
Հայաստանի մեծ ձգտումների փակագծերն այսօր խորհրդարանում բացել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Պարսից ծոցից Սև ծով՝ այսպես կարելի է բնաութագրել ծրագիրը, որին փորձում են հասնել տարածաշրջանի ապաշրջափակման միջոցով։ Որոշակիրոեն նաև այդ ծրագրին է առնչվելու Հնդկաստանի արտգործնախարարի առաջիկա այցը Հայաստան։
«Ավելի լայն, ավելի մեծ տարածաշրջանի հնարավոր նոր տանացիկ, միջանցիկ քննարկումներ են, քննարկում ենք նաև Պարսից Ծոց-Սև ծով միջանցքի վերաբերյալ թեման, և այստեղ նաև մեծ հետաքրքրություն ունի Հանդկաստանը։ Օրեր անց մենք այստեղ կհուրընկալենք Հնդկաստանի արտաքին գործերի նախարարին։ Ահա առավել մեծ տարածաշրջանային, տնտեսական և ոչ միայն թեմաների համատեքստ կա և այստեղ մեր և Իրանի պատկերացումները մեծապես համընկնում են և մենք կրկին ողջունում ենք Իրանի ներգրավվածությունը այս բոլոր հարցերին»,-մանրամասնել է Արարատ Միրզոյանը։
Հայաստանի արտգործնախարարը Իրան կատարած այցից առանձնացրել է երկու հիմնական շեշտադրում։ Առաջինով ողջունում է Իրանի դիրքորոշումը մեր սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ ու, ընդհանրապես, այն բոլոր դրական ազդակները, որ ստացվում են այս առնչությամբ: Արարատ Միրզոյանի խոսքով՝ քննարկում է եղել նաև «այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ:
«Փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա ու չի կարող լինել այդպիսի թեմա»,-հայտարարեց արտգործնախարարը։

Արտգործնախարարի առանցքային մյուս հանդիպումներն ավելի վաղ Նյու-Յորքում էին։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, բացի երկկողմ տարբեր հանդիպումներից, Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է նաև ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ, որոնք այնուհետև կազմակերպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
Հասկանալի է, որ հակամարտությունից հետո լարված հանդիպում է եղել, պարզապես պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս հանդիպել։ Թե ինչ քայլերով են մոտենալու կարևորագույն խնդիրների քննարկմանը, Հայաստանի արտգործնախարարը, ներկայացրել է, բայց նախ՝ նրա տպավորությունը միջնոդրների հետ հանդիպումից։
«Ադրբեջանում սիրում են ասել, որ խնդիրը այլևս գոյություն չունի, կարծում եմ, նաև սա մի վկայություն է, միջազգային հանրության կողմից ևս մեկ հավաստիացում է այն մասին, որ խնդիրը գոյություն ունի և խնդիրը լուծում պահանջում է, և այդ խնդրի լուծման փնտրտուքը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով, այս խնդրի կապակցությամբ միջագային ճանաչում ստացած միակ լիազոր, միակ մանդատ ունեցող ձևաչափով։ Ըմբռնում կար, որ ելնելով լարվածությունից, բազմաթիվ չլուծված խնդիրներից, պայմանավորվածութթյուն ենք ձեռք բերել նորից հանդիպել և առաջնային քննարկման դարձնել հումանիտար հարցերը։ Իհարկե, առաջին հերթին խոսքս վերաբերում է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրին, մեր կողմից ներկայացված և հաստատման սպասող այլ գերիների առկայության հարցին, նաև ԼՂ միջազգային կազմակերպությունների մարդասիրական օգնության հասանելիության և բազմաթիվ այլ հարցերին։ կարծում եմ, այս խնդիրների դրական լուծումը Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման վկայություն կլինեն և կստեղծեն այնպիսի մթնոլորտ, որտեղ արդեն կարող ենք ամենակարևոր հարցերը քննարկել ժամանակի ընթացքում»։
Ամենակարևոր հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, բայց ժամանակային առումով, կարծես թե ավելի մոտ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքը։ Խորհրդային ո՞ր տարիների քարտեզներով է գործընթացն իրականացվելու․ տևական ժամանակ է այս հարցը հնչում է տարբեր հարթակներում՝ հաշվի առնելով, որ Խորհրդային Հայաստանի սահմանները տարբեր տարիներիներին փոփոխվել է։ Օրինակներից մեկը, թե ինչ փաստաթղթեր կարող են օգտագործվել ներկայացրեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«1990 թվականի մայիսի 20-ին ընտրություններին մասնակցել է ԼՂ ինքնավար մարզի ժողովուրդը Շուշիի շրջանից, որ այն ժամանակ ադրբեջանական վերահսկողության տակ էր և Շահումյանի շրջանի ժողովուրդը։ Դրանից բացի չեն չեղարկվել ոչ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, ոչ Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, ոչ էլ՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը։ Ուստի դրանք ուժի մեջ գտնվող և գործող իրավական ակտեր են»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր վերջապես հստակեցրեց, թե ինչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ և ինչ փաստաթուղթ է ընունվելու որպես հիմք։ Առաջարկում եմ փոխվարչապետի հիմնավորմանը ծանոթանանք։
«Հիմքերի և հենքերի ամբողջական համապարփակ հետազոտությունից հետո նոր պարզ կդառնա, թե սխեմատիկ իմաստով, որ քարտեը հիմք կհանդիսանա գործընթացներ կզմակերպելու և սկսելու համար։ Հնարավոր չէ սելեկտիվ վերաբերվել գործող և իրավազոր ակտերի։ Իհարկե, դրանք պետք է վերլուծվեն ամբողջության մեջ և բոլորն էլ այդ գործընթացում կիրառելի են։ Այլ հարց է, թե այդ իրավական ակտերի կոնֆլիկտը ինչ տեսք կունենա։ Իհարկե, մաքսիմալ պետք է հետազոտվեն և բացահայտվեն այն ակտերը, որոնք երկկողմ համաձայնեցված են եղել, որոնց հիման վրա քարտեզագրում է իրականացվել»։




