ԿարևորՔաղաքական

Եթե փողոցային պայքար չգեներացնենք, ուրեմն հասարակությունն այս ամենը «մարսել է»․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանում ստեղծված ճգնաժամը չի հաղթահարվի, քանի դեռ 44-օրյա պատերազմի և պարտության վերաբերյալ անպատասխան հարցեր կան՝ լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ասել  է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։  Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի առաջնորդն առաջին անգամ է ասուլիս հրավիրել։ Քոչարյանը խոսել է պարտության պատճառների ու  հետևանքների մասին և ընդգծել՝ պատերազմի ու հետպատերազմյան իրողությունների քննության մեջ  ակտիվ դերակատարում  պետք է ունենա ընդդիմությունը։  

Պատերազմի ավարտից մեկ տարի անց էլ անպատասխան բազմաթիվ հարցեր կան՝ արձանագրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու հավելում՝ ոչ միայն հիմնական հարցերը պատասխաններ չեն ստացել,  այլև դրանց ավելացել են նորերը։ Քանի դեռ պատերազմում Հայաստանի պարտությանը վերաբերող հարցերի պատասխանները չկան, երկրում հանգստություն չի լինելու՝ վստահ է Ռոբերտ Քոչարյանը։

«Յուրաքանչյուր պետություն մինչև պատերազմ սկսելու մասին որոշում կայացնելը խորը վերլուծություն է անում։ Համադրում են իրենց զինված ուժերի հնարավորությունները հակառակորդ պետության հնարավորությունների հետ, փորձում են գնահատել այդ պետության ներքաղաքական իրավիճակը, դրանից հետո հասկանալ հակառակորդ երկրի կառավարության ունակությունները՝ արդյոք այդ կառավարությունը կարո՞ղ է պատերազմ կառավարել, թե՞ ոչ»,- ասում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ադրբեջանն, ըստ Քոչարյանի, հենց այս վերլուծության արդյունքում է որոշել սեպտեմբերի 27–ին պատերազմ սկսել։ Երկրորդ նախագահը  հիշեցնում է նաև մինչև պատերազմի մեկնարկը վերլուծաբանների ու Հայաստանում տարբեր երկրների դեսպանատների՝ պատերազմի վտանգի մասին ահազանգերը։ Նա համոզված է, որ պատերազմում ոչ թե բանակը, այլ պետությունն է պարտվել։

«Պետությունն է մոբիլիզացնում բոլոր հնարավորությունները պատերազմում հաղթանակ ունենալու համար․ հենց դա է պատճառը, որ երկրի առաջին դեմքը պատերազմի ժամանակ դառնում է գլխավոր գերագույն հրամանատար։ Ըստ էության, Հայաստանում դա չարվեց, մոբիլիզացիան տապալվեց և բանակը համալրելու փոխարեն սկսեցինք ջոկատներ կազմել»,-ընդգծում է Ռոբերտ Քոչարյանը։

Չափազանց շատ են կասկածներն ու անորոշությունները՝ պատերազմի ընթացքի ու կոնկրետ դրվագների վերաբերյալ ՝ ասում  է «Հայաստան» դաշինքի ղեկավարը և նկատում՝ դրանք գոյության իրավունք ունեն, քանի դեռ լուրջ քննությամբ  չեն հերքվել կամ հաստատվել։

«Առաջին հերթին պետք է պատերազմը քննել ընդդիմության ակտիվ ներգրավմամբ․ յուրաքանչյուր այլ տարբերակ հասարակության մոտ վստահություն չի առաջացնելու։ Մեր երկրում ճգնաժամը չի հաղթահարվի առանց այս հիմնաքարային հարցերի պատասխանների»,-կարծում է երկրորդ նախագահը։

44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկ խորհրդարանում արել է թե իշխանությունը, թե ընդդիմությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրենսդիրում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ընդգծել էր, որ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի ոչ միայն պատերազմի բուն շրջանի դեպքերը, այլև դրան նախորդող ժամանակաշրջանը:

Ամիսներ շարունակ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին բարձրաձայնող ընդդիմության գնահատմամբ էլ՝ իշխանությունը չէ, որ պետք է նախաձեռնի ու ղեկավարի հանձնաժողովը։ «Հայաստան» դաշինքն, օրինակ, խորհրդարանական քննարկումների ժամանակ առաջարկել է, որ հանձնաժողովում իշխանական ու ընդդիմադիր անդամները հավասար ներկայացվածություն ունենան, իսկ նախագահը լինի ընդդիմությունից։

Խորհրդարանական գործունեությունն, ըստ երկրորդ նախագահի, ընդդիմադիրների պայքարի 3 հիմնական ուղղություններից մեկն է։ Մյուսը լրատվական գործունեությունն է։ Այս երկու ուղղությունները, ըստ Քոչարյանի, ընդդիմությունն օգտագործում է հաջողությամբ։ Երրորդը փողոցային պայքարն է, որում  ընդդիմությունն անելիք դեռ ունի։

«Երբ ասում ենք փողոցային պայքար, չի նշանակում, որ մամուլի ասուլիսից հետո Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալու փողոց, դրոշը վերցնի և հայտարարի, որ մեկ ժամից հավաքվում ենք։ Սա մի գործընթաց է, որը պետք է գեներացնենք։ Եթե չկարողանանք գեներացնել, նշանակում է կա՛մ ճիշտ բառապաշարը չենք ընտրել ժողովրդի հետ շփվելու, կա՛մ այնուամենայնիվ ժողովրդի մեծ մասը այս ամենը մարսել է»,– կարծում է Ռոբերտ Քոչարյանը։

Նպատակը շարունակում է մնալ իշխանափոխությունը՝ վստահեցնում է երկրորդ նախագահը։ Նույն պահանջով ընդդիմության նախորդ տարեվերջի անհաջող փորձը և ընտրությունների արդյունքները «Հայաստան» դաշինքի առաջնորդին  չեն մտահոգում։ Ըստ նրա՝  բնակչության 20%-ի ակտիվ, անմնացորդ պայքարը բավարար է հաջողության հասնելու համար։ Իսկ այդքան քվե «Հայաստան» դաշինքն ընտրություններին ստացել է։

Կարդացեք նաև

Back to top button