Հայաստանում ակտիվ սողանքային շուրջ 2500 տեղամաս կա, դրանցից առավել ակտիվ են 14–ը։ Միջազգային գործակցությամբ, մասնավորապես, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության մասնագետների հետ պարբերաբար ակտիվ սողանքային տեղամասերում հակասողանքային միջոցառումներ են իրականացվում, սակայն հաճախ գրունտների շարժը ամբողջությամբ կայունացնել հնարավոր չէ՝ տեղեկացնում են ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության տարերային աղետների բաժնից։ Ուսումնասիրությունն էլ փաստում է՝ սողանքներն ակտիվանում են հիմնական մարդու անմիջական ազդեցությամբ։

Տիկին Փերուշը հին վերարկուներով տան ճաքերն է փակում ու պատերի տակ թակարդներ շարում․ մի քանի սենյականոց առանձնատան սենյակներն առանձին են, 10-15 սանտիմետրանոց ճաքերը բաժանարար գծեր են սենյակների միջև։
«Էս թակարդները որ չլինեն, ինչ կենդանի ասես՝ գալիս է տուն։ Հնարավոր չէ այստեղ ապրել, բալա ջան․․․ Այս անցքը որ կա՝ թոռնիկիս հեռախոսը ընկավ, գնացի նկուղից բերեցի»,– պատմում է Փերուշ Մելքոնյանը։
Արդեն 40 տարի Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում է ապրում տիկին Փերուշը։ Ասում է՝ տան ճաքերն իր ապրած տարիներից շատ են։ Տարեսկզբի երկրաշարժն էլ պատից ծեփեր ու քարեր է թափել․ հավաքելու իմաստ չկա․ նորից կթափվեն՝ իր մտահոգությունն է կիսում․
«Ամբողջ գիշեր ձայներ են գալիս։ Քամի, ամպրոպ է լինում, վախենում ես։ Թոռս եկավ, չկարողացավ մեր տանը մնալ․ ասում է․ «Տատի, ձեր տնից ինչ ձայներ են գալիս։ Վախենում ենք հատակին կանգնել, դղրդում է։ Ձեր նկարելու համար մտանք, թե չէ ով է այս սենյակ մտնում»։
Ողջաբերդ համայնքը Հայաստանի շուրջ 130 ակտիվ սողանքային գոտիներից մեկն է, չնայած, ԱԻՆ տվյալներով, վերջին 5 տարում սողանքային երևույթները չեն ակտիվացել։ Ողջաբերդի համայնքապետարանն առավել վթարային, վտանգավոր վիճակում գտնվող 14 տուն է հաշվարկել, Փերուշ Մելքոնյանի տունը դրանցից մեկն է։

«Մի տարի առաջ եկան նայեցին, գնացին, էլ չեն եկել, գրեցին չորրորդ կարգի վթարային։ Երկրի վիճակը, որ սենց է՝ ով է մեզ բանի տեղ դնելու»,– ասում է Ողջաբերդի բնակչուհին։
6 անձից բաղկացած ընտանիքը կարողանում է տան միայն մի սենյակն օգտագործել, մնացածն ավելի վտանգավոր են, բացի այդ՝ ձմռանը տաքացնել հնարավոր չէ․ տան ճաքերից բակն է երևում, հատակի անցքերից էլ նկուղը։ Տիկին Փերուշը զարմանում է՝ ինչքան համարձակ ենք, որ իրենց տուն ենք եկել։
«Կամիսիան եկավ, ասեց՝ էս տնից դուրս եկեք, կարող է հենց հիմա փլվել․․․ ասում ենք՝ բա դե մի բան արեք․․․»
Հարևանությամբ ապրող Հենրիկ պապը պատմում է՝ պայքարելու ու իրենց խնդիրը բարձրացնելու համար հնարավոր բոլոր քայլերին դիմել է, բայց ինչպես հողը իրենց ոտքի տակից, այնպես էլ խոստումներն ու խոստում տվողները եկել գնացել են։
Սողանքային գոտիներից վերաբնակեցման կամ ռիսկային բնակֆոնդի դիմաց փոխհատուցման նպատակով վերջին 5 տարում բյուջեից խոշոր հատկացումներ չեն եղել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փոխանցում են՝ Ողջաբերդի խնդիրը քննարկվում է։
Գյուղում սակայն հիշում են եղել են դեպքեր, որ բնակիչները փոխհատուցում ստանալուց հետո շարունակել են ապրել վթարային տանը։

Համայնքում ԱԻՆ–ը էքստենզոմետրներ է տեղադրել, որոնք գրանցում են սողանքային մարմնի շարժը։ Սարքը գրանցած տեղեկությունները փոխանցվում է և՛ ԱԻՆ, և՛ համայնքապետարանին։ Համայնքապետի տեղակալ Լարիսա Սուրենյանն ասում է՝ բնակիչները սարքերի և դրանից ստացվող տեղեկությունների մասին գիտեն, սակայն հաճախ պատահում է, որ բնակիչները իրենց տանը նստած ավելի արագ են «արձանագրում» գրունտի շարժը քան սարքերը։
«Այս սենց վիճակում ենք, չգիտենք՝ ուր գնանք, ում դիմենք, ինչ անենք, գյուղապետը ի՞նչ կարա անի, իրա ձեռքին ի՞նչ կա։ Ախր այստեղ ապրել կլինի՞, ամեն րոպե վտանգ կա»,– ասում է Հենրիկ Հովհաննիսյանը։
Շուրջ 90 աշակերտ ունեցող համայնքը դպրոցի հիմնական շենք չունի․ աշակերտները տնակներում են դասերն անցկացնում՝ ասում է համայնքապետի տեղակալ Լարիսա Սուրենյանն ու ցույց տալիս համայնքի մանկապարտեզի և դպրոցի փլատակները։
«Եթե գյուղն ապագա չունի, ի՞նչ ծրագիր ներդնես, կամ ո՞վ գումար կներդնի։ Այսօր մի բան սարքեն, վաղը կփլվի։ Դպրոցի, մանկապարտեզի շենքերը փլվել են, հետո քաղաքապետարանի մոտ նոր դպրոց կառուցեցինք, բայց դա էլ փլվեց․ հիմա արդեն տնակների մեջ են դասերն անում»,– ասում է համայնքապետի տեղակալը։

