
Հարկային օրենսգիրքն առաջիկայում կփոխվի մի քանի նախագծերով: 3 տարբեր գերատեսչություն խորհրդարան է ներկայացրել առաջարկներ՝ փոփոխելու նույն օրենքը: Նախաձեռնողները ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններն են ու Պետեկամուտների կոմիտեն:
Առաջարկներից մեկը վերաբերում է Երևանում բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի արտոնության սահմանափակմանը: Հոկտեմբերի 5-ի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում այս փոփոխությունը կընդգրկվի, քանի որ ոլորտային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
Կառավարության ներկայացուցիչն ԱԺ քննարկմանը հաստատել է՝ ծրագիրը մեծ պահանջարկ ունի, շահառուների թիվը տարեցտարի ավելանում է. եթե 2015-2017թթ. Ծրագրից տարեկան շուրջ 800 մարդ է օգտվել,ապա 2020–ին շահառուների թիվը գերազանցել է 5000-ը:
Հաջորդ շաբաթ խորհրդարանը Հարկային օրենսգրքի միանգամից 3 փոփոխություն կքննարկի: Դրանցից մեկն առնչվում է հանրությանն ամենաշատը հուզող հարցերից մեկին՝ բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի արտոնությանը:
Կառավարությունը դեռ օգոստոսի 12-ին էր որոշել, որ եկամտահարկի վերադարձի արտոնությունը պետք է սահմանափակվի և դուրս գա նախ ՝ Երևանի կենտրոնից, ապա՝ ընդհանրապես մայրաքաղաքից: Առաջարկի հիմնավորումները տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը.
«Նախագծով առաջարկվում է ըստ տարիների և գոտիականության միայն Երևանի վարչական տարածքի սահմաններում աստիճանաբար դադարեցնել եկամտային հարկի վերադարձման համակարգի գործողությունը»:
Գործադիրը սահմանել է՝ եթե հիփոթեքային վարկը ստացվել է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, և բնակարանն էլ ձեռք է բերվել առաջին գոտում, ապա համակարգը հաջողությամբ կարող է սպասարկվել, իսկ այդ ամսաթվից հետո ստացված հիփոթեքային վարկերի դեպքում, եթե գույքն առաջին գոտում է, արտոնությունը չի գործի։
Այդպիսով՝ առաջիկա 3 տարում նոր կառուցապատումները կուղղորդվեն Երևանի չորրորդ և ավելի բարձր գոտիներ և Երևանից դուրս, իսկ 2025 թվականից, առանց ժամկետային սահմանափակումների, դեպի մարզերի քաղաքներ ու գյուղեր, քանի որ ծրագրի շահառուներ կարող են լինել նաև անհատական բնակելի տներ կառուցողները:

Խորհրդարանական մեծամասնությունը հակված է առաջարկն ընդունել՝ դիտարկելով խնդիրը տարբեր տեսանկյուններից: Նախ՝ Երևանում, առավել ևս կենտրոնում, կառուցապատման համար ազատ տարածքներ գրեթե չեն մնացել: Գործող արտոնությունը նպաստում է մարզերից դեպի մայրաքաղաք հոսքին, ինչն առաջացնում է անհամաչափ զարգացում։ Բացի դրանից՝ պետական համակարգը մտածում է բյուջեից փոխհատուցվող 50 միլիարդ դրամի չափ գումարն օգտագործել տնտեսության մեջ մուլտիպլիկատիվ էֆեկտ ստանալու, և ոչ թե միայն շինարարության ոլորտը զարգացնելու համար՝ հիմնավորում է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։
«Սովորաբար նախապատվությունը տրվում է այն ոլորտներին, որոնք ունեն ավելի բարձր մուլտիպլիկատիվ էֆեկտ և կարող են իրենց հետևից այլ ճյուղեր «քաշել»: Ի վերջո, այդ եկամտային հարկը հանրային ռեսուրս է, որը կարող էր օգտագործվել այլ ուղղությունների վրա՝ կրթության, գիտության և այլն ու հանգեցնել ավելի մեծ, երկարաժամկետ տնտեսական էֆեկտի: Որևէ մեկը չի ասում, որ եթե մենք Երևանում այս արտոնությունը հանենք, մարզերում միանգամից շինարարություն կսկսվի: Այդպես չի լինի: Բայց սա լրացուցիչ խթանող գործոն է, համեմատական առավելություն է ստեղծում մարզերում բնակարան ձեռք բերելու համար»:
Պատգամավորները հաստատում են՝ կառուցապատողների հետ թե բաց և թե փակ քննարկումների ժամանակ մշտապես նշվել է եկամտահարկի վերադարձի արտոնության ժամանակավոր բնույթը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը որոշումից բխող նոր խնդիրների մասին է զգուշացնում և միաժամանակ ներկայացնում խորհրդարանական ընդդիմության տեսակետը։
«Մենք դեմ չենք, որ այս ծրագիրը վերանա, բայց այս տեսքով, ի վերջո, ի՞նչ հարց ենք լուծում: Մեր տեսակետն այն է, որ այս ծրագիրը հեռանա սահուն: Դրա արդյունքում Երևանի հարակից տարածքներում ծնվելու են մինի-քաղաքներ, ինչը բերելու է արհեստականորեն գների բարձրացմանը Երևան քաղաքում: Հարևանը հարևանի հետ սկզբունքով՝ մեկը հասցրեց, ես չհասցրեցի, նորից լինելու է դժգոհության ալիք»:
Մարզերում շինարարությունը խթանելու համար մշակվում են այլ ծրագրեր՝ հաստատում է ֆինանսների փոխնախարարը: Իսկ Երևանի բնակֆոնդի համար հնարավոր նոր ծրագրերից մեկը բացահայտում է ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
«Ըստ էության՝ այս նախագծից հետո անցնելու ենք առաջարկների քննարկման, որոնցից մեկը ենթադրում է 3-րդ կամ 4-րդ աստիճանի վթարային շենքերի ծրագիր: Գաղտնիք չէ, որ շենքերի մի զգալի մասը, մեծ մասը արդեն բավականին հին են, և ժամանակի ընթացքում այդ շենքերում հնարավոր չի լինելու այլևս ապրել և դրանք պետք է թարմացվեն: Եթե այս խնդրի լուծումը տանենք այդ դաշտ, կխթանենք, որ 3-րդ և 4-րդ աստիճանի վթարայնության շենքերն արագ քանդվեն և դրանց փոխարեն կառուցվեն նորակառույցներ։ Այստեղ, ըստ էության, ռիսկը և ծախսը համաչափ կկիսվեն քաղաքացիների, պետբյուջեի և բիզնեսի միջև»:
Հարկային օրենսգրքում ՊԵԿ-ի առաջարկը վերաբերում է էլեկտրոնային հարթակներում վաճառքով և բիզնեսով զբաղվողներին: Կառույցի ղեկավար Ռուստամ Բադասյանն օրինակ է բերում ֆիլմերի դիտման համար Netflix կամ երաժշտական Spotyfy հավելվածներից օգտվելու համար բանկային քարտերից կատարվող վճարումները: Փորձ է արվում ոչ նյութական մի խումբ ծառայություններ բերել հարկման դաշտ:
Հարկային օրենսգրքում էկոնոմիկայի նախարարության ներկայացրած առաջարկներն առնչվում են ավելացված արժեքի հարկով հարկվող ապրանքների ցանկին և կարգավորումներին: Դրանք արդեն գործարարների մասնագիտական հետաքրքրությունների տիրույթում են:




