
Համընդհանուր ներառման անցած կրթական համակարգը դեռևս մատչելիության խնդիր ունի։ Հաշմանդամություն ունեցող երեխաների համար հասանելի կրթություն ասելով հիմնականում կամ առաջին հերթին նկատի ունենք դպրոցում թեքահարթակի առկայությունը։ Մինչդեռ այդ հասնելիությունը շատ ավելի լայն ընդգրկում ունի։ Դասապրոցեսի, դասագրքերի մատչելիության հարցը շարունակում է բաց մնալ։ Ինչքանով է հասանելի ներառական կրթությունը և ինչ լուծումներ կան՝ բացերը լրացնելու համար։
Նա «լսում է» շուրթերին նայելով, «տեսնում»՝ աշխարհի ձայները որսալով, «խոսում»՝ ձեռքի շարժումներով։ Հասարակությունը հիմնականում նրան չի հասկանում, նրա համար տեսանելի չէ։ Բայց սա միայն նրա՝ հաշմանդամություն ունեցող երեխայի խնդիրը չէ։
ԿԳՄՍ նախարարության տվյալներով Հայաստանի դպրոցներում սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 7000 երեխա։ Այս տարի վերջին երկու՝ Արարատի և Վայոց ձորի մարզերը ևս անցան համընդհանուր ներառական կրթության։ Արդյունքում՝ բոլոր երեխաները կարող են սովորել իրենց համայնքում գտնվող դպրոցներում։ Սակայն որքանո՞վ է տեսական հնարավորությունը կիրառելի գործնականում։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաճյան․
«Այն երեխաները, որոնք զարգացման ավելի թեթև խանգարումներ ունեն, բնականաբար ներառական կրթություն իրականացվող դպրոցներում շատ սահուն իրենց կրթությունը ստանում են։ Բայց մեր փորձը ցույց է տալիս, որ առավել արտահայտած դժվարություններ ունեցող երեխաների հետ հանրակրթական դպրոցներում դեռևս խնդիրների են բախվում ուսուցիչները, ծնողները, երբեմն նաև հասակակիցները»։
Հարմարեցված դպրոց ասելով առաջին հերթին հասկանում են թեքահարթակի առկայությունը։ Չնայած այս հարցում ևս բացերը շատ են, բայց անգամ դրանց առկայությունը բավարար չէ։ Դպրոց հասնող երեխան պետք է կարողանա նաև սովորել. դասապրոցեսը, դասագրքերը պետք է հարմարեցվեն հաշմանդամություն ունեցող աշակերտներին։ Սվաճյանի խոսքով՝ այս հարցը դպրոցներն ինքնուրույն կարող են լուծել․
«Մեր երկրում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար գործում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ, ինչը նշանակում է, որ դպրոցը ստանում է լրացուցիչ ֆինանսավորում նրանց կրթությունը կազմակերպելու և նրանց համար այս առանձնահատուկ պայմանները ապահովելու համար։ Իհարկե մենք չենք կարող ասել, որ բոլոր դպրոցներում ունենք բոլոր անհրաժեշտ հարմարությունները, սակայն ինչ–որ տեղ սա մնում է նաև դպրոցի նախաձեռնությանը։ Կարծում եմ՝ երեխայի համար տրամադրվող ֆինանսավորման բարձրացված չափականակի շրջանակում դպրոցի տնօրինությունը ևս կարող է որոշել, թե տվյալ երեխան ինչի կարիք ունի և ապահովել այդ հարմարությունները»։

ԿԳՄՍ ներկայացուցիչը նշում է՝ իրենց դիտարկումները ցույց են տվել, որ ֆինանսները հիմնականում ծախսվում են մանկավարժահոգեբանական ծառայությունների վրա, իսկ երեխաներին աջակցող տեխնոլոգիաներով ապահովելը շարունակում է ապագայի պլան մնալ։
«Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի «Կայծ» սոցիալական նորարարությունների ինկուբատորի հայտարարած մրցույթը ակնկալում էր կրթական բարեփոխման նոր գաղափարներ ստանալ։ Հաղթող «Հավասար» ստարտափի հեղինակները իրենց ծրագրի հիմքում դրել են հենց այդ խնդիրը։ Ստարտափի գործադիր տնօրեն 21-ամյա Ամալյա Հարությունյանը նշում է՝ իրենց խնդիրը հստակ էր՝ դասագրքերը հարմար չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Արդյունքում ստեղծվեց «Հավասար»-ը․
