
2016-ին ընդունված «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքը լիարժեք կսկսի գործել 2024–ին։ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել նախագծին, որով առաջարկվում է ևս երկու տարով երկարաձգել համայնքներին նոր՝ համահարթեցման սկզբունքով դոտացիաներ տրամադրելու ժամկետը։ Մինչ այդ համայնքների բյուջեից ավելի պակաս գումար չեն ստանա, քան ստացել են 2016 թվականին։ Կառավարությունն այս երկարաձգումը պայմանավորում է համայքների խոշորացման գործընթացով։
Կառավարությունն առաջարկում է 2016 թվականին ընդունված «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի կիրառումը հետաձգել մինչև 2024 թվականը։ ՏԿԵՆ փոխնախարար Վաչե Տերտերյանը պարզաբանում է հետաձգման պատճառները․
«Օրենքի՝ ամբողջ ծավալով կիրառումը բերում էր շուրջ 250 և ավելի համայնքներում դոտացիոն հատկացումների ծավալի կրճատման, ինչը մենք դիտում էինք ոչ ցանալի երևույթ և ամեն անգամ հետաձգում էինք օրենքի կիրառումը ամբողջական ծավալով։ Տրվեց հետևյալ տեխնիկակն լուծումը՝ մենք 2016 թ․ դոտացիաների բաշխումը ընդունեցինք որպես բազա, որ 17-19 թթ․ որևէ համայնք ավելի քիչ դոտացիա չստանար, քան ստացել էր 16 թվականին, որ իր ծառայությունների կրճատման որևէ հիմնավոր արգումենտ չունենար, իսկ ավելացած դոտացիաները (դոտացիոն ֆոնդը վերջին տարիներին ավելացել է 4- 4.5 միլիարդ դրամով) բաշխում ենք ֆինանասական համահարթեցման օրենքի նոր տրամաբանությամբ»։
2016 թվականին ընդունված օրենքի կատարումն առաջին անգամ հետաձգվել է 2017-ին, հետո՝ 2019-ին։ Եվս մեկ փոփոխության չգնալու և օրենքն ամբողջ ծավալով կիրառելու դեպքում այս տարի շուրջ 118 համայնք կստանար 2016 թվականին հատկացված դոտացիաներից ավելի քիչ գումար։
«Ենթադրում ենք, որ 2024 թվականի դոտացիաների մասով բյուջեն կպլանավորենք ֆինանսական համահարթեցման ամբողջական տրամաբանությամբ»,- նշում է Տերտերյանը։
Հանձնաժողովի անդամ Տարոն Մարգարյանը, որը 2016-ին՝ օրենքի ընդունման ժամանակ, Երևանի քաղաքապետ էր և ի պաշտոնե շահագիգիռ կողմ դոտացիաներ ստանալու հարցում, արդեն պատգամավորի կարգավիճակում այլ հարց է բարձրացնում․
«Մենք այս օրեքնում ֆիքսու՞մ ենք, որ երկու տարի հետո այս դոտացիաները համայնքներում չեն նվազելու, նույնիսկ եթե պետբյուջեում էլի եկամուտները չապահովեն»։
«Բյուջետային համակարգի մասին» օրենքի հոդվածներից մեկով ամրագրվում է, որ պետական բյուջեից համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարը պետք է կազմի բյուջեի փաստացի եկամուտների առնվազն 4 տոկոսը:
«Տեղական ինքնակառավարման պատմության ընթացքում՝ 2008-10 թթ․ տնտեսական ճգնաժամի ժամանակ մի անգամ ԱԺ-ն ընդունել է կառավարության առաջարկությունը և ոչ թե 4 տոկոս դոտացիոն ֆոնդ է սահմանել, այլ 4.7՝ ելնելով այն անհանգստությունից, որ ռոտացիոն ֆոնդը չնվազի համայնքներում, այլ ավելի բարձր լինի։ Եթե հանկարծ խնդիր կառաջանա, լուծումը միշտ կա, ու կարծում եմ՝ բանականության սահմաններում լուծումը կիրարկիվի։ Մեկը կլինի այն, որ դոտացիոն ֆոնդը բարձրացնենք այնքան, որ բոլորին հարթեցնի, մեկ այլ տարբերակ՝ ոչ թե մեծացնենք դոտացիոն ֆոնդը, այլ առանձին գումար հատկացնենք բյուջեում, հատկապես այն համայնքներում, որտեղ պրոբլեմ կառաջանա։ Լուծումները տարբեր են»։
Մինչև 2016 թ օրենքի ընդունումը համայնքներին դոտացիաները տրվում էին՝ ըստ բնակիչների քանակի։ 2017-ի փոփոխություններով դոտացիաների տրամադրման հիմքում այլ բանաձև դրվեց՝ հաշվի առնելով այլ գործոններ ևս՝ համայնքի հեռավորություն, դիրք, դրանում ընդգրկված բնակավայրերի քանակ, բնակչության տարիքասեռային կազմ և այլն։
«Գործակիցներ կան, օրինակ՝ մինչև 6 տարեկան երեխաների թիվը։ Դա չի ենթադրում ուղղակի մանկապարտեզ, ենթադրում է, որ կան երեխաներ, որոնք ունեն կրթության, խաղահրապարակների և այլնի կարիք։ Այդ համայնքը մի քիչ ավելի շատ դոտացիա կստանա, և ՏԻՄ–ն իր սեփական պատասխանատվությամբ իր միջոցները կտնօրինի։ Եթե մտածում է, որ իր համար կարևորը մանուկներն են, մենք օգնում ենք, որ իր հավակնությունը անի»,–նշում է Տերտերյանը։




