
Հետպատերազմական շրջանում Հայաստանի իշխանության օրակարգային թեմաներից է «խաղաղ դարաշրջանի զարգացման» թեզը։ Այն անգամ դրվել է պետության կարևորագույն փաստաթղթերի հիմքում՝ Հայաստանը զարգացող և ներդրումների համար գրավիչ երկիր դարձնելու համար։
Վերլուծաբանները, սակայն, լուրջ հակասություն են տեսնում հետպատերազմյան Ադրբեջանի հռետորաբանության և Հայաստանի հայտարարությունների միջև։ Տարածաշրջանում կան նաև մեծ և փոքր այլ «խաղացողներ», որոնց բոլորի օրակարգում կա խաղաղության հարցը՝ նայած ով ինչպես է հասկանում դա։
Մինչ Ադրբեջանը և Թուրքիան տարբեր հարթակներում սպառնալիքներ և նախապայմաններ են ներկայացնում Հայաստանի հետ սահմանները բացելու կապակցությամբ, պաշտոնական Երևանը շարունակում է խոսել «խաղաղ դարաշրջանի զարգացման» մասին։ Այդ գաղափարը Հայաստանի կառավարությունը ներդրել է անգամ 2022-ի պետական բյուջեի հիմքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան․ «Այս իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ-ի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը»։
Հայաստանի կառավարությունը կրկին խոսում է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացման ու զարգացման մասին։ Կարծում է, որ սա կարող է որակապես փոխել տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու, երկրի գրավչությունը օտարերկրյա ներդրողների համար էականորեն բարձրացնելու ուղղությամբ։
Այս պահի իրականությունն այն է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրի հատվածում տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետը խոչընդոտներ է ստեղծում իրանական բեռնատարների երթևեկի համար։ Հայաստան-Իրան, Իրան-Ադրբեջան և այլ ձևաչափով հանդիպումները դեռ չեն լուծում խնդիրը։ Հայաստանի ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը խորհդուրդ է տալիս այս զգայուն հարցին զգույշ մոտենալ։ Համոզված է՝ լուծումը կգտնվի։
«Այդ խնդրի լուծումը կապված է նաև այլ գերատեսչությունների աշխատանքների հետ, մասնավորապես՝ ճանապարհաշինարարական նախագծերի մասին է խոսքը։ Ըստ էության ստեղծված իրավիճակում մեր գործառույթների շրջանակում մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բեռնափոխադրումները ՀՀ տարածքով Իրանի վարորդների համար լինեն հնարավորինս հարմարավետ։ Վերջնական լուծումը, կարծում եմ, ավելի համալիր գործողություններ է ենթադրում, որի շուրջ կառավարությունը աշխատում է։ Նմանատիպ հարցերը, կարծում եմ, շատ ավելի զգայուն են, վերաբերվում են ազգային անվտանգության ոլորտին և կարծում եմ, որ պետք է ուղղակի հետևել և սպասել կառավարության դիրքորոշումներին»։
«Խաղաղ դարաշրջանի զարգացման» գաղափարը լավն է մարդասիրական և տնտեսական տեսանկյունից, բայց քաղաքական հարթությունում կան բազմաթիվ չհստակեցված հարցեր։ Թուրքիայի և Ադրբեջանի վերջնագիր-հայտարարություններից բացի, տարածաշրջանում կան նաև այլ՝ մեծ և փոքր «խաղացողներ»․բոլորի ցանկությունների համընկնումից է կախված «խաղաղ դարաշրջան»-ի սկիբը։ Իսկ այն, որ աշխարհաքաղաքական վերադասավորումները մեր տարածաշրջանում ավարտված չեն՝ վերլուծաբանների համար ակնհայտ է։

Հակոբ Բադալյան․ «Մի ընդհանրական բան․ աշխարհակարգային ձևափոխումը և նոր աշխարհակարգի ձևավորման այդ դաժան գործընթացը շարունակվում է, և սա նշանակում է, որ մենք մշտապես գտնվելու ենք ռազմական սպառնալիքների բավական մեծ ռեժիմի ներքո։ Այստեղ, բնականաբար, եթե նույնիսկ խոսում ենք խաղաղությունից, ապա այդ խաղաղությունը մեզանից պահանջելու է առնվազն համարժեք ուժով պաշտպանվելու հնարավորություն։ Ես առիթ ունեցել եմ բնորոշելու ներկայիս իրավիճակը որպես երրորդ հիբրիդային համաշխարհային պատերազմ։ Այս իրավիճակում մտածել, որ ավելի հավանական է խաղաղության տրամաբանության գերակայությունը, այնքան էլ համարժեք չէ։ Որպես նպատակ, այո, պետք է բարձրաձայնել և շարժվել այդ ուղղությամբ։ Դա մեզ չպետք է խանգարի անել այն, ինչ պահանջում է իրավիճակը։ Խաղաղության մասին, այո, պետք է խոսել, բայց անխուսափելիորեն, այսպես ասեմ, պատրաստվել պատերազմի»։
Այս բանաձևից օգտվում է Իրանը։ Հոկտեմբերի 1-ին լայնածավալ զորավարժություններ է անցկացնելու Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների երկայնքով՝ Իրանի հյուսիսարևմտյան սահմաններում։ Սա զարմացրել է Ադրբեջանի նախագահին։ Նրա քննադատական խոսքին Իրանից տարատեսակ արձագանք է հնչել։ «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին հայտարարել է, թե «Իրանը գեոպոլիտիկ և առկա սահմանների ոչ մի փոփոխություն չի հանդուրժում. Իրանի կարմիր գծի հատումը կբերի ծանր հետևանքների»:
Այսպիսի հռետորաբանությունը առայժմ խաղաղություն չի խոստանում, արձանագրում են վերլուծաբանները։ Ռուսական լրատվամիջոցներից «Կոմերսանտ»-ն էլ գրում է, որ «Ադրբեջանի և Իրանի միջև փոխադարձ գրգռվածությունը ձեռք է բերել ավելի լուրջ և նույնիսկ վտանգավոր ձև»։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյան․
«Ընդհանրապես, աշխարհի մեծագույն գաղափարները կարող են լուծվել այդ գաղափարների համար խոչընդոտ հանդիսացող, բայց երբեմն զոհաբերություն պահանջող երևույթների միջոցով նաև։ Այսօրվա խաղաղության օրակարգի մասին խոսակցությունը իր մեջ ավելի շատ պարունակում է այս կոմպոնենտը։ Այս տարածաշրջանում անհրաժեշտ է խաղաղություն, բայց այդ խաղաղությունը ինչի՞ հաշվին է, ո՞ւմ հաշվին է և ի՞նչ հեռանկար ունի լուծելու՝ օրակարգում չկա։ Եվ առհասարակ, ո՞ր խաղաղության մասին է խոսքը՝ զուտ հայկակա՞ն, հայ-ադրբեջանակա՞ն, կովկասյա՞ն, առաջավոր ասիակա՞ն, ընդհանրապե՞ս այս խոշոր տարածաշրջանի և ամենակարևորը՝ երկու կայսրությունների՞ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների։ Ամեն մեկն իր օրակարգում այս խաղաղության օրակարգն ունի։ Շատ կուզենայի տեսնել մի վերլուծություն, որով Հայաստանում խաղաղության գինը իսկապես խաղաղությունն է լինելու»։
Ռուսաստան-Թուրքիա ղեկավարների երեկվա հանդիպմանը անդրադարձ է եղել տարածաշրջանին և մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի խնդրին։
Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացահայտել է՝ հանդիպմանը ռուսական կողմն ընդգծել է, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծում փնտրեն սահմանների սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ։
Բաքվի պայմանը Սյունիքով «Թուրանի դարպասները» բացելն է։ Ալիևի «խաղաղությունը» սա է, -ենթադրում է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը, ռուս-թուրքական մերձեցումը սպառնում է Հայաստանին Սյունիքի միջանցքի բացմամբ՝ իրավիճակը վերլուծում է պատմաբան Դավիթ Թինոյանը։
Մեր տարածաշրջանի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ պետությունները միմյանց հետ խոսում և բանակցում են միջնորդավորված։ Տարբեր փուլերում տարբեր միջնորդներ են հանդես գալիս, և, որպես կանոն, կայացված որոշումները անակնալ են մատուցում հանրությանը։




