
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ամփոփել է առաջին անգամ իրականացվող «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայաստանյան փուլը։ Գրասենյակը մասնակցության ավելի քան 100 հայտ է ստացել աշխարհի շուրջ 25 երկրից։ Ընտրության ու հարցազրույցների փուլն անցած 25 մասնակից արդեն 2 շաբաթ հայրենիքում է։ Ծրագրի ավարտից հետո նրանցից յուրաքանչյուրն իր երկրի հայկական համայնքում կոնկրետ նախաձեռնություն է իրականացնելու։
Արցախ այցելությունը ռուսաստանաբնակ Լուսինեի կյանքը փոխել է․ հիմա սրտում արդեն մեծ տեղ ունի առանձնացրած հենց Արցախի համար։ Այցելության ընթացքում ծանոթացել ու կապ է հաստատել արցախցի երիտասարդների հետ, վստահ է՝ Ռուսաստան վերադառնալուց հետո ամուր է պահելու այդ կապը։
«Երբ Ռուսաստանում ես ու ասում ես՝ Արցախը մերն է, Արցախը մերն է, բայց երբեք չես տեսել Արցախը, մի տեսակ չես պատկերացնում, թե ինչ ես ասում։ Երբ գալիս ես Արցախ, ժինգյալով հաց ես ուտում, զինվորների հուշահամալիր ես գնում, հասկանում ես՝ որն է Արցախը։ Արցախի երիտասարդների հետ հանդիպումը մեզ շատ ոգևորեց։ Երբ գալիս էինք, մտածում էի, որ այնտեղ ընկճված երիտասարդներ կլինեն, բայց իրենց հետ խոսելուց հետո հասկացա, որ մենք ենք թույլ, իրենք շատ ուժեղ են»,- ասում է Լուսինե Ուստյանը։

Լուսինեն հայրենիքում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակում։ Նրա հետ ևս 20 երիտասարդ Հայաստան է եկել աշխարհի 16 երկրից։ Ծրագրի հիմնական նպատակներից մեկը Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդական ցանցի ձևավորումն է։ Լուսինե Ուստյանն ասում է՝ ծրագրի 2 շաբաթների ընթացքում իսկապես ճանաչել է Հայաստանն ու տարբեր երկրների հայկական համայնքները։
«Ես փորձեցի Հայաստան գալով ընդհանուր պատկեր կազմել Հայաստանի մասին։ Իրականում պատկերը շատ տարբեր է facebook-յան էջերում ու սոցիալական ցանցերում առկա ինֆորմացիայից։ Օնլայն հարթակից մենք կամ վարդագույն աչքերով ենք նայում Հայաստանին, կամ մտածում ենք, որ այստեղ վիճակը շատ վատ է, մինչդեռ իրականում այդպես չէ»։

Սփյուռքի երիտասարդ դեսպանն ասում է՝ Հայաստանում, իհարկե, խնդիրներ շատ կան, բայց բողոքելու փոխարեն պետք է գործել։ Վիեննայից Մեղրիկ Այդյանն, օրինակ, հայաստանյան խնդիրները լուծելու իր բանաձևն արդեն ունի ։
«Հայաստանն այսօր ամենաշատը նվիրված ու բարեխիղճ աշխատողների կարիք ունի։ Ուզում ենք համագործակցել Եվրոպայի համայնքների հետ, միջհամայնքային կոնֆերանսի միտք ունենք, խորագիրն էլ՝ ինչպես ապահովել հայրենադարձություն դեպի Հայաստան և նաև ինչպես խթանել ստարափերի զարգացումը Հայաստանում»,-ասում է Մեղրիկ Այդյանը։
Հատկապես հետպատերազմյան շրջանը լավագույն պահն է Սփյուռքի ներուժը Հայաստանի զարգացմանը ծառայեցնելու համար՝ վստահ է Էմիլ Սարգսյանը։ Էմիլը ծնվել ու մեծացել է Վրաստանում, աշխատում է Թիբլիսիի Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնում։

«Ես էլ եմ ուզում միանալ Հայաստանի զարգացմանը ու իմ ներդրումն ունենալ ։ Մենք Սփյուռքում փորձում ենք պահպանել մեր հայությունը, մեր մշակույթը, լեզուն, բոլորին ցույց տալ՝ ով ենք մենք, ինչ ունենք»,– ասում է վրացահայ երիտասարդը։
Ֆրանսիաբնակ Սոնա Սուրեկեն Սունգուլյանը Հայաստանում շատ է եղել, բայց այս այցը մյուսներից տարբերվում է․ իր հետ Ֆրանսիա է տանելու արցախյան ջերմությունը։
«Մեր արցախյան այցն ամեն ինչ փոխեց մեր կյանքում, մեր պատկերացնումները փոխվեցին պատերազմի ու հետպատերազմյան իրավիճակի մասին։ Հիմա պետք է մեր ուժերը համախմբենք, որ միջազգային հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնենք Արցախը»,– ասում է Սոնա Սուրեկան Սունգուլյանը։
Արցախ այցելությունը «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ամենակարևոր բաղադրիչներից մեկն էր՝ ասում է ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը։ Այս տարի առաջին անգամ իրականացվող ծրագրի նպատակը Սփյուռքի ակտիվ երիտասարդներին միավորելն ու նրանց միջոցով նաև համայնքային կյանքն ակտիվացնելն է։

«Մենք ունեցանք դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, այցելություններ, որոնք հնարավորություն տվեցին մասնակիցներին գաղափար կազմել հայաստանյան իրականության մասին, հասկանալ, թե Սփյուռքն ինչ կարող է անել Հայաստանի խնդիրների լուծման համար կամ իրենք՝ որպես երիտասարդներ, ինչ կարող են անել»,– մանրամասնում է ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը։
Ծրագրի հայաստանյան փուլն արդեն ավարտվել է, առաջիկայում ծրագրի մասնակիցները կվերադառնան իրենց երկրներ և յուրաքանչյուրն իր համայնքում գործունեությունը կշարունակի՝ նոր փորձ ու գիտելիքներ կուտակած։ Գրետա Մնացականյանը ծրագիրն ամփոփելով արձանագրում է՝ Հայաստանն արդեն ամբողջ աշխարհում Սփյուռքի երիտասարդ դեսպանների հզոր ցանց ունի։




