
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր նաև անշարժ գույքի գնահատմանը և ապահովագրությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Կառավարությունն առաջարկում է գնահատման դաշտ բերել գույքի բոլոր տեսակները՝ շարժական գույքից մինչև բիզնես ու մտավոր սեփականություն։ Նախագիծը մշակել է Կադաստրի կոմիտեն։
Կառավարությունն առաջարկում է գնահատել ոչ միայն անշարժ գույքը, այլև՝ գույքն ընդհանրապես։ Փոփոխությունները նախատեսվում են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում։ Ըստ նախագծի հիմնավորման՝ եվրոպական շատ երկրներում և ԵԱՏՄ անդամ պետություններում, բացի անշարժ գույքից, գնահատման օբյեկտ են նաև շարժական գույքը, բիզնեսը, մեքենաներն ու սարքավորումները, մտավոր սեփականությունը ու ոչ նյութական ակտիվները։ Գործադիրը փորձում է գնահատման միջազգային ստանդարտներին համահունչ նորմեր սահմանել։
Կադաստրի կոմիտերի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյան,- «Հիմնական փոփոխություններից մեկն այն է, որ առաջարկվում է ընդլայնել օրենքի գործողության ոլորտը, և որպես գնահատման օբյեկտեներ բացի անշարժ գույքից (որը գնահատման միակ ոլորտն է, որը կարգավորում է ՀՀ ներկայիս օրենսդրորեն) սահմանել նաև գույքի այլ տեսակները՝ շարժական գույքը, մեքենա-սարքավորումները, ոչ նյութական ակտիվները և այլն»։
Փոփոխություններով փոխվում են նաև գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները։ Նման իրավասություն կունենան միայն այն կազմակերպությունները, որոնք հաշվառված կլինեն լիազոր մարմնում եւ կունենան նվազագույնը մեկ գնահատող:
Անշարժ գույքի գնահատողի որակավորման փոխարեն մասնագետները քննությամբ կստանան կստանան ցանկացած գույք գնահատելու թույլտվություն։
Պետրոսյանը նշում է՝ 2025 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ միության երկրներն անցնելու են գնահատման միասնական շուկայի, ինչը ենթադրում է, որ Հայաստանի գնահատման որակավորում ունեցող մասնագետները կկարողանան աշխատել նաև ԵԱՏՄ երկրներում։
«Հնարավոր է լինեն գնահատողներ, որոնք որոշելու են զբաղվել միայն անշարժ գույքի գնահատմամբ, և երբևէ շարժական գույքով չեն զբաղվելու, բայց մենք որակավորելուց այ մտադրությունների մասին չգիտենք։ Մենք, որպես պետություն, որակավորում ենք, հետագայում իրենք են որոշում, թե կոնկրետ որ տեսակի գույքի գնահատմամբ զբաղվեն։ Այո, հնարավոր է որոշակի լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերլու կարիք լինի մինչև որակավորման քննություններին մասնակցելը, բայց սա ոչ շահեկան վիճակում չհայտնվելու գինն է»։
Գործող կարգավորումներով գույք գնահատողը վկայական ստանում է մեկ անգամ՝ անժամկետ։ Փոփոխությունների նախագիծը ենթադրում է, որ որակավորումը կունենա «պահպանման ժամկետ»՝ 5 տարի։ Այս կետը հեղինակները համարում են որակի բարելավման երաշխիք։ նույն կարծիքին չէ «Հայաստանի գնահատողների համահայկական խորհուրդ» ՀԿ նախագահ Վարուժան Վարդանյանը։
«Ցանակացած գնահատող իր գործունեության ընթացքում ստուգումներ է անցնում (այլ հարց է՝ ինչքանով են այդ ստուգումներն էֆֆեկտիվ) ու եթե գնահատողը ստուգման արդյուքնում չի որակազրկվում, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի ենք նույն մարդուն հինգ տարի հետո էլի ուղարկում քննության։ Էստեղ ուզում եմ պարտադիր նշել, որ սա էն ոլորտը չի, որ շատ լուրջ փոփոխություններ լինեն»։
Վարդանյանը տեխնիկական այլ խնդիրներ ևս տեսնում է, օրինակ՝ չկա քննություններին պատրաստվելու համար մասնագիտական հայալեզու գրականություն, հասկանալի չէ՝ ովքեր են կազմելու քննական հարցաշարը, ինչպես է իրականացվելու գիտելիքների ստուգումը։ Գնահատողների ներկայացուցիչն այստեղ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։
«Մենք համոզված ենք, որ օրենքի նախագծի առաջարկվող տարբերակը ընդունելու դեպքում գնահատման ոլորտը մոնոպոլիզացվելու է, կտրուկ կրճատվելու է որակավորված գնատահողների թիվը, սահմանափակվելու է նոր իրավաբանական անձանց մուտքը շուկա։ Առաջարկում եմ դեմ քվեարկել նախագծին»։
«Տպավորություն է ստեղծվում, թե մասնագիտական հանրությունը դեմ է մասնագիտական հանրության որակական ցուցանիշների և կրթական ցենզի բարձրացմանը միտված նախագծին:– Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյան,- Իսպառ բացակայում է այն հնարավորությունը, որ ոլորտը մոնոպոլիզացվելու է։ Եթե կլինեն կոռոպցիոն ռիսկեր, դրա համար կան իրավապահ մարմիններ․ թող փաստեր ներկայացվեն, ցանակցած մարդ պատասխանատու է օրնքի առաջ։ Կգնանք, ամեն մեկս մեր մեղավորության շրջանակում պատասխանատվություն կկրենք եթե կլինեն նման դեպքեր»։
Փոփոխություններից մեկով էլ ամրագրվում է, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարումը կիրականացվի շուկայական արժեքներով, ինչի արդյունքում կավելանան պետական եւ համայնքային բյուջեների եկամուտները:
Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ այս նախագիծը քննարկվում է 2017 թվականից, իսկ ոլորտում կարգավորման կարիք ունեցող խնդիրները շատ են։ Օրինագիծը հանձնաժողովում դրական եզրակացության ստացավա և կքննարկվի լիագումար նիստերի ընթացքում։




