ԿարևորՔաղաքական

«Փոխհրաձգություն»՝ ՄԱԿ-ում․ Արցախի հարցը կրկին «բախման կետ» Երևանի և Բաքվի թեզերում

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկման թեմա է դարձել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում։ Խնդրի մասին Բաքվի՝ իրակա նությունից շեղված թեզերն արդեն ներկայացրել է Ադրբեջանի նախագահը, նույն խնդրի մասին հայկական փաստարկները կփոխանցի նաև Հայաստանի վարչապետը․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում Փաշինյանի ելույթը նախատեսված է Հայաստանի ժամանակով 19-20-ին։  Փաշինյանի ելույթը հեռավար է, բայց տեղում՝ Նյու Յորքում է աշխատում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրոյանը, որը նույնպես հանդիպումներ և ելույթ է ունեցել ՄԱԿ–ի կենտրոնակայանում։

Կա ընդամենը մեկ ճանապարհ և հնարավորություն՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Հակամարտությունը դեռ լուծված չէ՝ հայտարարում է պաշտոնական Երևանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի նախօրեի հայտարարություններին։ Հայաստանի դիրքորոշումը ձևակերպում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«ԼՂ խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ ՄԽ-ն է։ ԵԱՀԿ ՄԽ կողմից երեք համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից հայտարարություն է եղել, որ պետք է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ ԼՂ խնդիրը կարգավորված չէ, և ԼՂ կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը։  Այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, և կարծում եմ, որ հենց ԵԱՀԿ ՄԽ շրջանակում կարգավիճակ ենք քննարկելու, և անհասկանալի է Ադրբեջանի նման հայտարարությունները»։

Ավելի մեղմ ձևակերպումներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի համար և կտրուկ ձևակերպումներ՝ ներքին լսարանի՝ պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում․ այսպիսի տարբերակված մոտեցումներով էր Իլհամ Ալիևը խոսել  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։

ՄԱԿ-ին և անդամ երկրներին Ադրբեջանի նախագահը կոչ է արել չօգտագործել Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը, հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղ անունով տարածքային միավոր ու հակամարտություն գոյություն չունի։

Ներքին լսարանի համար հայտարարությունը կոշտացել է․ «Լեռնային Ղարաբաղ չկա, կարգավիճակ չկա»։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներն Ալիևը հայտարարել է «կանաչ գոտի» և եվրոպացի գործարարներին հրավիրել ներդրումներ անել։ Մինչդեռ Հայաստանից այս առումով հստակեցումներ է անում անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյան։

«Ղարաբաղյան հարցը երբեք տարածքային հարց չի եղել։ Մենք սրա  մասին երևի նույնիսկ 30 տարուց ավելի խոսել ենք, որ Ղարաբաղի հարցը միշտ եղել է ինքնորոշման հարց, և ինքնորոշման իրավունքի շրջանակում պետք է կարգավորել։ Կարգավորման հայտնի սկզբունքներից մեկը հենց ինքնորոշման իրավունքն է»։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում Ալիևն իր ելույթում Հայաստանին առաջարկում է խաղաղության բանակցություններ դելիմիտացիայի ու տարածքային ամբողջականության ճանաչման հիմքով, կոչ է արել միջազգային հանրությանը՝ վերջ  դնել Լեռնային Ղարաբաղի մասով այսպես ասած «ռևանշին»։ Միևնույն ժամանակ ներքին լսարանի համար հարցազրույցում հայտարարել է՝ հետ չի քաշելու իր զորքը Հայաստանի սահմաններից։   

ՄԱԿ-ում Ալիևը խոսել է հեռավար՝ չհասնելով Նյու Յորք, նույն ձևաչափով Երևանից տեղի ժամանակով 19-20-ին արդեն Հայաստանի վարչապետի ելույթն է։ Ուղիղ հանդիպումների նպատակով Նյու Յորքում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում «Դաշինք՝ հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպմանն ու հայտարարել․

«Գլոբալ համավարակի պայմաններում Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը հանգեցրեց հումանիտար աղետի: Նույնիսկ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքն Արցախ՝ խաղաղ բնակիչներին զրկելով մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից»։

Քանի որ Դաշինքի հիմնական նպատակներից է «պաշտպանել, պահպանել և զարգացնել միջազգային իրավունքը, ներառյալ՝ միջազգային հումանիտար և մարդու իրավունքները», Հայաստանը կոչ է արել ՄԱԿ–ի բոլոր անդամներին ոչ միայն ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու համար, այլև աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական քաղաքական լուծում գտնելու գործում:

Արտգործնախարարը զուգահեռ նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ արցախահայության` հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման և նրանց կարիքները հոգալու անհրաժեշտությունը։

Կարդացեք նաև

Back to top button