ԿարևորՄշակույթ

«Խոսող և երգող» տարազներից մինչև ազգային զարդեր․ Պատմության թանգարանի բացառիկ ցուցադրությունը

Հագուստը հիշեցնում է կրողին այն մասին, որ չի կարելի մեղք գործել։ Այսպիսի մի մեսիջ է պարունակում Հայաստանի պատմության թանգարանում ընթացող «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագրով ցուցադրության ամենահին տարազը, որը կրել են հայ կանայք 1465 թվականին՝ Կիլիկյան Հայաստանում․

«Ասեղնագործ գրությունը շատ հետաքրքիր է՝ «Հիշիր վախճանդ և մեղք մի՛ գործիր», սա նշանակում է, որ հայկական տարազը ոչ միայն հագուստ էր, այլեւ կոչ էր անում կրողին սթափ մնալ և մեղք չգործել, որովհետև մի օր բոլորս կանգնելու ենք Աստծո դատաստանի առաջ»,- ասում է Հայաստանի պատմության թանգարանի «Ազգագրության» բաժնի ավագ գիտաշխատող Արտակ Ասատրյանը։

 «Դրվագներ ինքնության. Տարազ» ցուցադրությանը ներկայացված են  թանգարանի հավաքածուներից տարազներ, զարդեր, արխիվային լուսանկարներ։ Դրանք պատկերացում են տալիս, թե Արևելյան ու Արևմտյան Հայաստանների առանձին շրջաններում ինչպե՞ս են մարդիկ հագնվել ու զարդարվել 1465-ից մինչեւ 1930-ականները։ Ներկայացվող ցուցանմուշները պարբերաբար համալրվում են՝ ասում է Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը․

«Ցուցադրության առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ ոչ միայն մշտական ցուցադրության ցուցանմուշներ են, այլև տարազներ, որոնք առաջին անգամ են ցուցադրվում այցելուներին, հիմնականում նոր են մանկական և տղամարդկանց տարազները»,-ասում է Արուսյակ Ղազարյանը։

Մանկական տարազների կողքին տեղադրված են հատուկ ականջակալներ, որոնցով այցելուները կարող են լսել այն օրորոցային երաժշտությունը, որը բնորոշ է եղել մանկական տվյալ տարազը կրելու ժամանակաշրջանին։ Իսկ ամենանոր տարազը թանգարանը ձեռք է բերել բոլորովին վերջերս, այն թանգարանին է փոխանցել տարազը կրող կնոջ թոռնուհին, հագուստն Ախալցխայից է։ «Առհասարակ Ախալցխայի տարազները շատ ճոխ են, և այդ է պատճառը, որ գրավում են այցելուների ուշադրությունը»,- ասում է Արուսյակ Ղազարյանը։

Արևմտյան Հայաստանի տարազները տարբերվում են, դրանք ավելի ճոխ են։ Դրանց շատ բնորոշ են թալիսմանները․ հագուստների վրա որպես թալիսման երբեմն ամրացվել են, օրինակ, խխունջներ։ Ցուցադրության շարքում են երկու տարազներ, որոնք պատկանել են արևմտահայ գրող Սիամանթոյի մորը, դրանք կարված են ավելի պարզ՝ եվրոպական ոճով։ Շատ յուրաոճ են Սյունիքի և Արցախի տարազները, որոնց բնորոշ են գոտիները և ճարմանդները։ Ազգային տարազի յուրահատկություններից են վառ գույները, երկար փեշը, արծաթաթել ասեղնագործությունը և, իհարկե, զարդերը, որոնց շարքում հաճախ կարելի է հանդիպել եռանկյունաձև լուծումների, դա ունի իր բացատրությունը, ասում է Արտակ Ասատրյանը․

«Ճիշտ նկատեցիք, եռանկյունին կարևոր սիմվոլիկա ունի հայկական տարազների մեջ, և եթե զարդի մեջ գագաթը վեր եռանկյունի կա, ապա այն խորհրդանշում է արական սկիզբ, իսկ գագաթը վար եռանկյունին՝ իգական սկիզբ է խորհրդանշում»,-ասում է Արտակ Ասատրյանը։

Հայաստանի պատմության թանգարանի ջանքերով կրկնօրինակվել են մի շարք հայկական հին զարդեր։ Յուրահատուկ զարդամոտիվներով պատրաստվել են հուշանվերներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անձնագիրը, որում նշված է, թե տվյալ զարդը որ ժամանակաշրջանին և տարածքին է բնորոշ եղել։ Թանգարանը միայն զարդերով չի սահմանափակվել և ունի ևս մեկ հետաքրքիր նախաձեռնություն իր այցելուների համար․

«Ցուցադրության մեջ կարող եք տեսնել բնօրինակ դաջեր, որովհետև հայկական տարազները ոչ միայն ասեղնագործության եղանակով են զարդարվել, այլև նախշերի միջոցով, որոնք դաջվել են հագուստին։ Մենք կրկնօրինակել ենք նաև այդ դաջերը, և այցելուները հնարավորություն ունեն ընտրելու այս կամ այն ժամանակաշրջանի նախշը և այն դաջելու շապիկի, պայուսակի կամ ինչի վրա ցանկանան»,-ասում է Արուսյակ Ղազարյանը։

Զրուցակիցներիս կարծիքով՝ առհասարակ վերջին շրջանում հայ երիտասարդությունը սկսել է նախընտրել հայկական զարդանախշերով հագուստ։ Հատկապես նորաոճ են դարձել հայկական մոտիվներով պատրաստված զարդերը։ Դրվագներ ինքնության. Տարազ» ցուցադրությունը բաց կլինի մինչև հոկտեմբերի վերջ, ցուցադրությանը զուգահեռ ամեն ուրբաթ ցուցադրության հարակից սրահում կշարունակվեն թեմատիկ դասախոսությունները, որոնց եւս կարող են մասնակցել այցելուները։

Կարդացեք նաև

Back to top button