
Լիտվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասական գնահատականների է արժանացել Հայաստանում։ Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նա ասաց, թե պատրաստ է Ադրբեջանին փոխանցել ականապատված տարածքների քարտեզները՝ փոխանակելով դրանք Ադրբեջանում պահվող բոլոր գերիների հետ։ Գերիներին Հայաստան վերադարձնելու համար քարտեզներ ադրբեջանական կողմին էլի են տրվել, ուրեմն, ո՞րն է այս անգամ արված առաջարկության առանձնահատկությունը։
Հայտնի չէ՝ երբ և որտեղ կկայանա Փաշինյան-Ալիև ենթադրյալ հանդիպումը, բայց Հայաստանի վարչապետը պատրաստ է գնալ այդ հանդիպման, ընդ որում՝ ոչ դատարկաձեռն։ Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը Փաշինյանն այսօր կրկնեց, վերահաստատեց և փակագծեր բացեց․ քարտեզների մասին ասածը Ալիևին ուղղված հռետորական հայտարարությո՞ւն էր, թե՞ գործնական առաջարկ․
«Այդ պոտենցիալ հանդիպմանն ընդառաջ ես պատրաստ եմ ինձ հետ վերցնել բոլոր այդօրինակ քարտեզները, որոնք հումանիտար սպառնալիք են ներկայացնում և անվտանգային գործառույթ չունեն մեզ համար։ Հույս ունեմ, որ Ադրբեջանի նախագահն էլ, իր հերթին, իր հետ կբերի պայմանական կամ ուղիղ իմաստով Ադրբեջանում պահվող գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց: Ընդ որում՝ տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ ոչ միայն նրանց, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես, այլև այն մեր քաղաքացիներին, որոնք, մեր տեղեկություններով, գտնվում են Ադրբեջանում, բայց նրանց՝ գերեվարված լինելու փաստը հաստատված չէ»։
Շատերը այսօր Երևանում փորձում էին հասկանալ՝ սա լա՞վ, թե՞ վատ առաջարկ է։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար հստակ է՝ հանդիպումն արդյունավետ լինել չի կարող, իսկ առաջարկը, ըստ նրա, առավել, քան անհասկանալի է․
«Այո, ես որևէ տրամաբանություն այս ամեն ինչի մեջ չեմ տեսնում։ Ես չեմ հասկանաում, թե ինչու մեկ տարի անց մենք ունենք ռազմագերիներ և, ավելին՝ մենք չգիտենք, թե քանի ռազմագերի ունենք։ Չեմ ուզում էմոցիոնալ դաշտի մեջ ընկնել, բայց այն ինչ կատարվում է արդեն մեկ տարի անց, հնարավոր չէ բացատրել անփորձությամբ կամ ինչ-որ ապիկարությամբ։ Սրանք գիտակցված քայլեր են, որոնց նպատակները ինձ հասկանալի չեն»։

Աժ-ի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանը քարտեզների փոխանցման առաջարկում մտահոգիչ և վտանգավոր ոչինչ չի տեսնում։
«Եթե չեմ սխալվում, ականապատման քարտեզների մասին է խոսքը, այն տարածքների, որոնք այս պահին գտնվում են Ադրբեջանի գրաված դիրքերի թիկունքում։ Այդ քարտեզները մեզ պետք չեն, և կարելի է մարդասիրական մղումներից ելնելով քարտեզները հանձնել, փոխարենը՝ ստանալ բոլոր գերիներին։ Պետք է երաշխիք ունենալ, նոր քարտեզները տալ։ Եթե երաշխիք չլինի, հավանաբար, քարտեզները չեն տա»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանը բարձրացնում է հումանիտար սպառնալիք ներկայացնող ականապատ դաշտերի քարտեզների հարցը: Այստեղ առանցքային բառը համարում է «հումանիտար» ձևակերպումը։
Նաև հիշեցնում է՝ հավանական բանակցությունների նոր փուլի հետ առաջարկը կապ չունի և նոր չէ։ Գերիներին վերադարձնելու դիմաց Հայաստանն արդեն երկու անգամ Ադրբեջանին փոխանցել է որոշ քարտեզներ․
