
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, լուսանկարիչ Միքայել Նազարենկոն ընկերների և ծառայակիցների հետ ստեղծել է «1080 ժամ» նախագիծը, որի շրջանակում ներկայացվել է 44-օրյա պատերազմի լուսանկարների ցուցահանդես և ֆիլմի ցուցադրություն։ 55 լուսանկարներում ներկայացված է պատերազմի «խաղաղ կողմը»:
1080 ժամ 44- օրյա պատերազմից՝ 55 լուսանկարների միջոցով։ Պատերազմի մասնակից, լուսանկարիչ Միքայել Նազարենկոն հենց իր պաշտպանական դիրքերից ամեն օր մեկ ակնթարթ է անմահացրել։ Նկարները պատկերում են ճակատում անցկացրած օրերը, զինվորների առօրյան, ապրելու ցանկությունը:

Միքայելն ասում է. «Յուրաքանչյուր խաղաղության մեջ կա պատերազմ, իսկ պատերազմում՝ խաղաղություն»:
«Եթե ժամանակ ու հնարավորություն ունենայի, ապա կլուսանկարեի հարյուրավոր կադրեր մեկ օրում, բայց ստիպված մեկ կադր էի նկարում ու փորձում ներկայացնել ամբողջ օրը՝ մեկնաբանելով որպես պատերազմի խաղաղ կողմ»։

Միքայելը դժվարությամբ է նայում լուսանկարներին, հիշողությունները թարմ են։ Մարտի դաշտում նա ընկերներ է կորցրել։
«Ամեն քայլս անելիս իրենց հետ եմ մտովի զրուցում ու թույլտվություն հարցնում: Դժվար է…Գիտեմ, որ նրանք ցանկանում են՝ մենք ուժեղանանք, ավելի պատրաստված լինենք»:

Միքայելը շեշտում է, որ մարտի դաշտում ամենակարևորը զինվորական առաքելությունն է, բայց լուսանկարչի համար ամեն մի կադրը պատմություն է.

«Այնպես էի անում, որ լուսանկարելը չխանգարեր իմ առաքելությանը, և փորձում էի այդ ամենը ճիշտ ձևով համատեղել։ Հիշում եմ, որ շատ լարված ժամանակ էր, ու մտածում էի՝ հնարավորություն լիներ՝ նկարեի»։

Ցուցահանդեսին առաջին անգամ ցուցադրվեց նաև Նազարենկոյի «1080 ժամ» խորագրով կարճամետրաժ ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում, առաջնագծում։ Ֆիլմում կան նաև հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ՝ նկարահանված պատերազմից հետո: Նազարենկոն ասում է.

«Ինչո՞ւ «1080 ժամ» և ինչո՞ւ «Պատերազմի խաղաղ կողմը»։ 1080 ժամը 45 օր է, ոչ թե 44, սակայն այնտեղ գտնվող, մարտնչող մարդկանց, զինծառայողների համար այդ ամենը տևեց ոչ թե 44 օր, այլ 44 օր՝ պլյուս մի քանի օր ևս։ Իսկ ինչո՞ւ մի քանի օր. որովհետև ամեն մեկը տարբեր ժամանակաշրջանում իմացան»։
«1080 ժամ» նախագիծն իրականցվում է ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո: Կազմակերպել է «Ալամեզոն» ընկերությունը՝ Նկարիչների միության հետ միասին:




