
ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները երեկ դիմել են Սահմանադրական դատարան՝ համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով:
Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Ըստ պատգամավորի՝ այդ խոշորացումն ունի քաղաքական նպատակ, իշխանությունը ցանկանում է ամրապնդել իր դիրքերը բոլոր տարածքներում:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանն էլ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ Համայնքների խոշորացման օրենքի մեջ հակասահմանադրական տարր չկա։
«Սահմանադրական դատարան դիմելու փաստը հիմք չէ, որպեսզի համայնքների խոշորացման պրոցեսը չշարունակվի, դա վերաբերում է նաև տվյալ համայնքներում կայանալիք ընտրություններին: Կարծում եմ, որ գործընթացներն իրենց բնական հունով կընթանան, մինչև Սահմանադրական դատարանը որոշում կայացնի համայնքների խոշորացման սահմանադրականության վերաբերյալ:
Խոշորացման գործընթացը Հայաստանում նոր չէ, որ սկսվել է, և այդ գործընթացի սահմանադրականությունը երբևէ չի վիճարկվել: Այդ նույն գործընթացները շարունակվում են, ուղղակի պրոցեսները հասցվում են իրենց տրամաբանական ավարտին՝ ամբողջ Հայաստանի խոշորացման համար»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը:
Ազգային ժողովը սեպտեմբերի 24-ին ընդունել է համայնքների խոշորացման մասին նախագիծը: Դրանով նախատեսվում է Հայաստանի 441 համայնքներ միավորել 37 համայնքային փնջերում:




