
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր մեկնում է Բաքու, որտեղ կմասնակցի երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստին, կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ այս մասին երկրի ղեկավարը տեղեկացրել է «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ առաջիկայում կլինի նաև Հայաստանում:
«Մենք ունենք վստահություն, որն ամենակարևորն է, երբ վստահություն լինի երկրների առաջնորդների միջև ևս, բոլոր հարցերը կլուծվեն: Նմանատիպ հարաբերություններ ունեմ նաև պարոն Փաշինյանի հետ, ով ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր Թբիլիսիում և ես էլ առաջիկայում պատրաստվում եմ այցելել Հայաստան», — ասել է Ղարիբաշվիլին:
Վրաստանի վարչապետը նշել է նաև, որ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Վրաստանը կարևոր միջնորդություն ունեցավ Ադրբեջանի ու Հայաստանի միջև։ Դա գերիների վերադարձն ու ականապատ տարածքների քարտեզների փոխանակումն էր:
Ղարիբաշվիլիի Բաքու այնհուհետև Երևան այցերը մեկնարկում են անմիջապես նրա՝ թբիլիսյան հարթակ ստեղծելու մասին հայտարարությունից հետո։ Ղարիբաշվիլին առաջարկել էր հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումների հարթակ ստեղծել Թբիլիսիում։