Տիկին Լարիսան ասում է՝ հողը հոսող, բայց շատ բարեբեր է․ գյուղում հիմնական զբաղմունքը հիմա արդեն անասնապահությունն է․ վարելահողերի մեծ մասը մշակել հնարավոր չէ․ իմաստ էլ չունի, ասում է՝ եթե այսօր այգի ունես, վաղը հողը կտանի։ Տեղացիներն անգամ պատմում են՝ իրենց գյուղ հարս չի գալիս։
Ողջաբերդից բացի՝ Հայաստանում ևս 2.5 հազար սողանքային գոտի կա։ Հանրապետության շուրջ 230 համայնք սողանքային վտանգավոր տեղամասերում է։ Լոռու մարզ, Շահումյան համայնք, Ալթայ թաղամաս․
«Ճեղքը եկել էր հենց մեր գերեզմանի ուղղությամբ, մենք էլ ստիպված հարազատների օգնությամբ տեղափոխեցինք գերեզմանը, որ մեր խիղճն էլ հանգիստ լինի։ Չէինք կարող այնտեղ թողնել․․․ Գիշեր-ցերեկ երազ էի տեսնում, ամուսինս երազիս ասում էր․ «ինձ ջուրը տանում է»․․․ եթե ուրիշները մի անգամ են թաղում, մենք երկու անգամ թաղեցինք»,– պատմում է Շահումյան համայնքի բնակչուհի Թամարա Շիմալյանը։
Համայնքում կնոջը բոլորն են ճանաչում։ Թաղամասում սողանքային 2 հիմնական գոտիներից մեկը հին գերեզմանների տարածքն է․ տարերային աղետը ստիպել է վերահուղարկավորություն անել։ Տարիներ առաջ էլ համայնքում 3 ամառանոց է փլուզվել։
«Տեսեք, մեկի աստիճանները երևում են։ Մեկը փոքր ամառանոց էր, երկուսը՝ մեծ։ Հաստ պատեր են եղել, իսկ մյուսից միայն բետոնե կոնստրուկցիաներն են մնացել։ Վերևում 5 տուն էլ կա, որ էլի վտանգի տակ են․ տակը «փախել» է, վտանգը ավելի է մեծացել»,– ասում է Շահումյանի համայնքապետարանի հողաշինարար Կարեն Սարգսյանը։
2018-2019թ–ին Թումանյան համայնքում ԱԻՆ–ը հակասողանքային միջոցառումներ է իրականացրել, սակայն հնարավոր չէ ամբողջությամբ կայունացնել սողանքը։

Իրականացվել է լանջի վտանգավոր հատվածի հարկադիր իջեցում, սակայն սողանքային լանջը բավականին մեծ է՝ շուրջ 3 կմ, իսկ սահքի խորությունը շուրջ 40։ Այդ սողանքը ամբողջությամբ կայունացնել, կարելի է ասել, անհնար է։ Ժամանակ առ ժամանակ գրունտի փոքր փլուզումներ լինում են»,– ասում է ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության տարերային աղետների բաժնի պետ Հակոբ Հակոբյանը։
Տարերային աղետների բաժնի պետն ասում է՝ վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սողանքների ակտիվացումը հիմնականում մարդու գործունեության հետևանք է։ Չնայած վերջին տարիներին հանրապետությունում կտրուկ ակտիվացումներ չեն եղել, այնուամենայնիվ, զգոնությունը թուլացնել պետք չէ․ հողը ցանկացած պահի կարող է «բարկանալ»։
«Սողանքների ակտիվացման պատճառը հիմնականում մարդկային գործոնն է՝ սխալ ճանապարհաշինություն, լանջերի հատումներ, ծառահատումներ»։
Մարդկային գործոնին գումարվում են եղանակային անբարենպաստ պայմաններն ու, օրինակ, սխալ կազմակերպված ոռոգումը, շինարարական ծանրաբեռնվածությունը և դրա հետևանքով ակտիվանում են անգամ սողանքային պասիվ շրջանները՝ ասում է ԱԻՆ մասնագետ Հակոբ Հակոբյանը և շեշտում՝ իրենց մասնագետները ոռոգման յուրաքանչյուր սեզոնից առաջ բնակիչներին հիշեցնում են, ինչպես, ինչքան և ինչ հաճախականությամբ ջրեն իրենց հողատարածքները, չէ որ «Հողը չի սիրում իրեն չսիրողին, իր լեզուն չհասկացողին. կամ ամլանում է, կամ ոտ առած, ջուր դառած փախչում»․ ժողովրդական խոսք է:




