունը միայն ֆիզիկական կործանումը չէ, այլ նաև դրա քամահրումն ու արհամարհումն է։ Օկուպացված տարածքներում այժմ մի եկեղեցի չկա, որ չմտնեն, արհամարհական ինչ–որ բան չանեն, չմտնեն զենքով, չնստեն բեմի վրա։ Խնդիրը միայն այն չէ, որ մեկ քար են շարժել, ինչը նույնպես կարևոր է»։

Մի ամբողջ ժառանգություն այժմ բռնազավթված է և այլևս անհասանելի ուսումնասիրության համար՝ նկատում է  Շուշիի տեխնոլոգիական համալսարանի քաղաքաշինության, ճարտարապետության, էներգետիկայի և ջրային համակարգերի դեպարտամենտի ղեկավար, ճարտարապետության դոցենտ Մանուշակ Տիտանյանը։ Հասցրել են ուսումնասիրություններ կատարել Դիզակում։ Հետազոտության  ծավալուն նյութ կար,  բայց ուսումնասիրությունն անավարտ է մնացել․ շրջանը Ադրբեջանի վերահսկողության տակ է։

«Արդեն կան անկախ գիտական հարթակներ, որտեղ ներկայացված են այն բոլոր հուշարձանները, որոնք այդ տարածքներում են, և ամենակարևորը՝ արդեն կան ահազանգեր ավերածությունների մասին։ Եթե ավելի ռեալ խոսենք, շատ ծանր է վիճակը, որովհետև Ադրբեջանը այդ պետությունը չէ, որ կարողանանք հետը բանախոսել։ Ապրելով ռազմական թոհուբոհի մեջ՝ կարծում եմ, որ ժառանգությանը տեր կանգնելու համար պետք է տարածքը վերահսկվի»։ 

Արցախում պատմամշակութային հուշարձանների վտանգված լինելու մասին են վկայում նաև ռուս ճարտարապետ Անդրեյ Իվանովի դիտարկումները։ Թեև ի տարբերություն Մանուշակ Տիտանյանի՝ կարծում է, որ իրազեկումն ու բարձրաձայնումն էլ կարող են կանխել հուշարձանների ոչնչացումը։

«Իրավիճակն իսկապես բարդ է։ Միևնույն ժամանակ շատ լավ է, որ նման  գիտաժողով է անցկացվում, գուցե այն դրական արդյունք կտա։ Իսկ խնդիրներն իսկապես շատ են։ Քիչ առաջ խոսվում էր Արցախի  պատմամշակութային ժառանգության պահպանման մասին։ Թե ինչպես պետք է խնդիրը լուծվի, դեռ պարզ չէ, բայց  մարդիկ փորձում են ինչ-որ բան անել այդ ուղղությամբ՝ հարցերը բարձրացնելով միջազգային հարթկներում։ Այդ առումով, կարծում եմ, այս գիտաժողովն էլ կարևոր է այն իմաստով, որ ուշադրություն հրավիրում այն բոլոր հուշարձանների վրա, որոնք այժմ վտանգված են»։

Պատմամշակութային ժառանգությունը չափագրելու և գույքագրելու գործին մասնակից է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Համալսարանի դասախոսներն ուսումնասիրություններ են անում, իրականացնում են վերականգնման, ամրակայման նախագծեր։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյան։

«Քանի որ համալսարանի ինժեներական գեոդեզիայի լաբորատորիան համալրված է նորագույն սարքավորումներով, մասնավորապես, եռաչափ 3D սքաներով, դրանց կիրառմամբ իրականացվում է նաև պատմամշակութային ժառանգության հուշարձանների սքանավորում, մոդելավորում, որը հնարավորություն է տալիս ստանալ հուշարձանների եռաչափ մոդելը։ Հետագայում ցանկացած աշխատանք կատարելիս դա հիմք կհանդիսանա վերականգնման աշխատանքները առավել որակով և արդյունավետ իրականացնելու համար»։

Համալսարանում առաջիկայում կբացվի ճարտարապետական վերականգնման և հուշարձանների պահպանության առանձին ամբիոն, որը կգործի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։ Ամբիոնը կսկսի գործել  հավանաբար 2022-ից։ Մասնագետները հույս ունեն, որ ամբիոնի ստեղծումն  ավելի համակարգված կդարձնի գիտական հետազոտություններն ու կմեծացնի դրանց արդյունավետությունը։

Կարդացեք նաև

Back to top button