
Ուսումնական հաջորդ տարվանից դպրոցներում ևս կներդրվի կրեդիտային համակարգ։ Նպատակը դպրոցից բուհ անցումն ավելի դյուրին դարձնելն է:
Մասնավորապես՝ 10-12-րդ դասարաններում սովորողի ընտրած առարկաներից ու արտաքին գնահատումներից կուտակված կրեդիտները կարող են փոխարինել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններին:
Որքանով այս նորամուծությունը կնպաստի ավագ դպրոցում կրթության որակի բարելավմանը կամ արդյոք նոր ռիսկեր չի առաջացնի:
Կրեդիտներ ոչ միայն համալսարանում, այլև ավագ դպրոցում: Ծրագիրը կներդրվի ուսումնական հաջորդ տարվանից: Եթե մինչև հիմա աշակերտն իր գնահատականը ստանում էր տարվա մեջ առարկայից մի քանի դաս պատասխանելով կամ գրավոր աշխատանքների արդյունքներով, ապա կրեդիտների մեջ կհաշվարկվեն նաև դասարանային, արտադասարանային և ինքնուրույն բոլոր աշխատանքները` մասնակցությունը դասերին, գործնական, լաբորատոր աշխատանքներին, քննություններին նախապատրաստվելը, հանձնելը, նույնիսկ ստեղծագործական աշխատանքը։
Այլ կերպ՝ նոր համակարգը կխթանի, որ աշակերտներն իսկապես սովորելու մասին մտածեն՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը։
«Բոլոր աշխատանքները պետք է կատարվեն՝ ըստ վերջնարդյունքի պահանջների։ Նախագծով կրեդիտներն ամեն առարկայի համար տրվում են նվազագույն՝ չորս միավոր գնահատականից հետո»:
Սովորողը մեկ կիսամյակում պետք է ունենա 17,5 կրեդիտ, իսկ մեկ ուստարում` 35: Ավագ դպրոցի երեք տարում էլ կրեդիտները պետք է կազմեն 105: Այս նոր համակարգով ավագ դպրոցում ուսուցումը իսկապես իմաստ է ստանում՝ նկատում է փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
«Կրեդիտային համակարգով փորձ է արվում աշակերտներին ասել՝ եթե դու այս առարկաները սովորես, դրանք կարող ես օգտագործել բուհում, այն իմաստով, որ եթե այդ առարկան արդեն անցել ես դպրոցում, բուհում կարող ես ազատվել այդ առարկայից։ Այսինքն՝ որոշակի մոտիվացիա է աշակերտի համար ինչ-որ բաներ սովորելով ավելի թեթևացնել իր բուհական կրթությունը»։
Այս ամենն, լավ է հնչում, բայց նաև շատ հարցեր է առաջացնում։ Փորձագետը դրանցից մի քանիսն է առանձնացնում։

«Իսկ ո՞վ է ասել, որ եթե երեխային ասում ենք՝ դու դպրոցում սովորի այս առարկան, որ հետո բուհում ազատվես այդ առարկայից, ո՞վ է ասել, որ դա լավ է։ Միգուցե երեխան բուհում այդ առարկան անցնելիս ավելի բարձ որակով կրթվի, ավելի հասուն լինի ու ավելի շատ բան հասկանա»։
Արտաշես Թորոսյանը փորձագետի մտահոգությունը չի կիսում։ Ասում է՝ մեկը մյուսին լրացնում է և ոչ թե փոխարինում։
«Բուհի հիմնական դասընթացները դրանից բոլորովին չեն տուժի։ Ընդհակառակը՝ կշահեն, որովհետև սովորողները կունենան նախնական բավարար չգիտելիքներ ու հմտություններ, որ կարողանան բուհում արդեն մասնագիտական առարկաները սովորել ավելի հիմնավոր, ավելի լավ»։
Աշակերտի կրեդիտների մեջ հաշվի կառնեն նաև արվեստի, սպորտի դպրոցների գնահատականները, ինչը հետագայում կօգնի նաև աշխատանքի ընդունվելիս։ Կրեդիտային փորձնական համակարգն ավագ դպրոցներում կմեկնարկի արդեն իսկ հաջոդ ուսումնական տարվանից։ Կսկսեն Երևանի բուհերի հենակետային և Տավուշի մարզի ավագ դպրոցներից: Ավելի ուշ համակարգը կներդրվի հանրապետության բոլոր ավագ դպրոցներում։




