
Հոկտեմբերի 8-ին Վենետիկում Aurora Dialogues քննարկումների շրջանակում անցկացվել է հանդիպում «Ավրորայի» հերոսների հետ:
Հանդիպման ընթացքում 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսները ներկայացրել են իրենց աշխատանքն ու ոգեշնչման աղբյուրը, քննարկել, թե ինչպիսի աջակցություն է անհրաժեշտ իրենց համայնքներում շոշափելի փոփոխություն իրականացնելու համար:
Քննարկումը տեղի է ունեցել Վենետիկի միջազգային համալսարանի դահլիճում՝ Սան Սերվոլո կղզում:
2021 թ. «Ավրորայի» հերոսներն են.
- Գրեգուար Ահոնգբոնոն (Կոտ դ’Իվուար). «Սբ Կամիլ» ընկերակցության հիմնադիր, որն օգնում է Արեւմտյան Աֆրիկայում հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց եւ փորձում է վերջ տալ նրանց շղթայակապ պահելու` տեղական անմարդկային սովորությանը: Գրեգուար Ահոնգբոնոնն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք խթանում են միջազգային համերաշխությունը եւ աջակցում են մտավոր հաշմանդամություն ու հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց։ Դրանք են «Միջազգային զարգացման կրթության՝ Լանոդիերի տարածաշրջանային կոմիտեն» (ԿՐԵԴԻԼ), «Լ’Արշ Կանադա» հիմնադրամը եւ «Սբ Կամիլ» ընկերակցությունը:
- Ջուլիեն Լուսենգե (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն). մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն՝ հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» (SOFEPADI) կազմակերպության եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, որը տարիներ ի վեր օգնում է պատերազմի ընթացքում սեռական բռնության ենթարկվածներին։ Տիկին Լուսենգեն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք աջակցում են կանանց կազմակերպություններին, զորացնում են գենդերային հիմքով բռնության զոհերին եւ օգնում ներքին տեղահանված անձանց՝ վերաինտեգրվելու իրենց համայնքներ։ Դրանք են Կոնգոյացի կանանց հիմնադրամը, Կոնգոյի համերաշխության լիգան եւ «Մայրերի ընկերություն՝ հանուն զարգացման եւ խաղաղության» կազմակերպությունը:
- Ռուբի Ալբա Կաստանյո (Կոլումբիա). իրավապաշտպան եւ ASOCATDAME-ի (Գյուղացիների, գյուղական աշխատողների եւ շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ասոցիացիա) հիմնադիր, որն աշխատում է պաշտպանել հազարավոր կոլումբիացի գյուղացիների իրավունքները, որոնք ենթարկվում են հետապնդումների, հարկադիր տեղահանումների եւ անհետացման։ Տիկին Կաստանյոն առաջադրել է հետեւյալ երեք կազմակերպությունները, որոնք պաշտպանում են Կոլումբիայի գյուղացիական եւ աղքատ համայնքների իրավունքները. Գյուղացիների, գյուղական աշխատողների եւ շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ասոցիացիա (ASOCATDAME), «Նորման Պերես Բեյո» կլարետյան կորպորացիա (CCNPB) եւ Գյուղատնտեսական միությունների ազգային դաշնություն (FENSUAGRO):
- Աշվաք Մոհարամ (Եմեն). բժիշկ, որը կենսապահպան աջակցություն է ցուցաբերում Եմենի Հոդեյդա նահանգի սովյալ բնակչությանը, որը հայտնվել է հակամարտության ու շրջափակման հետեւանքով գոյացած ճգնաժամի մեջ: Բժիշկ Մոհարամն առաջադրել է երկու կազմակերպություն, որոնք պաշտպանում են երեխաների ապագան եւ անվճար առողջապահական ծառայություններ մատուցում Եմենում ընթացիկ հակամարտությունից տուժածներին. դրանք են «Փրկեք Եմենի երեխաներին» եւ «Բժիշկներ առանց սահմանների» (Եմեն) կազմակերպությունները:
- Փոլ Ֆարմեր (ԱՄՆ). բժիշկ-մարդաբան, Հարվարդի բժշկական դպրոցի դասախոս, «Առողջապահական գործընկերներ» (PIH) միջազգային շահույթ չհետապնդող կազմակերպության համահիմնադիր եւ գլխավոր ռազմավար, որը ժամանակակից բժշկագիտության օգուտները հասցնում է նրանց, ովքեր ամենից շատ ունեն դրա կարիքը: Փոլ Ֆարմերը առաջադրել է երկու կազմակերպություն, որոնք առողջապահական ծառայություններ են մատուցում աշխարհի ամենաաղքատ համայնքներին եւ ստեղծում են սոցիալական բժշկություն ուսուցանողների ու պրակտիկ գործունեությամբ զբաղվող մասնագետների համաշխարհային շարժում։ Դրանք են «Առողջապահական գործընկերներ» եւ «Հավասար առողջություն» կազմակերպությունները։

Լորդ Արա Դարզի, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ
Պատիվ ունեմ՝ ավարտին հասցնելու 2020 թ. կիսատ գործը, որն անավարտ էր մնացել համավարակի պատճառով: Այն է «Ավրորա» մրցանակի դափնեկրի հայտարարումը, որին մենք գիտենք, որովհետեւ նրա անունը հայտարարվել էր դեռ անցած տարի, բայց հնարավորություն չէինք ունեցել հանդիպելու դափնեկրին: Նրանք են Ֆարթունը եւ նրա դուստրը՝ ԻլվադԷլմանը: Երկուսն էլ իրավապաշտպան են եւ ղեկավարում են Սոմալիի «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը: Անցած տարի նրանք երկուսն էլ դարձան «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ կանանց իրավունքների պաշտպանությանը, խաղաղաշինությանը եւ մանկահասակ զինվորների վերականգնմանն ուղղված աշխատանքի համար՝ մարմնավորելով մարդկայնության համընդհանուր ոգին, որի մարմնացումն է այն ամբողջ աշխատանքը, որը հպարտությամբ մեծարում է եւ որին աջակցում է «Ավրորան»: Խնդրում եմ միացեք ինձ՝ շնորհավորելու Ֆարթունին, որն այսօր մեզ հետ է:
Նուբար Աֆեյան, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
«Ավրորայի» համահիմնադիրների՝ Վարդան Գրեգորյանի, Ռուբեն Վարդանյանի եւ ինձ համար անգնահատելի փորձառություն էր վերջին վեց տարիներին տեսնել բոլոր այս ոգեշնչող պատմությունները մարդկային համառության եւ խիզախության մասին: Ցավոք, Վարդաննայլեւս մեզ հետ չէ, բայց նրա ոգին եւ ներշնչանքն օգնում են մեզ մեր բոլոր ձեռնարկումներում: Եվ նրա ոգին այստեղ է, իսկ նրա ժառանգությունը շարունակում է ապրել:
Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ, որովհետեւ հավատում ենք, որ աշխարհը կարող է ավելի լավը լինել: Եվ մենք յուրաքանչյուրս մեր ձեւով եւ մեր դաշտում աշխատում ենք, որպեսզի այդպես լինի: Լինել այստեղ այս բացառիկ մարդասերների կողքին, որոնք ձգտում են փրկել այլոց՝ ի ցույց է դնում բոլոր այն միջոցները, որոնցով կարող ենք օգնել ուրիշներին ոչ միայն փրկվել, այլեւ վերածնվել, որն այս օրերի մեր հավաքի թեման է, եւ, ի վերջո, բարգավաճել:
Մենք առաջնորդվում ենք «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարով: Եվի՞նչ է դա ենթադրում: Երախտապարտ լինելը կարող է պարզապես սահմանափակվել շնորհակալություն ասելով: Հաճախ մենք նույնիսկ դա ենք մոռանում: Բայց «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը միայն շնորհակալություն ասելը չէ, այլ այն գործով արտահայտելն է, քայլեր ձեռնարկել եւ ժամանակ ու էներգիա տրամադրել մեր ողջ կյանքի ընթացքում, որպեսզի բարությամբ պատասխանենք մեր հանդեպ արած բարությանը՝ այլոց կողմից մեզ տրված երկրորդ հնարավորությանը: Այսպիսով՝ օգնության այս առաքինի շղթան, ուրիշներին օգնելն ու մշտապես մեր երախտագիտությունը գործով արտահայտելն այն է, ինչը դարձել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության էությունը: Մեր նախաձեռնությունն ստեղծվել է, որպեսզի մեծարի մեր հերոսների նման մարդկանց, որոնք վտանգում են սեփական կյանքը՝ փրկելու մարդասիրական վատագույն ճգնաժամերում հայտնված հազարավոր այլ մարդկանց: Եվ այն ստեղծվել է, ինչպես շատերդ գիտեք, ի հիշատակ նրանց, ովքեր ավելի քան մեկ դար առաջ փրկեցին հայերին:
Ռուբեն Վարդանյան, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
Հրաշալի է տեսնել, թե ինչպես են մարդիկ հավաքվել 27 երկրից, որպեսզի արժանին մատուցեն մարդասիրությանը, ինչը չափազանց կարեւոր է հատկապես հիմա, երբ աշխարհը բռնկված է համավարակով:Ես հույս ունեմ, որ այն, ինչ արել ենք այս վեց տարիների ընթացքում, ուսանելի կլինի՝ ցույց տալու մարդկանց, թե ինչպես կարող ենք սիրել եւ պահպանել հույսն ու հավատը՝ անկախ բոլոր մարտահրավերներից, եւ, որպես օրինակ, տարբերվել մյուսներից, ինչն էլ մենք պետք է ցույց տանք աշխարհին:
Մենք կորցրել ենք մեր ինքնավստահությունը, եւ ինչպես մեր ընկեր Վարդանն էր ասում. «Ո՞վ ենք մենք: Ո՞րն է մեր կյանքի իմաստը»: Նա` մեր մենթորը, բարձրացնում էր այն հարցը, թե որն է կյանքի նպատակը: Ի վերջո, մենք փորձում ենք երկար ապրել: Իսկ ինչի՞ համար երկար ապրել: Ամեն անգամ, երբ լսում եմ այս բոլոր պատմությունները, մտածում եմ. «Ինչո՞ւ երեխաները չեն կարող ոգեշնչվել դրանցով: Չէ՞ որ դա նրանց կյանքի որոշումն է, իսկ այդ մարդկանց մասին աշխարհը շատ բան չգիտի»: Ամեն անգամ ես ամաչում եմ, որ այդքան վատ պատմություններ ենք լսում, իսկ այսօր այստեղ նստած մարդկանց նմանների պատմությունները մենք չգիտենք, թե ինչ են նրանք անում, ինչ վարք ունեն եւ ինչ են զգում: Կրկին՝ ամենակարեւորը սերն է մարդկանց նկատմամբ, ոչ թե ատելությունը, բացասական վերաբերմունքը, այլ դրական լիցքերը:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ, որ դուք կաք: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ անում ենք միասին: Եվ ես իսկապես հույս ունեմ, որ մեր շարժումը կլինի շարունակական:




