
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել սահմանամերձ շրջանների զարգացման 2022 թվականի ծրագրին: Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով ընդունված որոշումը նախատեսում է փոխհատուցել բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի վճարի մի մասը և անշարժ գույքի հարկերը։
Կառավարությունն ավելացրել է ամեն տարի իրականացվող «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման» ծրագրին հատկացվող ֆինանսավորումը։ Պետությունը 2022-ին կփոխհատուցի ավելի շատ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ վճարումները․ ՏԿԵՆ տարածքային կառավարման վարչության ավագ մասնագետ Անուշ Խուդոյան․
«Համայնքների թվի ավելացումը պայմանավորված է 2020 թվականի Արցախյան պատերազմով։ Քանի որ նախկինում սահմանամերձ համարվող համայնքներն ու բնակավայրերը ավելի քիչ են եղել, բնականաբար ավելի քիչ է գումար է հատկացվել՝ 750-800 միլիոն դրամի սահմաններում է փոխհատուցումը եղել, հիմա արդեն միլիարդ 150 միլիոնի կարգի է»։
23 համայնքի 81 բնակավայրերի աջակցելու համար հատկացվում է շուրջ 1 մլրդ 155 մլն դրամ։ Այդ գումարով պետությունն ամբողջությամբ կփոխհատուցի անշարժ գույքի հարկը, կվճարի ծախսված բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի վճարների ուղիղ կեսը։
ՏԻՄ փորձագետ Վահան Մովսիսյանը արդեն 7 տարի իրականցվող ծրագիրը հաջողված է համարում, կարևորում է նաև պատերազմից հետո առկա նոր իրավիճակում ավելի շատ բնակավայրերի աջակցելը, սակայն նշում է՝ սա սահմանամերձ համայնքի բնակիչների հոգսը թեթևացնելու լավագույն տարբերակը չէ։
«Իհարկե, օգնում է, սրանք ֆինանսական աջակցություն են համայնքներին, բայց այնպես չէ, որ բավարար է սահմանամերձ համայնքներում երջանիկ ապրելու համար։ Այդ համայնքներում նաև ռեալ եկամտի աղբյուրներ են պետք, ինչը հնարավոր է միայն աշխատատեղերի ստեղծման պարագայում։ Այնպես որ, մի կողմից՝ կարող ենք նշել, որ այո, դրական է, օգնում է համայնքի բնակիչներին թեթևացնել իրենց հոգսերը, բայց միևնույն ժամանակ դեռևս բավարար չէ, որ համայնքային կյանքը լրիվ ակտիվանա սահմանամերձ համայնքներում»։
Փորձագետի կարծիքով՝ առկա իրավիճակը խորացրել է այն խնդիրները, որոնք միշտ էլ եղել են սահմանամերձ համայնքներում։ Բնակիչների՝ գումար աշխատելու հիմնական աղբյուրները խիստ սահմանափակվել են․
«Այն տարածքները, որոնք գտնվում էին ՀՀ տիրապետության տակ, սահմանից հաճախ 100 կմ և ավելի հեռավորության վրա էին, և բավականին ազատ տարածքներ կային, որտեղ սահմանամերձ համայնքների բնակիչները զբաղվում էին անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։ Սրանք եկամուտի միջոցներն էին, որով այսօրվա սահմանամերձ համայնքները բավականին լավ էին զգում իրենց։ Հիմա եկամուտները կտրուկ պակասել են, և հարց է առաջացել, թե որը պիտի լինի եկամտի նոր աղբյուրը»։
Կառավարությունը այս հարցի պատասխանը դեռ չի տվել։
ՏԿԵ նախարարության ներկայացուցիչ Անուշ Խուդոյանը նշում է՝ սահմանամերձ բնակավայրերում սոցիալական, ենթակառուցվածքների զարգացմանը միտված այլ ծրագրեր են նախատեսվում։
«Եվրամիությունից տրամադրված 2.6 միլիարդ եվրոյից շուրջ 110 միլիոնով նախատեսվում է Սյունիքի մարզում իրականացնել ծրագրեր՝ ենթակառուցվածքների զարգացում, զբոսաշրջության զարգացում, առողջապահության մասով վերազինում և այլ»։
Այս ծրագրի մեկնարկը տրվելու է 2022 թվականին, իրականացվելու է մինչև 2025-ը։