«Հավասարը կրթական հավելված է, որը պարունակում է հանրակրթական դասագրքերի նյութերը՝ հարմարեցված լսողության, տեսողության և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար։ Մասնավորապես՝ մենք ստեղծում ենք ժեստերի լեզվով ադապտացված վիդեոդասեր լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար, ադապտացված աուդիոդասեր՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար և արդեն գրաֆիկական լուծումներով պարզեցված, հեշտ ընթերցվող նյութերով դասեր՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար»։
Պիլոտային փուլում հարմարեցրել են «Մաթեմատիկա» և «Այբբենարան» գրքերի առաջին դասարանի առաջին կիսամյակի ծրագրերը։ Առաջնային նպատակը հիմնական առարկաները մատչելի դարձնելն է, բայց հեռանկարում նպատակ ունեն ստեղծել բոլոր դասագրքերի հարմար տարբերակները ։
Հավելվածից կարելի է օգտվել սեպտեմբերի 24–ից։ Մինչև այդ թիմի անդամ Ալլա Հակոբյանը «Ռադիոլուր»-ին ցույց է տալիս՝ ինչ է գտնելու երեխան այդ հավելվածում։ Ի դեպ՝ աշակերտները ծրագրից օգտվելիս հենց այս ձայնն են լսելու․
«Հավելված մուտք գործելիս տեսնում ենք շատ գեղեցիկ ֆոնով պատկեր, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն է ստանում ընտրելու իր համար մատչելի կերպարը։ Կերպարների ընտրությունից հետո արդեն առարկան ընտրելու հնարավորություն է ստանում, իր առջև բացվում է պատուհան, որտեղ էլ ներառված են տվյալ առարկայի վերաբերյալ նյութերը»։
Հավելվածը հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին կփորձարկվի Երևանի դպրոցներից մեկում։ Մհեր Բաղդասարյանը նշում է՝ կարևոր նպատակը կրթական գերատեսչության հետ համագործակցությունն է․
Մենք նպատակ ենք դրել մեր առաջ կայուն համագործակցություն ստեղծել ԿԳՄՍ նախարարությն հետ, ցանկանում ենք հավելվածը ճանաչվի որպես ուսումնաօժանդակ նյութ, որպեսզի այն ազատորեն կարողանա կիրառվել հանրակրթական դպրոցներում»։
Ստարտափի հեղինակները գիտեն՝ մի հավելվածով գարուն չի գա, բայց դժարությունը չի ենթադրում անգործություն։ Ամալյան հարց ունի՝ ինչու՞ բողոքել դժվարությունից բոլոր դպրոցներում, օրինակ, ժեստերի լեզվի դասընթաց ներառելու փոխարեն։ Ասում է՝ եթե հասարակությունն ընդունի ներառական կրթությունը որպես գաղափարախոսություն, ոչ թե ծրագիր, կարվի իդեալական դպրոց ունենալու առաջին քայլը․
«Իդեալական դպրոցն այն վայրն է, որտեղ բացի ֆիզիկական հարմարություններից, որը ենթադրում է, որ ցանկացած խնդրով երեխա կարողանա մինիմում մուտք գործել դպրոց, երեխան կարողանա նաև մասնակցի լիարժեք դասերին, իր սոցիալական պահանջմունքները ապահովի, այսինքն՝ կարողանա լիարժեք շփվել հասակակիցների հետ։ Արտադպրոցական էքսկուրսիաների, միջոցառումների մասնակցելու որևէ խնդիր չունենա և այլն, այսինքն դպրոց, որտեղ ես երբեք չեմ զգա, որ իմ խնդիրը առաջացնում է անհավասարություն»։
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ խնդիրը լուծելու համար այս տարի արվել են հետազոտություններ․ հավաքագրված տվյալների հիման վրա այժմ աջակցող տեխնոլոգիաների կատալոգ է մշակվում։ Հուսով են, որ դրա հիման վրա հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման համար պատասխանատու մյուս գերատեսչությունը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ավելի շատ աջակցող սարքեր կտրամադրի, որոնք կիրառելի կլինեն հանրակրթական դպրոցներում։





