ԿարևորՀասարակություն

Ռուսաստանը խստացրել է քաղաքականությունը․ ի՞նչ է սպասվում հայ միգրանտներին

Հոկտեմբերի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ է մտել ՌԴ նախագահի՝ 2020-ի ապրիլին ստորագրած «ՌԴ-ում օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակը կարգավորող» հրամանագիրը․ նախորդիվ դրա ուժի մեջ մտնելը հետաձգվել արդեն 3 անգամ՝ մարտին, հունիսին, հուլիսին՝ համավարակով պայմանավորված։ Բոլոր անօրինական միգրատները պետք է մինչև սեպտեմբերի 30-ը կամ  օրինականացնեին իրենց կացությունը ՌԴ սահմաններում, կամ հարկադիր վերադառնան իրենց երկրներ։

Այս տարվա առաջին  ինն ամսում  Հայաստանի երկու՝ «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով մեկնել ու  ժամանել է 1 մլն 704 հազար 900 ուղևոր․ տվյալները «Ռադիոլուր»-ին փոխանցեցին «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ից։ Ընկերության հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝  

«Միայն սեպտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանով ժամանել է 132  206 ուղևոր, մեկնել է 142  431 ուղևոր։ «Շիրակ» օդանավակայանով ժամանել է 3215 ուղևոր, մեկնել է 3418 ուղևոր»։

Ո՞ր երկրից են եկել ու ո՞ր երկիր մեկնել՝ վիճակագրությունը չի պատմում։ Բայց  տարբեր տարիների հետազոտությունները  փաստում են, որ Հայաստանից միգրացիոն հոսքի  95 տոկոսն ուղղված  է դեպի  ՌԴ։ Այնտեղ են  մեկնում ինչպես երկարաժամկետ միգրանտները, այնպես էլ սեզոնային աշխատանքների համար։ Մնացածը բաժին է  ընկնում ԵԱՏՄ անդամ մյուս պետություններին՝ Բելառուս, Ղազախստան։ Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը «Ռադիոլուր»-ին  ներկայացնում է այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրությունը․

«Ունենք օրինական գնացողների վերաբերյալ հետևյալ վիճակագրությունը․ ՀՀ քաղաքացու անձնագրով մոտ 94 հազար հայ է  դուրս եկել ՀՀ-ից։ Համադրելով ՌԴ վարչական վիճակագրությունը՝  տեսնում ենք, որ մեր մեկնողների 72 տոկոսը մուտք է գրանցել ՌԴ։ Այդ թվի  82 տոկոսը ստացել է  ՌԴ-ում օրինական բնակվելու իրավունք՝ աշխատանքի հիմքով»։

ՌԴ-ում անօրինական հայ միգրանտների թվերը մոտավոր են։ Զրուցակիցս հղում է անում ՌԴ ներքին գործերի փոխնախարարի  հայտարարություններին․ ըստ այդմ՝ ՌԴ-ում անօրինական ապրում է շուրջ 61 հազար հայ։  

«Մենք չունենք հստակ թվեր, թե մոտ 61 հազարից որքան մարդ այս ընթացքում հասցրեց օրինականացնել իր կացությունը։ Ունենք ավելի ընդհանուր վիճակագրություն․ ՌԴ ՆԳՆ-ն նշում է, որ 1․6 մլն անօրինական բնակվող օտարերկրացի կա ՌԴ-ում ընթացիկ տարում 400 հազարն է իր փաստաթղթերը օրինականացրել։ Սակայն թե 400 հազարի մեջ որքանն են մեր  61 հազարից, մենք այս պահին տվյալ չունենք»։

Սեպտեմբերի 30-ն այն վերջնաժամկետն էր․ մինչ այդ ՌԴ-ում անօրինական գտնվող միգրատները պետք է օրինականացնեին իրենց փաստաթղթերը։ Հակառակ դեպքում նրանց արտաքսում է սպասվում։ Այդ երկրում արդեն իսկ խստացված ստուգումներ են սկսվել՝ հայտնաբերելու անօրինական միգրատներին։ Եթե ՀՀ քաղաքացու համար ՌԴ-ն սահմանում է մուտքի արգելք, դրա ժամկետը սահմանվում է ըստ կատարած վարչական խախտումի՝ ասում է Միգրացիոն ծառայության ներկայացուցիչը։

«Դեռևս համավարակով պայմանավորված սահմանափակումների ժամանակ ռուսական իշխանությունները բարեհաճ գտնվեցին ու փաստաթղթային խնդիրներ ունեցողներին, որոնք սահմանները փակվելու հետևանքով չէին կարողացել դուրս գալ երկրից, հնարավորություն տվեցին օրինականցնել փաստաթղթերը։ Բոլոր հնարավորություններից  հետո մինչև 2020թ մարտի 15-ը ՌԴ մեկնած ու դրանից հետո անօրինական միգրանտի կարգավիճակում հայտնված մարդիկ, ովքեր չհասցրեցին, չկարողացան, իրազեկված չէին, չկարողացան փաստաթղթերը կարգաբերել մինչև սեպտեմբերի 30-ը այժմ արդեն ենթակա են հարկադիր վերադարձի»։

Բացի այս խստացումներից՝ ՌԴ պետդումայում միգրացիոն ոլորտը կարգավորող իրավական ակտի մեկ այլ նախագիծ է շրջանառվում․ այն արդեն անցել է քննարկումների մի քանի փուլ։ Դրանով եւս խստացումներ են նախատեսված փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան չստացած, ՌԴ-ում գտնվելու օրինական հիմք չունեցող մարդկանց համար՝ ընդհուպ մինչեւ արտաքսում։

Շրջանառվող նախագիծը ենթադրում է, որ ՌԴ գործող օրենսդրությունը խախտողների մուտքը 3 տարով կարգելափակվի առանց դատարանի վճռի, ընդամենը գրավոր ծանուցմամբ: Մուտքի արգելքի հիմքերը կավելանան ու կխստացվեն։ Այժմ երկու և ավելի վարչական իրավախախտման դեպքում  ոչ միայն տուգանքներ են մուծվում, այլև երեք տարով մուտքը արգելվում է։ Մուտքի արգելք կարելի է «վաստակել», եթե քաղաքացու՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետը գերազանցել է կամ անձը տվյալ երկրի համար անցանկալի է հիվանդության, ազգային անվտանգության և հասարակական, բարոյական նորմերի սպառնալիք դիտվելու դեպքում։ Զրուցակիցս՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նոր նախագծի մասով, սակայն, մտահոգություն ունի․

«Օրինակ, քաղաքացին մասնակցել է հակակառավարական ցույցի, դա կարող է համարվել որպես ազգային սպառնալիք, և քաղաքացին կարող է համարվել անցանկալի ու ցմահ մուտքի արգելք վաստակել։ Այսինքն՝ անձը կարող է ճանաչվել անցանկալի՝առանց պատճառի բացատրության։ Երկարաժամկետ կամ մշտական բնակվողների 15 և ավելի օր եկամտահարկի կանխավճարային վճարումներն ուշացնելու դեպքում նույնպես կարող է քաղաքացին անցանկալի համարվել»։  

Ուշագրավ է, որ, ըստ նախագծի, բոլոր արգելքները կդրվեն ավտոմատ, առանց  վարչական որոշման, և դրանք անհնար կլինի բողոքարկել։ Միգրացիոն ոլորտը կարգավորող այս նախագիծը դեռ Պետդումայում չի քննարկվել։ Բայց պատկան մարմինները կարեւորում են, որ ՌԴ-ում անօրինական գտնվող տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներն իրազեկ լինեն հոկտեմբերի 1-ից արդեն ուժի մեջ մտած խստացված կարգավորումների մասին։

Կարդացեք նաև

Back to top button