
Ադրբեջանական ռազմական հենակետերը, որոնք տեղակայված են Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում, անհերքելի սպառնալիք են հանդիսանում խաղաղ բնակիչների կյանքի և բնականոն կենսագործունեության համար։ Այս մասին գրել է ԱՀ ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա Թվիթերի իր էջում նկարներ է տեղադրել դեպքի վայրից։
«Ադրբեջանի կողմից Արցախում քաղաքացիական անձի դիտավորյալ սպանությունը նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական կողմից խախտումների, իրականացվող սադրանքների և Արցախի ժողովրդի կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված ոտնձգությունների համար իրական պատասխատվության բացակայության արդյունք և հետևանք է»,- գրել է Ստեփանյանը։
Ըստ պաշտպանի՝ Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված Ադրբեջանական ռազմական հենակետերի անհապաղ հեռացումը միայն կարող է իրական անվտանգություն ապահովել խաղաղ քաղաքացիական բնակավայրերի համար։
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի մերձակայքում նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական դիպուկահարի ուղիղ թիրախային հարվածից կրծքավանդակի հատվածում ստացած մահացու վիրավորման հետևանքով զոհվել է Մարտակերտ քաղաքի 1966թ․ ծնված բնակիչ Արամ Տեփնանցը։




