
Լեզվի կոմիտեում ներից մեկի ընթացքում Դավիթ Գյուրջինյանը նկատեց, որ ակտիվորեն կիրառվում է «զիփլայն» բառը և ստեղծեց դրա հայերեն տարբերակը՝ «ճախրուղի»-ն։ Համավարակի ժամանակ կիրառվող «ինֆոդեմիա» բառի փոխարեն առաջարկեց հայերեն «լրաճարակը»-ը։ Ասում է՝ լեզուն կենդանի մարմին է և բաց է փոփոխությունների համար։ «Երևույթը կար, բառը հորինվեց»,-ասում է Գյուրջինյանը։
«Փոփոխությունները տեղի են ունենում ամեն օր, լեզուն ամեն օր փոփոխվում է նոր սերնդի, այսպես ասեմ, բերանում, խոսքի մեջ։ Դրանք կուտակվում են, մի գեղեցիկ օր (դա կարող է տևել տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ) այս կամ այն իրողությունը ամրագրվում է իբրև լեզվի բաղադրիչ կանոնական ձև և այլն»։
Փոփոխություններն ամրագրելու համար Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը 7 մասից բաղկացած բառարանների շարք է հրատարակում։ Դրանցից 5-ը՝ Հայերենի ուղղագրական, հոմանիշների, հականիշների, դարձվածքների, բառակազմական բառարաններն արդեն լույս են տեսել, մյուս երկուսը սպասում են իրենց հերթին․
«Սրանք նախատեսված են հիմնականում միջին տարիքի դպրոցականների համար, բայց գրել ենք նաև տարրականներ, որովհետև կարծում ենք՝ տարրական դասարաններից սկսած պիտի աշակերտն իմանա, որ բառարան կա, կարողանա օգտվել բառարաններից, տեղեկանալ, նաև սովորել ու հարստացնել բառապաշարը և իր լեզուն»։
Տեխնոլոգիական դարում տեխնոլոգիաների կիրառումը նախընտրող մարդկանց Գյուրջինյանը տեղեկացնում է՝ հայկական nayiri.com կայքում կարելի է գտնել 100-ից ավելի բառարաններ, ծանոթանալ լեզվի ինչպես կիրառվող, այնպես էլ գործածությունը կորցրած կամ նոր ստեղծված բառերին։
Նշում է՝ դեռ վաղ մանկությունից բառարանը պետք է կիրառելի լինի, դարակներում մնալու փոխարեն պիտի հարցերին պատասխանելու գործառույթ կատարի։
«Ֆրանսիացի մի հեղինակ կա՝ Անալտոլ Ֆրանս, նա ասում է՝ բառարանը տիեզերքն է՝ այբբենական կարգով դասավորված։ Այսինքն՝ մենք իրական աշխարհը ճանաչում ենք ոչ միայն փորձառությամբ, այլև բառերի, լեզվի միջոցով։ Այս գրքերը՝ բառարանները, համար մեկ օգնականներն են սովորողի, կիրթ, հետաքրքրված մարդու և դրա համար էլ կարևորվում են»։
Գյուրջինյանի հեղինակած վերջին՝ «Հայերենի բառակազմական բառարանը»-ը շուտով հասանելի կլինի գրախանութներում։ Իսկ հաջորդը անսովոր ու առայժմ եզակի բառարան է լինելու՝ «Բարեկիրթ հայերենի բառարան»․
«-Կուզենայի գաղտնի մնար, բայց ասեմ Ձեզ։ Ինչպե՞ս ենք բարևում մենք առավոտյան։ Հիմա ես ձեզ հարց տամ՝ Դուք ինչպե՞ս եք բարևում։
-Կամ բարի լույս, կամ ողջույն, երկու տարբերակից մեկը։
–Այ, շատ լավ է։ Հենց դրա մասին է, ինչպես բարևել օրվա տարբեր ժամերի, մեծերին ինչպես դիմել, հասակակիցներին՝ ինչպես, ինչպես ներողություն խնդրել, ինչպես շնորհակալություն հայտնել, ափսոսանք, և այլն»։
Բարեկիրթ հայերենի բառարանից հետո լույս կտեսնի նաև շարքի վերջին՝ բացատրական բառարանը։ Բայց դրանից հետո էլ բառարաններ կշարունակվեն ստեղծել, քանի դեռ մասնավոր զրույցների ընթացքում ծնվում են, օրինակ, ճախրուղի և լրաճարակ բառերը, կյանքը շարունակում է առաջ շարժվել, լեզուն՝ գնալ նրան զուգահեռ։