«Խոսքը, ըստ էության, ոչ թե նոր տրամաբանության, այլ՝ նոր շեշտադրման մասին։ Մենք ունենենք ռազմագերիների խնդիր, մենք ունենք մեր հայրենակիցներին հայաստան վերադարձնելու խնդիր, և այդ խնդիրը պետք է փորձել լուծել։ Ակնհայտ է, որ Բաքուն ռազմագերիների խնդիրը փորձում է դիտարկել որպես քաղաքական լծակ, քաղաքական գործիք՝ ռազմաքաղաքական օրակարգը առաջ մղելու համար, մասնավորապես, միջանցքի հարց, կարգավիճակի հարցի չեզոքացում և այլն։ Երևանի այս մոտեցումները, որ բերվում են, այսինքն՝ հումանիտար շեշտադրումների դաշտում, փորձ են այդ խնդիրը քաղաքական դաշտից դուրս բերել և հենց հումանիտար մոդելի մեջ լուծում գտնել, որպեսզի այդ լուծումները սպառնալիք չլինեն Հայաստանի և Արցախի համար քաղաքական և անվտանգային տեսանկյունից։ Երբ հայաստանը առաջարկում է այդ խնդիրը լուծելու մոդել, չեմ կարծում, որ դա Հայաստանին ավելի թուլացնում է, քան այն պատկերը, ինչ կա՝ հաշվի առնելով հենց հայ ռազմագերիների առկայությունը Ադրբեջանում»։
Այլ հարց է՝ կողմերի անվստահությունը միմյանց հանդեպ․ Ադրբեջանը պարբերաբար դժգոհում է մինչ այս՝ կրկին գերիների փոխանակման ժամանակ իրեն փոխանցված քարտեզների որակից, իսկ Հայաստանը կասկածում է, որ Ադրբեջանում պահնվում են ավելի շատ գերիներ։ Քաղաքական մեկնաբանի համոզմամբ՝ միջնորդ սուբյեկտների վարքագծից և աշխատանքի արդյունավետությունից է կախված, թե որքանով կընդունվի Փաշինյանի առաջարկը։
«Ակնհայտ է, որ Ալիևը ռամագերիներին հարցի, այսպես ասենք, ոչ քաղաքական պահանջներով լուծման կգնա միայն այն դեպքում, երբ այլևս այդ խնդիրը չլուծելը կենթադրի քաղաքական նոր լուրջ խնդիրներ։ Հետևաբար, այստեղ ինչ իրավիճակ է այդ տեսանկյունից՝ չեմ կարող ասել։ Այն, որ Ալիևը ունի լուրջ խնդիրներ, ունի ընդհանուր խնդիրներ՝ թե ներքին, թե ռեգիոնալ բնույթի՝ անկասկած է։ Արդյո՞ք դրանք այժմ այնքան լուրջ են, որ ինքը կարող է որևէ լուծում դիտարկել, օրինակ՝ հայ ռազմագերիների հարցում լուծման միջոցով, սա արդեն բավական բարդ է ասել, քանի որ չենք տիրապետում իրական վիճակին»։
Փաշինյանի առաջարկն, ի դեպ, հնչել է ի պատասխան Ալիևի հայտարարությունների։ Իսպանական EFE գործակալությանը տված հարցարույցում նա խոսել էր Բաքվի «ադեկվատ պատասխանի» մասին, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները։
Հայաստանի վարչապետը խոսում է «պոզիտիվ ֆոն»-ի մասին, որը կստեղծվի գերիների վերադարձից հետո, բայց դա պետք է նախորդի սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին։ Եթե վարչապետը խոսում է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցությունների վերսկսման հավանականության մասին, բանակցային սեղանի շուրջ Հայաստանի համար դրական միջավայր այս պահին չի տեսնում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․
«Մենք բանակցային սեղանին «առևտրի» համար ոչինչ չունենք։ Այստեղ ուղղակի դիվանագիտական այլ կարգի հմտություններ են պետք՝ ինչ որ չափով ինչ-որ հաջողության հասնելու համար։ Մենք մեզ չխաբենք։ Մենք բանակցային սեղանին ոչ մի խաղաքարտ չունենք»։
Հայաստանի վարչապետը մինչդեռ շարունակում է պնդել տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» բացելու իր թեզը։ Սա է, թերևս, այս փուլում Հայաստանի հիմնական շեշտադրումը․
«Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և կոմունիկացիաների բացման այնպիսի սցենարներ պետք է որդեգրվեն, որոնք ոչ թե խորացնեն միմյանցից մեկուսացումը տարածաշրջանի ժողովուրդների ու երկրների միջև, այլ ընդհակառակը՝ նրանց խաղաղ գոյակցության համար պայմաններ ստեղծեն»։
Փաշինյանը հստակեցնում է՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը պետք է լինի համանախագահների համար ընդունելի սկզբունքների հիման վրա։







